Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

կենսատեխնիկական միջոցառումներ` որսահանդակներում որսի կենդանիների կենսապայմանների բարելավմանն ու կենդանիների քանակի և տեսակային կազմի ավելացմանն ուղղված միջոցառումներ.

որս` ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների հայթայթում (որսորդություն, ձկնորսություն, հավաք)` Հայաստանի Հանրապետության օրենքով թույլատրված միջոցներով, եղանակներով, չափաքանակներով և ժամանակահատվածներով.

որսահանդակ` որսի կենդանիների բնակության միջավայր` անտառային, դաշտային, ջրածածկ տարածքներ, որոնք օգտագործվում են որպես որս իրականացնելու վայր.

որսահանդակների գնահատում` որսահանդակների բնավայրի (գետ, անտառ, մարգագետին և այլն) որակական ընդհանուր գնահատական, որն արտահայտում է տվյալ տարածքի որսի և որսի կենդանիների համար դրանց պիտանիության աստիճանը.

որսի անվանական թույլտվություն` փաստաթուղթ, որն իրավունք է տալիս որսորդին իրականացնել որս` որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների որոշակի տեսակի համար.

որսի արգասիք` որսի ընթացքում հայթայթած վայրի կենդանու միս, արյուն, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր.

որսի թույլտվություն` որսահանդակներում որս իրականացնելու համար սույն օրենքով սահմանված կարգով տրված միանվագ կամ սեզոնային այցելության թույլտվություն, որտեղ նշվում են որսի վայրը, ձևը, այցելության ժամկետները, որսատեսակները և յուրաքանչյուր որսատեսակի քանակը.

որսի կենդանիներ` բնական ազատ պայմաններում ապրող, ինչպես նաև կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են որսի օբյեկտներ.

որսի կենդանիների կայուն օգտագործում` վայրի կենդանիների օգտագործման ձև, որը բավարարում է բնապահպանական, տնտեսական և սոցիալ-մշակութային պահանջները.

որսի կենդանիների պետական կադաստր` որսի կենդանիների տեսակային կազմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, ռեսուրսի և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ.

որսի կենդանիների պետական հաշվառում` որսի կենդանիների տեսակային կազմի, թվաքանակի և նրանց տարածվածության որոշում.

որսի կենդանիների պետական մոնիթորինգ` որսահանդակներում և որսահանդակներից դուրս որսի կենդանիների պետական դիտանց` որսի կենդանիների տեսակների, թվաքանակի, վիճակի և տարածվածության վերաբերյալ.

որսի կենդանիների ցանկ` լիազորված մարմնի կողմից ընդունվող փաստաթուղթ, որտեղ նշվում են տվյալ տարվա ընթացքում որսի ենթակա կենդանիների տեսակը, քանակը և որսի ժամանակահատվածը.

որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների տեսակներ` վայրի կենդանիներ, որոնց որսն իրականացվում է խիստ սահմանափակ քանակությամբ` միայն անվանական թույլտվությունների հիման վրա.

որսի ռեսուրս` Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող որսի կենդանիների ամբողջություն.

որսի ռեսուրսի օգտագործում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն, որն ուղղված է որսի կենդանիների և նրանց արգասիքների օգտագործմանը.

որսի օբյեկտ` որսի կենդանիների ցանկում ընդգրկված վայրի կենդանի.

որսի օգտատեր` սույն օրենքով սահմանված կարգով որսորդական տնտեսություն վարելու իրավունք ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

որսորդ` ֆիզիկական անձ, որին սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից տրված է Հայաստանի Հանրապետության տարածքում որսորդությամբ զբաղվելու իրավունք.

որսորդական մինիմում` սույն օրենքի դրույթներին համապատասխան` որսի անվտանգության տեխնիկայի, քաղաքացիական զենքի հետ վարվելու կանոնների և որսի կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ սիրողական որսի համար մշակված անհրաժեշտ գիտելիքների ամբողջություն.

որսորդական վկայական` որսով զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

որսորդական տնտեսություն` նպատակային առանձնացված տարածքում ստեղծված մասնագիտացված բնօգտագործող սուբյեկտ, որի գործունեության նպատակն է որսահանդակների և որսի կենդանիների կայուն օգտագործումը:

(2-րդ հոդվածը փոփ. 02.02.10 ՀՕ-5-Ն, 05.10.22 ՀՕ-370-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։