Հոդված 19. Սորտի անվանումը և անվան օգտագործումը
Հոդված 19. Սորտի անվանումը և անվան օգտագործումը
1. Ցանկացած սորտ պետք է ունենա անվանում, որը պետք է ապահովի նրա նույնականացումը: Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կարող խոչընդոտել այդ անվանման ազատ օգտագործմանը նույնիսկ բուծողի իրավունքի գործողության ժամկետը լրանալուց հետո:
2. Անվանումը չի կարող կազմված լինել թվերից, բացառությամբ այն դեպքերի, երբ այն համապատասխանում է սորտի անվանակոչման հաստատված գործելակերպին: Այն չպետք է տարակուսանք կամ շփոթմունք առաջացնի տվյալ սորտի հատկանիշների, որակի կամ ինքնության կամ բուծողի ինքնության առնչությամբ: Այն պետք է տարբերվի ցանկացած այլ անվանումից, որով ՈՒՊՈՎ-ի որևէ անդամ պետության տարածքում անվանվել է գոյություն ունեցող նույն կամ նույն տեսակին պատկանող բուսատեսակի սորտը:
3. Սորտի անվանումը լիազոր մարմնին առաջարկում է բուծողը: Եթե պարզվում է, որ այդ անվանումը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի պահանջները, ապա լիազոր մարմինը մերժում է դրա գրանցումը և պահանջում, որ բուծողը սահմանված ժամանակահատվածում առաջարկի այլ անվանում: Սորտի անվանումը գրանցում է լիազոր մարմինը բուծողի իրավունքների տրման հետ միաժամանակ:
4. Եթե նախկինում երրորդ անձի կողմից անվան նկատմամբ ձեռք են բերվել իրավունքներ, ապա այդ անվանումը չի գրանցվում: Եթե նախկինում ձեռք բերված իրավունքի պատճառով, համաձայն սույն հոդվածի 7-րդ կետի դրույթների, սորտի անվանման գործածումը արգելվում է, ապա լիազոր մարմինը բուծողից պահանջում է սորտի համար ներկայացնել այլ անվանում:
5. ՈՒՊՈՎ-ի բոլոր անդամ պետություններում սորտը պետք է առաջարկվի միևնույն անվանմամբ: Լիազոր մարմինը գրանցում է սույն հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկված անվանումը, եթե այն անընդունելի չի համարվում: Անվանման անընդունելի համարվելու դեպքում լիազոր մարմինը բուծողից պահանջում է առաջարկել այլ անվանում:
6. Լիազոր մարմինը ՈՒՊՈՎ-ի անդամ բոլոր իրավասու մարմիններին ՈՒՊՈՎ-ի կանոնադրությամբ հաստատված կարգով ապահովում է սորտերի անվանման, մասնավորապես՝ անվանման առաջարկման, գրանցման և չեղյալ համարելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
7. ՈՒՊՈՎ-ի անդամ յուրաքանչյուր իրավասու մարմին կարող է լիազոր մարմին ներկայացնել սորտի անվանման գրանցման վերաբերյալ իր դիտողությունները:
8. Յուրաքանչյուր ոք, որը Հայաստանի Հանրապետության կամ ՈՒՊՈՎ-ի անդամ պետության տարածքում վաճառքի կամ շուկայահանման համար առաջարկում է պահպանվող սորտի սերմնանյութ, պարտավոր է օգտագործել այդ սորտի անվանումը անգամ այդ սորտի վրա բուծողի իրավունքների ժամկետի ավարտից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան նախկինում ձեռք բերված իրավունքները չեն խոչընդոտում սորտի անվանման օգտագործմանը:
9. Սորտը վաճառքի կամ շուկայահանման առաջարկելու դեպքում սորտի գրանցված անվանումը թույլատրվում է օգտագործել ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ նշապատկերների հետ զուգահեռ: Այդպիսի զուգակցման դեպքում սորտի անվանումը պետք է լինի հեշտ ճանաչելի: