Հոդված 5
Հոդված 5
1. Հետագծելիության ազգային համակարգում ներառվում են տեղեկություններ.
1) ապրանքների հայտարարագրից, ապրանքների հայտարարագրերի ճշգրտումներից, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումից (սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների մասով).
2) այն փաստաթղթերից, որոնց հիման վրա սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված՝ հետագծելիության ենթակա ապրանքները, անդամ պետությունների օրենսդրության համապատասխան, ներառվում են հետագծելիության ազգային համակարգում.
3) ուղեկցող փաստաթղթերից, այդ թվում՝ ճշգրտված ուղեկցող փաստաթղթերից.
4) հետագծելիության վերսկսումը հաստատող փաստաթղթերից՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան.
5) անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված այլ փաստաթղթերից.
6) այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել հետագծելիության ազգային համակարգում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերի նույնականացման հատկանիշների կիրառման մեխանիզմների սահմանման և էլեկտրոնային ձևով ապրանքների կարգավիճակի փոփոխման հնարավորություն՝ առանց նշված դեպքերի համար փաստաթղթերի առանձին տեսակներ հաստատելու:
3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառվում են այն ժամկետներում, որոնք սահմանվում են՝
1) Հանձնաժողովի կողմից՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված, փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.
2) անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված, փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.
3) անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով՝ սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված, փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ:
4. Այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից տեղեկություններն անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում ներառվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետներում:
5. Տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգ մուտքագրելու համար պատասխանատու անձինք սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
6. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում պահպանելու ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
7. Սույն Համաձայնագրին համապատասխան հետագծելիությունն ապահովելու նպատակներով օգտագործվում են տեղեկություններ, այդ թվում՝ այն ապրանքների հայտարարագրերից, որոնց փոխանակումն իրականացվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան: