Հոդված 54. Ընկերության բաժնետերերի ռեեստրը
Հոդված 54. Ընկերության բաժնետերերի ռեեստրը
1. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով ընկերությունը վարում է բաժնետերերի և իր այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը, որում նշվում են բաժնետիրոջ (այլ արժեթղթերի սեփականատիրոջ) մասին հետևյալ տվյալները`
լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը).
իրավաբանական անձանց համար` գրանցման և փոստային հասցեն և հաշվարկային հաշիվը, ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները և փոստային հասցեն.
արժեթղթերի քանակը ըստ տեսակների և ձևերի, այդ թվում` լրիվ վճարված.
բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) ձեռքբերման ամսաթիվը և հիմքերը.
բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) օտարման ամսաթիվը և հիմքերը.
ռեեստրի մեջ գրանցման ամսաթիվը:
2. Ընկերությունը պարտավոր է ապահովել ռեեստրի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով վարումը և պահպանումն ընկերության պետական գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում: Ընկերության ռեեստրը վարվում և պահպանվում է ընկերության և/կամ նրա հանձնարարությամբ այլ` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ընկերությունը պարտավոր է հանձնարարել ռեեստրի վարման և պահպանման գործը համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը:
3. Ռեեստրի վարումը և պահպանումը մասնագիտացված կազմակերպությանը հանձնարարած ընկերությունն ազատվում է այն վարելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից:
4. Բաժնետերը, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատերը պարտավոր են ընկերության ռեեստրը վարողին ժամանակին տեղեկացնել իրեն վերաբերող սույն հոդվածով սահմանված տվյալների փոփոխության մասին: Նշված տվյալները բաժնետիրոջ, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ կողմից չներկայացնելու դեպքում, ընկերությունը և ռեեստր վարող մասնագիտացված կազմակերպությունը պատասխանատվություն չեն կրում բաժնետիրոջը, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջը պատճառված վնասի համար:
(54-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-98)