Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակներով՝
a) «ներդրում» եզրույթը նշանակում է՝ ցանկացած տեսակի ակտիվ, որը ներդրողի սեփականությունն է կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է նրա կողմից, ներառյալ՝
i) ձեռնարկություն կամ ձեռնարկության մասնաճյուղ,
ii) բաժնեմասեր, բաժնետոմսեր կամ ձեռնարկության կապիտալում մասնակցության այլ ձևեր,
iii) պարտատոմսեր, չապահովված պարտատոմսեր, փոխառություններ ու պարտքի այլ տեսակներ,
iv) ֆյուչերսներ, օպցիոններ և այլ ածանցյալ գործիքներ,
v) պայմանագրերից բխող իրավունքներ, ներառյալ` «Թըրնքի (Turnkey)», շինարարական, կառավարման, արտադրության կամ եկամուտների բաշխման մասին պայմանագրերը,
vi) դրամական պահանջներ և պահանջներ ֆինանսական արժեք ներկայացնող պայմանագրի ցանկացած գործողության նկատմամբ.
vii) մտավոր սեփականության իրավունքներ, ներառյալ` հեղինակային իրավունքները և հարակից իրավունքները, արտոնագրային իրավունքները և օգտակար մոդելների, ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների, բույսերի նոր սորտերի, ֆիրմային անվանումների նկատմամբ իրավունքները, ծագման մասին նշումները կամ աշխարհագրական տեղանուններն ու չբացահայտված տեղեկատվությունը,
viii) օրենքներով ու կանոնակարգերով կամ պայմանագրերով վերապահված այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են` կոնցեսիաները, լիցենզիաները, լիազորություններն ու թույլտվությունները, ներառյալ բնական ռեսուրսների ուսումնասիրությունների և շահագործման համար տրվողները, և
ix) ցանկացած այլ նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ գույք և դրա հետ կապված ցանկացած գույքային իրավունքներ, ինչպիսիք են` վարձակալությունը, հիփոթեքը, գրավը և գրավականը:
Ներդրումը ներառում է ներդրումներից ստացված գումարները, մասնավորապես` շահույթը, տոկոսը, կապիտալի հավելաճը, շահաբաժինները, ռոյալթիները և վճարները։ Ակտիվների ներդրման ձևի փոփոխությունը չի ազդում դրանց բնույթի վրա՝ որպես ներդրումի.
b) «ներդրումային համաձայնագիր» եզրույթը նշանակում է՝ մի Պայմանավորվող կողմի կենտրոնական կամ տեղական կառավարման մարմնի կամ իշխանության և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կամ նրա ներդրումի, որն առաջին Պայմանավորվող կողմի տարածքում հանդիսանում է ձեռնարկություն, միջև գրավոր համաձայնություն, որը հիմք է հանդիսանում ներդրողի կամ ներդրման համար առաջին Պայմանավորվող կողմում ներդրում կատարելու կամ ձեռք բերելու մասով:
Գրավոր համաձայնությունը վերաբերում է երկու Կողմերի կողմից մեկ կամ մի քանի փաստաթղթերով կատարվող գրավոր համաձայնագրին, որով նախատեսվում են երկու Կողմերի համար պարտադիր փոխադարձ իրավունքներ և պարտավորություններ՝ 24-րդ հոդվածի 11-րդ կետի (b) ենթակետին համապատասխան կիրառելի օրենքի համաձայն: Առավել հստակության համար՝ վարչական կամ դատական մարմնի միակողմանի ակտը, ինչպիսիք են` Պայմանավորվող կողմի կողմից միայն իր կարգավորիչ իրավասության սահմաններում տրվող թույլտվությունը, լիցենզիան կամ լիազորությունը կամ առանձին որոշումը, հրամանը կամ վճիռը, առանձին վերցրած, և վարչական կամ դատական մարմնի՝ համաձայնության վերաբերյալ որոշումը կամ հրամանը չեն համարվում գրավոր համաձայնագիր.
