Հոդված 68. Լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման պայմանները
Հոդված 68. Լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման պայմանները
1. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է, եթե, սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դիմում է ներկայացվել, և դրա ներկայացման օրվա դրությամբ կատարվել են հետևյալ պայմանները.
1) արտադրանքը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արտոնագրով.
2) արտադրանքը հանդիսանում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օգտագործման գործող թույլտվության առարկա.
3) արտադրանքը նախկինում չի եղել լրացուցիչ իրավական պահպանության առարկա Հայաստանի Հանրապետությունում.
4) սույն մասի 2-րդ կետում նշված թույլտվությունը հանդիսանում է արտադրանքի օգտագործման համար տրված առաջին թույլտվությունը:
2. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման շրջանակներում պետական լիազոր մարմինը կարող է արտոնագրատիրոջն ուղարկել հարցում` պահանջելով լրացուցիչ նյութեր, եթե առանց դրանց դիմումի քննարկումը հնարավոր չէ: Լրացուցիչ նյութերը պետք է արտոնագրատիրոջ կողմից ներկայացվեն վերը նշված հարցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում: Եթե արտոնագրատերը եռամսյա ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը կամ չի ներկայացնում սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սահմանված ժամկետը երկարաձգելու դիմում, ապա լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը չի բավարարվում, որի մասին ծանուցվում է արտոնագրատերը:
3. Եթե կատարված են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման մասին, արտոնագրատիրոջը տալիս է լրացուցիչ պահպանության վկայագիր և դրա մասին տեղեկությունները գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում: Լրացուցիչ պահպանության տրամադրման մասին տեղեկությունները հրապարակվում են պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում:
4. Լրացուցիչ պահպանության վկայագրի հավակնության սահմանումը պետք է ներառի արտոնագրված գյուտի հատկանիշների այնպիսի համախմբությունը, որը բնութագրում է այն արտադրանքը, որի օգտագործման համար ստացվել է թույլտվությունը:
5. Միևնույն արտադրանքին վերաբերող մի քանի արտոնագրերի արտոնագրատերը լրացուցիչ իրավական պահպանություն կարող է ստանալ միայն դրանցից մեկի արտոնագրով: Սակայն, եթե քննարկման փուլում գտնվող, միևնույն արտադրանքին վերաբերող երկու և ավելի դիմումները պատկանում են տարբեր արտոնագրերի երկու և ավելի արտոնագրատերերին, ապա նրանցից յուրաքանչյուրը տվյալ արտադրանքի համար կարող է ստանալ լրացուցիչ պահպանության վկայագիր:
6. Գյուտերի արտոնագրերին վերաբերող սույն օրենքի դրույթները լրացուցիչ պահպանության վկայագրի նկատմամբ կիրառվում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis)` իրար հակասող դրույթների բացակայության դեպքում: