Հոդված 59. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հիմնական պահանջները
Հոդված 59. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հիմնական պահանջները
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են`
ա) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը.
բ) անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացումը.
գ) ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությունը.
դ) մաքսային միջնորդական գործունեությունը.
ե) մաքսային փոխադրողի գործունեությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը` հայցորդի կողմից հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`
ա) դիմում (հայտ)` լիցենզիա ստանալու համար.
բ) հայցորդի հիմնադիր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.
գ) տեղեկանք` կանոնադրական հիմնադրամի մասին.
դ) փաստաթղթեր, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների, բնութագրում են սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» և «ե» ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար անհրաժեշտ տարածքները, այլ հիմնական միջոցները և դրանց տեխնիկական հագեցվածությունը.
ե) սույն օրենսգրքի 70 հոդվածի պահանջների կատարումը երաշխավորող փաստաթղթեր` սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված գործունեության տեսակի իրականացման լիցենզիա ստանալու համար:
4. Արգելվում է հայցորդից լիցենզավորման համար պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացման պահանջը չի բխում սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներից: