Հոդված 235. Մաքսային մարմինների կողմից ապրանքներ և փաստաթղթեր արգելանքի վերցնելու առանձնահատկությունները
Հոդված 235. Մաքսային մարմինների կողմից ապրանքներ և փաստաթղթեր արգելանքի վերցնելու առանձնահատկությունները
1. Մաքսային մարմինների կողմից ապրանքները և փաստաթղթերը արգելանքի վերցնելու հիմքերն ու կարգը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 380-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Միության մաքսային օրենսգրքի 380-րդ հոդվածի կիրառման նպատակներով սահմանում է շուտ փչացող ապրանքների ցանկը:
3. Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքները վերադարձնելու ժամանակ հայտարարատուն կամ այն անձը, որին վերադարձվում են ապրանքները, փոխհատուցում է վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերը՝ Կառավարության սահմանած կարգով:
4. Այն դեպքում, երբ վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերը կամ իրացման համար այդ ապրանքների նախապատրաստման կամ իրացման ծախսերը գերազանցում են այդ ապրանքների արժեքը, այդպիսի ապրանքների տնօրինումն իրականացվում է սույն օրենքին և Կառավարության սահմանած կարգին համապատասխան:
5. Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների տնօրինումը, այդ թվում՝ դրանց իրացումը, օգտագործումը կամ ոչնչացումը, ինչպես նաև այդ ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի հաշվարկը կատարվում է սույն օրենքով և Կառավարության սահմանած կարգով:
6. Մաքսային մարմինների կողմից վերցված՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերը փոխհատուցվում են դրանց իրացումից ստացված գումարների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:
7. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների իրացման և իրացմանն ուղղված աշխատանքների իրականացման, այդ թվում՝ բեռնման, բեռնաթափման, տեղափոխման, պահպանման և այլ ծախսերի փոխհատուցման կարգը՝ դրանց իրացումից ստացված միջոցների հաշվին:
8. Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների իրացումից ստացված միջոցները Միության մաքսային օրենսգրքի 382-րդ հոդվածով և 383-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի փոխհատուցումից հետո Միության մաքսային օրենսգրքի 383-րդ հոդվածով սահմանված ժամկետում վերադարձվում են հայտարարատուին՝ Կառավարության սահմանած կարգով: