Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 26. Վարկային բյուրոյի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Վարկային բյուրոյի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`

1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

2) տուգանք՝ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.

3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ կարող է կիրառել նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական, եթե վարկային բյուրոն՝

1) սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումներով է ծառայություններ մատուցում վարկային զեկույց ստացողներին և վարկային տեղեկատվության սուբյեկտներին.

2) խախտել է հաշվապահական հաշվառման կանոնները, ֆինանսական և այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները.

3) սույն մասի 2-րդ կետում նշված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տվյալներ է արտացոլել:

3. Նախազգուշացմամբ և խախտումները վերացնելու հանձնարարականով Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ և որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ: Նախազգուշացմամբ տրված հանձնարարականը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:

4. Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ նշանակում է տուգանք, եթե վերջինս`

1) սահմանված ժամկետում չի կատարել Կենտրոնական բանկի՝ խախտումները վերացնելու հանձնարարականը.

2) մեկ տարվա ընթացքում թույլ է տվել երկու և ավելի` սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումներ.

3) խախտել է վարկային բյուրոյին ներկայացվող տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները:

5. Կենտրոնական բանկը կարող է ուժը կորցրած ճանաչել վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան, եթե՝

1) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ Կենտրոնական բանկի կողմից վարկային բյուրոյի նկատմամբ կիրառվել է տուգանք պատասխանատվության միջոցը.

2) խախտվել են վարկային բյուրոյի տվյալների բազային ներկայացվող անվտանգության պահանջները:

6. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել տվյալ սուբյեկտի գործունեությունը կարգավորող օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:

7. Եթե Կենտրոնական բանկի կողմից տվյալ լիցենզավորված անձի գործունեությունը կարգավորող օրենքով սույն օրենքը և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն նախատեսված չէ, ապա Կենտրոնական բանկը կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները՝

1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

2) տուգանք՝ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.

3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում Կենտրոնական բանկը կիրառում է՝

1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական, եթե տվյալ անձը խախտել է սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտի դրույթները.

2) տուգանք, եթե տվյալ անձը վարկային բյուրո է ներկայացրել սխալ վարկային տեղեկատվություն կամ վարկային բյուրոյից վարկային զեկույց է ստացել առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության, կամ մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ պատասխանատվության է ենթարկվել սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար.

3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում, եթե անձը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության է ենթարկվել վարկային բյուրո սխալ վարկային տեղեկատվություն ներկայացնելու կամ առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային բյուրոյից վարկային զեկույց ստանալու համար:

9. Սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը վարկային բյուրոյին և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց չի ազատում այլ օրենքներով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։