Հոդված 4
Հոդված 4
1. Հետագծելիության ազգային համակարգերի ստեղծումն ու դրանց գործունեության ապահովումն անդամ պետությունների կողմից իրականացվում են սույն Համաձայնագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային տեսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:
2. Հետագծելիության ազգային համակարգերում ներառվում են հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ:
3. Ցանկը հաստատելու (ցանկում փոփոխություններ կատարելու) մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Միության մաքսային տարածքում փաստացի գտնվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ենթակա են հետագծելիության ազգային համակարգերում ներառման՝ Հանձնաժողովի նշված որոշմամբ սահմանվող ժամկետներում և կարգով:
4. Մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու դեպքերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կողմից կարող է սահմանվել նշված տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու կարգ:
5. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում առնվազն այն ծավալով, որն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակման համար:
6. Հետագծելիության ազգային համակարգը պետք է ապահովի՝
1) հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների լրիվությունը.
2) հետագծելիության ենթակա ապրանքների հաշվառումը՝ ցանկով նախատեսված չափման քանակական միավորների օգտագործմամբ.
3) ուղեկցող փաստաթղթի և այն փաստաթղթի միջև փոխկապվածությունը, որի հիման վրա ապրանքների մասին տեղեկությունները ներառվել են հետագծելիության ազգային համակարգում (ապրանքների հայտարարագիր, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթեր).
4) հաջորդ ուղեկցող փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ.
5) հետագծելիության ազգային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը.
6) հետագծելիության ենթակա ապրանքների (ապրանքների խմբաքանակի) փաստաթղթային նույնականացումը անդամ պետությունների օրենսդրության համապատասխան դրանց շրջանառության ժամանակ: