Հոդված 11. Վարկային տեղեկատվությունը
Հոդված 11. Վարկային տեղեկատվությունը
1. Վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
2. Վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության ցանկը, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների ցանկը սահմանվում են վարկային բյուրոյի և տեղեկատվություն տրամադրողի միջև կնքված պայմանագրով, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կողմից վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների նվազագույն ցանկը կարող է սահմանվել նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար վարկային բյուրոյին համապատասխան պատասխանատու մարմինը պարտավոր է տվյալներ տրամադրել նաև հանրային տվյալների բազաներից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հանրային տվյալների բազաների ցանկը, ինչպես նաև այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինը:
4. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ վարկային բյուրոյի տրամադրելու դեպքում տվյալ վարկային բյուրոն պարտավոր է այդ տեղեկատվությունն ստանալու պահից երկու օրվա ընթացքում դրանք տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ վարկային բյուրոներին:
5. Վարկային բյուրոն չի կարող հավաքել և տրամադրել տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին: Վարկային բյուրոն չի կարող հավաքել սուբյեկտիվ դատողությունների հիման վրա տվյալներ, ինչպես նաև բանավոր ձևով վարկային բյուրոյին փոխանցված տվյալները:
6. Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում`
1) տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) և գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում.
2) վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
(11-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-133-Ն)