Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագիրը սահմանում է հետագծելիության մեխանիզմի գործունեության կարգը:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ, համապատասխանաբար՝ Հանձնաժողով, ցանկ) ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված հետևյալ ապրանքների նկատմամբ.
1) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ,
2) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ),
3) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին,
4) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքներ:
3. Այն հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված ապրանքները ենթակա են հետագծելիության, որոշվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
4. Ցանկը պետք է պարունակի ապրանքի անվանումը, 10 նիշ ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, ինչպես նաև հետագծելիություն իրականացնելու նպատակներով օգտագործվող ապրանքի քանակական չափման միավորը (այսուհետ՝ ապրանքի քանակական չափման միավոր):
Ցանկը հաստատելու կամ դրանում փոփոխություններ (բացի ապրանքը ցանկից հանելու հետ կապված փոփոխություններից) կատարելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:
5. Սույն Համաձայնագրի գործողությունը չի տարածվում՝
1) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած), (վերամշակման արդյունքներ, թափոններ և մնացորդներ) և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.
2) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.
3) «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վրա.
4) այն ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումը, ձեռքբերումը, փոխանցումը կամ օտարումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է անձնական, ընտանեկան, ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով.
5) այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են պաշտոնական օգտագործման համար Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններում պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից, որոնք օգտվում են արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից`համաձայն երրորդ պետությունների հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերի, և անդամ պետությունների և միջազգային կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի համաձայն, որոնցով արտոնություններ և անձեռնմխելիություն է տրվում անդամ պետության տարածքում`այդ անդամ պետության միջազգային պայմանագրերի համաձայն:
6. Հետագծելիություն չի իրականացվում՝
1) մանրածախ առևտրում իրացված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ.
2) հետագծելիության ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնց մասին տեղեկությունները պարունակում են, անդամ պետությունների օրենսդրության համապատասխան, պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվություն.
3) հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում:
7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անձինք և (կամ) այն դեպքերը, երբ անձինք իրավունք ունեն հետագծելիության ազգային համակարգում չներառելու հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ՝ այդպիսի ապրանքներն այդ անձանց և (կամ) դեպքերը սահմանող անդամ պետության տարածքում իրացնելու և (կամ) օգտագործելու պայմանով: