Հոդված 17. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 17. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է`
ա) ապահովադրի, եթե այն իրավաբանական անձ է` լուծարման, իսկ եթե ֆիզիկական անձ է` մահվան դեպքում, բացի սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փոփոխություններից.
բ) ապահովագրության պայմանագրից ապահովադրի (շահառուի) հրաժարվելու դեպքում.
գ) օրենքով սահմանված կարգով ապահովագրողի լուծարման դեպքում` այդ մասին համապատասխան որոշման ընդունումից հետո` երեսուներորդ օրը.
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովագրողի պահանջով` ապահովադրի կողմից օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ և ապահովագրողի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` այդ մասին համապատասխան որոշման ընդունման օրվանից:
3. Ապահովադրի (շահառուի) կողմից ապահովագրության պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում նրան վերադարձվում են պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները` մասհանելով կատարված ծախսերը, եթե դրանք նախատեսված են ապահովագրության պայմանագրով: Եթե ապահովադրի պահանջները պայմանավորված են ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի պայմանների խախտմամբ, ապա վերջինս ապահովադրին է վերադարձնում վճարված ապահովագրավճարներն ամբողջությամբ, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման մտադրության մասին կողմերը պարտավոր են միմյանց տեղեկացնել վաղաժամկետ լուծման նախատեսվող ժամկետից ոչ պակաս, քան երեսուն օր առաջ, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
5. Ապահովագրողի` օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքում այդ մասին համապատասխան որոշման ընդունման պահից երեսուն օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է ապահովադիրներին (ապահովագրված անձանց, շահառուներին) պատշաճ կերպով տեղեկացնել իր լուծարման մասին, ինչպես նաև ապահովագրության պայմանագրերի վաղաժամկետ լուծման օրվա մասին: Սույն մասով սահմանված` ապահովագրողի լուծարման դեպքում վերջինս պարտավոր է վերադարձնել ապահովադիրների` պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: