Հոդված 14. Բուծողի իրավունքի բացառությունները
Հոդված 14. Բուծողի իրավունքի բացառությունները
(վերնագիրը փոփ. 26.06.23 ՀՕ-242-Ն)
1. Բուծողի իրավունքները չեն տարածվում`
1) անձնական և ոչ առևտրային նպատակներով կատարված գործողությունների վրա.
2) փորձարարական նպատակներով կատարված գործողությունների վրա.
3) այլ սորտերի ստեղծման նպատակով կատարված գործողությունների, ինչպես նաև 13-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված գործողությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 13-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները նմանատիպ այլ սորտերի նկատմամբ:
2. Բուծողի իրավունքների խախտում չի համարվում ողջամիտ սահմաններում և բուծողների օրինական շահերի պահպանության դեպքում ֆերմերների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկում ներառված պահպանվող սորտերի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված սորտերի՝ անձնական տնտեսություններում մշակության արդյունքով ստացված բերքի օգտագործումը բազմացման նպատակով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունները չեն վերաբերում պտղատու, բանջարային մշակաբույսերին, դեկորատիվ և անտառային բույսերին, որոնց ցանկը սահմանում է լիազոր մարմինը։
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ողջամիտ սահմանները և բուծողի օրինական շահերի պահպանության միջոցները սահմանում է լիազոր մարմինը:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-242-Ն)
(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)