Հոդված 64. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ առարկությունը
Հոդված 64. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ առարկությունը
1. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ցանկացած երրորդ անձ կարող է պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ ներկայացնել առարկություն արտոնագիր տալու դեմ:
2. Առարկությունը կարող է ներկայացվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:
3. Առարկությունը պետք է ներկայացվի գրավոր` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Առարկությունը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
4. Ներկայացված առարկությունը կասեցնող ազդեցություն ունի սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված արտոնագրից բխող բացառիկ իրավունքների նկատմամբ:
5. Առարկությունը քննարկվում է դրա ստացման օրվանից՝ եռամսյա ժամկետում:
6. Արտոնագիր տալու դեմ առարկություն ներկայացրած անձը (անձինք), ինչպես նաև արտոնագրատերը կարող են մասնակցել առարկության քննարկմանը:
7. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված յուրաքանչյուր առարկություն բողոքարկման խորհուրդը քննարկում է առանձին վարույթով: Միևնույն հիմքով և միևնույն հիմնավորմամբ մի քանի առարկություն ստանալու դեպքում բողոքարկման խորհուրդը քննարկման է ընդունում դրանցից առաջինն ստացածը՝ մյուսները ներկայացրած անձանց ծանուցելով տվյալ հիմքով և տվյալ հիմնավորմամբ ավելի վաղ ստացված առարկության մասին: Ընդ որում, եթե բողոքարկման խորհուրդն ավելի վաղ ստացված առարկությունն արդեն քննարկել և որոշում է կայացրել՝ ծանուցում է նաև այդ որոշման մասին, իսկ դեռևս չքննարկված լինելու դեպքում` ավելի վաղ ստացված առարկության քննարկման օրվա մասին և այդ քննարկմանը նրա մասնակցելու իրավունքի մասին:
8. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ ստացված առարկության մասին բողոքարկման խորհուրդը ծանուցում է արտոնագրատիրոջը` ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում, դրա վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
9. Բողոքարկման խորհուրդը առարկություն ներկայացրած անձին, ինչպես նաև միևնույն հիմքով ավելի ուշ առարկություն ներկայացրած բոլոր անձանց (այդպիսիք լինելու դեպքում), ծանուցում է առարկության վերաբերյալ, սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն, արտոնագրատիրոջ ներկայացրած նկատառումների մասին` անհրաժեշտության դեպքում առաջարկելով ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում, դրանց վերաբերյալ ներկայացնել իրենց դիրքորոշումը:
10. Բողոքարկման խորհուրդը ներկայացված առարկության, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն ստացված նյութերի քննարկման հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) առարկությունը բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին.
2) առարկությունը մերժելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ թողնելու մասին.
3) առարկությունը մասնակիորեն բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագրում ճշգրտումներ կատարելու մասին:
11. Առարկությունը մասնակիորեն բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագրում ճշգրտումներ կատարելու մասին որոշումը բողոքարկման խորհուրդը կայացնում է, եթե արտոնագրատերը համաձայնել է բողոքարկման խորհրդի առաջարկած ճշգրտված հավակնության սահմանման, գյուտի նկարագրության և, համապատասխան դեպքում, գծագրերի հետ, ինչպես նաև վերը նշված առաջարկն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, վճարել է արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրության հրապարակման համար սահմանված պետական տուրքը: Արտոնագրատիրոջ կողմից սահմանված ժամկետում սահմանված պետական տուրքը չվճարվելու դեպքում արտոնագիրը ճանաչվում է անվավեր:
12. Պետական լիազոր մարմինը պաշտոնական տեղեկագրում գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ ստացված առարկության վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ հրապարակում է արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը, որը պարունակում է ճշգրտված նկարագրությունը, հավակնության սահմանումը և, համապատասխան դեպքում, գծագրերը:
13. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված որոշումը շահագրգիռ կողմը կարող է բողոքարկել դատական կարգով` դրա ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում: