Հոդված 1. Ընդհանուր սկզբունքները և գործողության ոլորտը
Հոդված 1. Ընդհանուր սկզբունքները և գործողության ոլորտը
1. Սույն օրենքի դրույթները հիմնվում են հետևյալ սկզբունքների վրա և պետք է մեկնաբանվեն այդ սկզբունքներին համապատասխան.
1) արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում.
2) կողմերն ազատ են իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է առևտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա` Հայաստանի Հանրապետության և այլ պետության կամ պետությունների միջև գործող պայմանագրերի պահպանման պայմանով:
3. Սույն օրենքի գործողությունը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ, 9-րդ, 35-րդ, 36-րդ, 36.1-ին և 36.2-րդ հոդվածների, տարածվում է միայն այն արբիտրաժի վրա, որի վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է:
4. Սույն օրենքի գործողությունը չի բացառում Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենքի գործողություն, որի համաձայն` որոշակի վեճեր չեն կարող հանձնվել արբիտրաժի լուծմանը կամ կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը միայն այն դրույթներին համապատասխան, որոնք սահմանված չեն սույն օրենքով:
5. Սույն օրենքը տարածվում է նաև առևտրային բնույթ չունեցող վեճերի վրա, եթե օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։
(1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն, փոփ. 27.10.16 ՀՕ-193-Ն)