c) «Պայմանավորվող կողմի ներդրող» եզրույթը նշանակում է.
i) ֆիզիկական անձ, ով ունի այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիություն՝ նրա գործող օրենքների և կանոնակարգերի համաձայն, կամ
ii) այդ Պայմանավորվող կողմի ձեռնարկություն,
որը ցանկանում է կատարել, կատարում է կամ կատարել է ներդրումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում.
d) «ձեռնարկություն» եզրույթը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ անձ՝ կիրառելի օրենքների և կանոնակարգերի համաձայն պատշաճ կերպով հիմնադրված կամ կազմակերպված, շահույթ հետապնդող կամ չհետապնդող և մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ պետության հսկողության ներքո գտնվող, ներառյալ` ցանկացած կորպորացիա, տրեստ, ընկերակցություն, անհատ ձեռնարկատեր, համատեղ գործունեություն, միավորում, կազմակերպություն կամ ընկերություն.
e) «Պայմանավորվող կողմի ձեռնարկություն» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի գործող օրենքների և կանոնակարգերի համաձայն պատշաճ կերպով հիմնադրված կամ կազմակերպված ձեռնարկություն.
f) «ներդրումային գործունեություն» եզրույթը նշանակում է՝ հիմնադրում, ձեռքբերում, ընդլայնում, շահագործում, կառավարում, պահպանում, օգտագործում, տիրապետում և վաճառք կամ այլ ձևով ներդրումների փոխանցում.
g) «տարածք» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի համար այդ Պայմանավորվող կողմի տարածքը և բացառիկ տնտեսական գոտին ու մայրցամաքային շելֆը, որոնց նկատմամբ այդ Պայմանավորվող կողմը, միջազգային իրավունքի համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները կամ իրավազորությունը.
h) «գոյություն ունեցող» եզրույթը նշանակում է՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ գործող.
i) «ազատ փոխարկելի արժույթ» եզրույթը նշանակում է՝ ազատ փոխարկելի արժույթ, ինչպես սահմանված է Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներով.
j) «ԱՀԿ համաձայնագիր» եզրույթը նշանակում է՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագիր՝ ստորագրված 1994 թվականի ապրիլի 15-ին՝ Մարաքեշում.
k) «ՄՍԻԱԱ համաձայնագիր» եզրույթը նշանակում է՝ «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող ասպեկտների մասին» համաձայնագիր՝ ԱՀԿ համաձայնագրի 1(C) հավելվածի համաձայն.
l) «հայցվոր» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի ներդրող, որը մյուս Պայմանավորվող կողմի հետ ներդրումային վեճի կողմ է.
m) «պատասխանող» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմ, որը ներդրումային վեճի կողմ է.
n) «վեճի կողմ» եզրույթը նշանակում է՝ հայցվոր կամ պատասխանող.
o) «վեճի կողմ չհանդիսացող Կողմ» եզրույթը նշանակում է՝ այն Պայմանավորվող կողմը, որը ներդրումային վեճի կողմ չէ.
p) «դատարան» եզրույթը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ ընդհանուր իրավասության դատարան կամ վարչական դատարան, Ճապոնիայի համար՝ Արդարադատության դատարան.
q) «ՆՎԿՄԿ» եզրույթը նշանակում է՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն.
r) «ՆՎԿՄԿ լրացուցիչ միջոցի վերաբերյալ կանոններ» եզրույթը նշանակում է՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի քարտուղարության կողմից գործերի քննության լրացուցիչ միջոցը կարգավորող կանոններ.
s) «ՆՎԿՄԿ կոնվենցիա» եզրույթը նշանակում է՝ «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիա՝ ստորագրված 1965 թվականի մարտի 18-ին Վաշինգտոնում.
t) «Նյու Յորքի կոնվենցիա» եզրույթը նշանակում է «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիա՝ ստորագրված 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում.
u) «ՄԱԿՄԱԻՀ արբիտրաժային կանոններ» եզրույթը նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոններ։