Հոդված 50. Հայտի նախնական փորձաքննությունը
Հոդված 50. Հայտի նախնական փորձաքննությունը
1. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո պետական լիազոր մարմինը եռամսյա ժամկետում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:
2. Նախնական փորձաքննության շրջանակներում պետական լիազոր մարմինն ստուգում է`
1) հայտի համապատասխանությունը սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին.
2) լրացուցիչ նյութերի (առկայության դեպքում) բովանդակությունը պարզելու համար՝ արդյոք դրանք չեն փոխում գյուտի էությունը.
3) գյուտի առարկայի արտոնագրաունակությունը սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով.
4) առաջին հայացքից հայտի համապատասխանությունը սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված պահանջներին.
5) սույն օրենքով նախատեսված առաջնության խնդրարկման համար սահմանված պահանջների կատարումը և, անհրաժեշտության դեպքում, սահմանում է խնդրարկվող առաջնությունը.
6) սույն օրենքով սահմանված ներկայացուցչությանը վերաբերող պահանջների կատարումը:
3. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում` ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ: Այս դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը:
4. Հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտատուն նախապես չի հրաժարվել իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից:
5. Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում:
6. Եթե խախտված է սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` հայտում բացակայում են հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկություններ, և այդ բացթողումը չի վերացվել հայտի ներկայացման թվականից, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն` առաջնության թվականից հաշված՝ 16 ամսվա ընթացքում, ապա հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:
7. Առաջնության խնդրարկման համար սույն օրենքով սահմանված պահանջները հայտատուի կողմից չկատարելը հանգեցնում է տվյալ հայտով առաջնության իրավունքի կորստին:
8. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտի, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ՝ այդ խմբի գյուտերից որևէ մեկի առարկան սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով արտոնագրաունակ չէ, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ հայտով արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին և նշված ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները և (կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:
9. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն հոդվածի 8-րդ մասում նշված ծանուցագրին կամ պատասխանում է, սակայն պետական լիազոր մարմինը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում բերված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, ապա որոշում է կայացվում ներկայացված հայտով արտոնագիր տալը մերժելու մասին՝ որոշման մեջ նշելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները: Արտոնագիր տալը մերժելու մասին՝ սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելուց հետո պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
10. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում: Միասնության պահանջի խախտման մասին ծանուցումը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ:
11. Զատված հայտի ձևակերպման և ներկայացման նկատմամբ Կարգով նախատեսված պահանջների խախտման ու սահմանված ժամկետում հայտատուի կողմից անհրաժեշտ ճշգրտումները և ուղղումները չներկայացվելու դեպքում զատված հայտը համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է հայտատուն:
12. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական տուրքը չլրավճարելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:
13. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը պետական լիազոր մարմին չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:
14. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները սահմանված ժամկետում հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, բացառությամբ սույն օրենքի 80-րդ և 81-րդ հոդվածներում նշված դեպքերի:
15. Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա պետական լիազոր մարմինը`
1) գյուտի արտոնագիր ստանալու հայտի դեպքում որոշում է կայացնում սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված ժամկետում հայտի հրապարակման մասին, որի մասին ծանուցում է հայտատուին.
2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի դեպքում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող հանրամատչելի դարձած տեխնիկայի համապատասխան բնագավառի լուծումները, ստուգում է գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին, որի արդյունքում որոշում է կայացնում կարճաժամկետ արտոնագիր տալու կամ կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին: Պետական լիազոր մարմնի տրամադրության տակ գտնվող հանրամատչելի դարձած տեխնիկայի համապատասխան բնագավառի լուծումների շրջանակները որոշվում են Կարգով:
16. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի դեպքում սույն օրենքի 53-րդ և 54-րդ հոդվածների դրույթները կիրառվում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis):