Հոդված 23
Հոդված 23
Վեճի կարգավորումը Պայմանավորվող կողմերի միջև
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամորեն քննարկում և համարժեք հնարավորություն է ապահովում այնպիսի հայտարարությունների հետ կապված խորհրդակցությունների համար, որոնք մյուս Պայմանավորվող կողմը կարող է անել սույն Համաձայնագիրն իրականացնելու վրա ազդող ցանկացած հարցի հետ կապված:
2. Սույն Համաձայնագիրը մեկնաբանելու և կիրառելու հետ կապված՝ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ, որը պատշաճ կերպով չի կարգավորվել դիվանագիտական ուղիներով, որոշման համար ուղղվում է արբիտրաժային խորհրդին: Նման արբիտրաժային խորհուրդը ստեղծվում է յուրաքանչյուր վեճի համար՝ հետևյալ կերպով: Վեճը մյուս Պայմանավորվող կողմից արբիտրաժային քննության հանձնելու մասին ծանուցումը Պայմանավորվող կողմերից ցանկացածի կողմից ստանալու օրվանից հետո՝ վաթսուն օրվա ընթացքում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ արբիտր: Երկու արբիտրներն ընտրում են երրորդ արբիտրին, որը, երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, նշանակվում է նախագահ՝ պայմանով, որ երրորդ արբիտրը չպետք է լինի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի: Նախագահը նշանակվում է մյուս երկու արբիտրների նշանակման օրվանից հետո՝ վաթսուն օրվա ընթացքում:
3. Եթե 2-րդ կետում նշված անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել այդ կետում նշված ժամկետներում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հաագայի Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղարին՝ կատարելու համար նման նշանակումները, եթե այլ համաձայնություն ձեռք չի բերվել:
4. Արբիտրաժային խորհուրդը Պայմանավորվող կողմերի հետ խորհրդակցելուց հետո սահմանում է իր սեփական ընթացակարգային կանոնները: Արբիտրաժային խորհուրդը վեճի վերաբերյալ որոշում է կայացնում սույն Համաձայնագրին և միջազգային իրավունքի՝ խնդրո առարկայի նկատմամբ գործող կանոններին և սկզբունքներին համապատասխան: Արբիտրաժային խորհուրդը ողջամիտ ժամկետում պետք է կայացնի իր որոշումը՝ ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը վերջնական է և պարտադիր:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր ընտրած արբիտրի և արբիտրաժային վարույթում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Արբիտրաժային խորհրդի նախագահի՝ իր պարտականությունները կատարելու հետ կապված ծախսերը և արբիտրաժային խորհրդի մնացած ծախսերը կրում են Պայմանավորվող կողմերը՝ հավասարապես: