Հոդված 57. Lիցենզիայի տրամադրումը
Հոդված 57. Lիցենզիայի տրամադրումը
1. Արտոնագրատերը (լիցենզատուն) լիցենզային պայմանագրով թույլատրում է մեկ այլ անձի (լիցենզառուին) արտոնագրով պահպանվող արդյունաբերական դիզայնը պայմանագրով նախատեսված ծավալով, ժամկետում ու տարածքում օգտագործել, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին վճարել պայմանագրով սահմանված վճարները և իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:
2. Բացառիկ լիցենզիայի դեպքում արդյունաբերական դիզայնի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին տրամադրվում է պայմանագրով որոշված սահմաններում (ծավալով, ժամկետում ու տարածքում)․ ընդ որում, լիցենզատուն պահպանում է արդյունաբերական դիզայնի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի տրամադրվել լիցենզառուին:
3. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական դիզայնի օգտագործման իրավունքը լիցենզառուին տրամադրելով, պահպանում է իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ երրորդ անձանց հասարակ լիցենզիա տրամադրելու իրավունքը:
4. Լիցենզիան ենթակա է գրանցման պետական լիազոր մարմնում Կառավարության սահմանած կարգով, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը․
1) լիցենզիան գրանցելու մասին դիմումը.
2) լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածք կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից.
3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում)։
Պետական լիազոր մարմնում չգրանցված լիցենզիան անվավեր է:
5. Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները․
1) լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).
2) լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).
3) արդյունաբերական դիզայնի արտոնագրի համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան.
4) լիցենզիայի տեսակը.
5) արդյունաբերական դիզայնները, որոնց համար տրամադրվում է լիցենզիան.
6) լիցենզիայի գործողության ժամկետը.
7) լիցենզիայի գործողության տարածքը։
6. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում լիցենզիան գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում։
7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված լիցենզիայի պայմանների հետագա փոփոխությունները, ինչպես նաև լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցվում են պետական համապատասխան գրանցամատյանում, որոնց համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը․
1) դիմում՝ լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը գրանցելու մասին.
2) լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից:
8. Սույն հոդվածում նշված դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը:
9. Սույն հոդվածով նախատեսված դիմումները չեն կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել լիցենզիայի կամ դրա փոփոխությունների գրանցման օգտին:
10. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումների որևէ նշման կամ փաստաթղթի հավաստիության հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:
11. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ենթալիցենզիաների և օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։
12. Լիցենզային պայմանագրի, այդ թվում՝ ֆրանչայզինգի, և իրավունքի փոխանցման մասին պայմանագրի գրանցման հետ կապված պետական լիազոր մարմնի որոշումները դրանց ընդունման օրվանից՝ եռամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ կամ դատական կարգով։