Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը
Հոդված 48. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը
1. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից վերամշակման նպատակով և հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է սույն օրենսգրքի 49 հոդվածում նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով, կամ ձևակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմով, կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
3. Այս ռեժիմով արտահանված ապրանքները ներմուծելիս «վերաներմուծում» ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների ներմուծման համար «վերաներմուծում» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով արտահանված ապրանքների համար «վերաներմուծում» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների: