Հոդված 7. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից։
Փաստաբանների պալատի խնդիրներն են`
1) պայմաններ ստեղծել իր անդամների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
2) պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
3) կազմակերպել իր անդամների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.
4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.
5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.
6) ապահովել սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնության իրականացումը։
Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ։