Հոդված 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ
Հոդված 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ
1. Ապահովագրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ապահովագրական ընկերությունները:
2. Ապահովագրողն իրավունք ունի`
ա) իրականացնել ֆինանսական գործունեության հետ կապված ցանկացած գործառնություններ և կնքել քաղաքացիական-իրավական ցանկացած գործարքներ, եթե դրանք անհրաժեշտ են և նպաստում են ապահովագրական գործունեության իրականացմանը և չեն վտանգում ապահովադիրների և ապահովագրված անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, բացառությամբ բանկային, արտադրական և առևտրային գործունեությունների.
բ) հանդիսանալ արտադրական և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասնակից` իր համալրված կանոնադրական կապիտալի գումարի 20 տոկոսը չգերազանցող չափով, եթե օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով ավելի ցածր սահման նախատեսված չէ.
գ) ապահովագրական ռիսկի գնահատման նպատակով ուսումնասիրել ապահովագրության օբյեկտը, գույքի ապահովագրության պայմանագիր կնքելիս զննել ապահովադրի գույքը, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն` դրա իրական արժեքը պարզելու նպատակով, իսկ անձնական ապահովագրության պայմանագիր կնքելիս կատարել ապահովագրված անձի բժշկական քննություն` նրա փաստացի առողջական վիճակը պարզելու համար.
դ) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը և թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը` սահմանելով հիմնավոր ժամկետներ.
ե) ոչ կյանքի ապահովագրության դեպքում զննել և ուսումնասիրել պատահարի հետևանքով վնասված գույքը, նշանակել փորձաքննություն` վնասի առաջացման պատճառների և հետևանքների բացահայտման ուղղությամբ.
զ) վերաապահովագրել ապահովագրական ռիսկերը ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
3. Ապահովագրողն ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները վերաապահովագրելու դեպքում ամբողջ ծավալով մնում է պատասխանատու ապահովադրի նկատմամբ:
4. Համատեղ ապահովագրության դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի իրավունքները և պարտականությունները որոշող պայմանները պետք է ընդգրկվեն ապահովագրության պայմանագրի մեջ:
5. Ապահովագրողն առանց ապահովադրի համաձայնության չի կարող հրապարակել նրան առնչվող առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
6. Իրենց կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների 49 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող ապահովագրական կազմակերպությունները չեն կարող Հայաստանի Հանրապետությունում իրականացնել կյանքի ապահովագրություն, պարտադիր ապահովագրություն, պարտադիր պետական ապահովագրություն, ինչպես նաև պետական և տեղական կազմակերպությունների գույքային շահերի ապահովագրություն:
7. Ապահովագրողը պարտավոր է կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով կենտրոնական բանկ ներկայացնել գործունեության երեք տարվա գործարար ծրագիր, որը պետք է բովանդակի հայտատուի կողմից իրականացվելիք ապահովագրության տեսակները և, ըստ յուրաքանչյուր տեսակի, ներառի`
ա) կանոնները.
բ) կնքվելիք պայմանագրերի թիվը.
գ) ապահովագրական գումարի չափը.
դ) ապահովագրական սակագները.
ե) ապահովագրավճարի չափը.
զ) միջնորդավճարների չափը.
է) չհատուցվող գումարի տեսակները և դրանց չափը.
ը) կառավարման (գործավարման) ծախսերի մեծությունը.
թ) ապահովագրական պահուստները, նրանց տեղաբաշխման ուղղությունները.
ժ) եթե նախատեսվում է վերաապահովագրություն` դրանց ծավալները և համապատասխան կնքված պայմանագրերը.
ժա) վճարվելիք հատուցումների ծավալը.
ժբ) շահույթը (վնասը):
Գործարար ծրագրում նախատեսված ցուցանիշները պետք է լինեն հիմնավորված համապատասխան հաշվարկներով, որոնք պետք է իրականացված լինեն օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով պահանջներին համապատասխան:
8. Ապահովագրողը պարտավոր է պահպանել իր գործունեության իրականացման ժամանակ ապահովագրության ոլորտը կարգավորող` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված ապահովագրական գործունեության իրականացման պարտադիր պահանջները կամ պայմանները:
9. Ապահովագրողն ունի օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին չհակասող այլ իրավունքներ:
(8-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-22-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)