Հոդված 15
Հոդված 15
Փոխանցումները
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երաշխավորում է, որ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի՝ իր տարածքում ներդրման հետ կապված բոլոր փոխանցումները ազատորեն կկատարվեն դեպի իր տարածք և իր տարածքից դուրս՝ առանց հետաձգման։ Այդ փոխանցումները մասնավորապես, սակայն ոչ բացառապես, ներառում են.
a) ներդրման պահպանման կամ ընդլայնման համար սկզբնական կապիտալը և լրացուցիչ գումարները.
b) շահույթները, տոկոսը, կապիտալի հավելաճը, շահաբաժինները, ռոյալթիները, վճարները և ներդրումներից ստացվող այլ ընթացիկ եկամուտները.
c) պայմանագրից բխող վճարումները, ներառյալ ներդրումների հետ կապված փոխառության վճարումները.
d) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացվող միջոցները.
e) օտարերկրյա անձնակազմի աշխատավարձը և վարձատրությունները, որի աշխատանքը կապված է առաջին Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումների հետ.
f) 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն կատարվող վճարումները, և
g) վեճի լուծումից բխող վճարումները։
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի, որ նման փոխանցումները կկատարվեն առանց հետաձգման, ազատ փոխարկելի արժույթներով՝ փոխանցման ամսաթվին գործող շուկայական փոխարժեքով:
3. Չհակասելով 1-ին և 2-րդ կետերին՝ Պայմանավորվող կողմը կարող է հետաձգել կամ կանխել փոխանցումը համարժեք, ոչ խտրական և բարեխիղճ ձևով կիրառելով իր օրենքներն ու կանոնակարգերը, որոնք առնչվում են՝
a) սնանկությանը, անվճարունակությանը կամ պարտատերերի իրավունքների պաշտպանությանը.
b) արժեթղթերի, ֆյուչերսների, օպցիոնների կամ ածանցյալ գործիքների թողարկմանը, առքուվաճառքին կամ դրանցով գործառնությունների կատարմանը.
c) քրեական կամ այլ իրավախախտումներին.
d) արժութային կամ այլ դրամական գործիքների փոխանցման վերաբերյալ հաշվետվություններին կամ հաշիվների վարմանը, երբ անհրաժեշտ է աջակցել իրավապահ կամ ֆինանսական հարցեր կարգավորող մարմիններին, կամ
e) արբիտրաժային վարույթներով որոշումների կամ վճիռների կատարման ապահովմանը: