Հոդված 26. Որսի օգտատիրոջ պարտականությունները
Հոդված 26. Որսի օգտատիրոջ պարտականությունները
Որսի օգտատերը պարտավոր է`
1) կատարել բնապահպանական նորմերով, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով ամրագրված պահանջները.
2) տրամադրված որսահանդակն օգտագործել ըստ նպատակի` համաձայն պայմանագրի.
3) կատարել պայմանագրի և թույլտվության մեջ նշված պարտականությունները.
4) ժամանակին մուծել օրենքով սահմանված վճարները.
5) իրականացնել կենսատեխնիկական միջոցառումներ` ուղղված որսորդական տնտեսության զարգացմանը, որսահանդակների պահպանությանը և բարելավմանը, վայրի կենդանիների պաշտպանությանը, բազմացմանը և կայուն օգտագործմանը.
6) աջակցել իրեն տրամադրված տարածքում որսի կանոնների կատարմանը և որսագողության կանխմանը.
7) որսի արգասիքների տեղափոխման և իրացման գործընթացներն իրականացնել օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում.
8) վեց ամիսը մեկ լիազորված մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` որսորդական տնտեսություն վարելու մասին.
9) թույլ չտալ այլ հողօգտագործողների իրավունքների խախտում.
10) աշխատանքներն իրականացնել` բացառելով որսահանդակի վիճակի վատթարացումը.
11) պահպանել որսի կանոնները, սահմանված ժամկետները, ձևերը, չափաքանակները և միջոցները.
12) մշտապես իրականացնել միջոցառումներ` ուղղված որսահանդակների և որսի կենդանիների պահպանությանը.
13) մշակել և պայմանագրով սահմանված ժամկետում լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնել որսորդական տնտեսության վարման և զարգացման ծրագիրը.
14) որսորդական տնտեսության ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում համապատասխան վահանակներով նշել տարածքի սահմանները և պահպանել դրանց վիճակը.
15) բնությանը և կենդանիներին իր մեղքով հասցրած վնասի համար փոխհատուցել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: