Հոդված 54. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը
Հոդված 54. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը
1. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից որևէ մեկը չի բավարարում սույն օրենքով նախատեսված արտոնագրաունակության որևէ պայման, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին՝ նշված ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները և (կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:
2. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն հոդվածի 1-ին մասում նշված ծանուցագրին, կամ պատասխանում է, սակայն պետական լիազոր մարմինը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում նշված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, ապա որոշում է կայացնում արտոնագիր տալը մերժելու մասին՝ որոշման մեջ նշելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները: Արտոնագիր տալը մերժելու մասին սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորություններն ամբողջությամբ սպառվելուց հետո պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված ծանուցագրի համաձայն սահմանված եռամսյա ժամկետում ներկայացված պատասխանով հայտատուն հիմնավորապես հերքում է արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ սահմանափակում է իր հավակնությունները, ապա արտոնագիր տալու վերաբերյալ պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով:
4. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինը կայացնում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հայտատուի պատասխանն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում` այդ ժամկետի ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: