Հոդված 16. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը
Հոդված 16. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը
1. Վարկային զեկույցների և վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող տվյալներ պարունակող այլ ծառայությունների ստացումը վարկային բյուրոյից իրականացվում է վարկային տեղեկատվության սուբյեկտի գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) համաձայնությամբ:
2. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը պետք է լինի հստակ: Համաձայնության մեջ պետք է առկա լինի վարկային տեղեկատվություն ստացողի անվանումը (վարկային զեկույց ստացողը ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը), սույն օրենքով սահմանված վարկային զեկույցի օգտագործման կոնկրետ նպատակը:
3. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր անգամ վարկային զեկույց ստանալիս, բացառությամբ այն դեպքի, երբ այդ համաձայնությունը տրվել է տվյալ հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածի համար:
4. Վարկային զեկույց ստանալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության բացակայության, վարկային զեկույցները սույն օրենքով սահմանված նպատակներով չօգտագործելու համար պատասխանատվություն կրում են վարկային զեկույց ստացողները:
5. Վարկային բյուրոն ցանկացած ժամանակ վարկային զեկույցի հարցման դեպքում իրավունք ունի պահանջելու վարկային զեկույց ստացողից վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության առկայությունը հավաստող փաստաթուղթը:
6. Վարկային բյուրոներն իրենց հաճախորդների հետ պայմանագրերում պետք է սահմանեն այն ձևերը, որոնց միջոցով պետք է ստուգվեն և ուսումնասիրվեն այդպիսի համաձայնությունների առկայությունը:
7. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության և սույն օրենքով սահմանված նպատակներից տարբերվող այլ նպատակներով վարկային զեկույցների ստացումը վարկային զեկույց ստացողների համար առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:
8. Վարկային զեկույցում պետք է նշվեն վարկային զեկույց տրամադրող վարկային բյուրոյին, վարկային զեկույց ստացողներին, վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող, ինչպես նաև ըստ գործունեության ոլորտի (գործունեության տեսակի) վարկային տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ տվյալներ: Վարկային զեկույցում ներառվող տվյալների ցանկը կարող է սահմանել Կենտրոնական բանկի խորհուրդը:
9. Վարկային զեկույց ստացողը պարտավոր է վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը հավաստող փաստաթուղթը պահպանել այդ համաձայնության համաձայն ստացված վարկային զեկույցի հիման վրա ծագած հարաբերությունների դադարման պահից առնվազն 36 ամիս:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.11 ՀՕ-180-Ն)