Հոդված 31. Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքը մրցույթով կամ աճուրդով
Հոդված 31. Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքը մրցույթով կամ աճուրդով
Սույն օրենքով սահմանված դեպքերում չսեփականաշնորհված և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարված պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով: Լուծարված պետական ձեռնարկության գույքը կարող է մրցույթով կամ աճուրդով վաճառվել`
ա) ամբողջությամբ, որպես գույքային համալիր.
բ) մասերով, որպես նախապես բաժանված գույքային ենթահամալիրներ:
Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի մրցույթով վաճառքի հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել դրանց տարածքում:
Լուծարված ձեռնարկության գույքի ձեռքբերումը մրցույթով կամ աճուրդով գնորդի համար չի առաջացնում որևէ պարտավորություն` կապված լուծարված ձեռնարկության երրորդ անձանց հանդեպ ունեցած գույքային պարտավորությունների, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների հետ:
Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է աճուրդ տարածքների և գույքի համար:
Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իջեցվում է մեկնարկային գինը և հայտարարվում նոր աճուրդ տարածքների և գույքի համար:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց լուծարված պետական ձեռնարկությունների գույքի ձեռքբերման համար:
Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներն օգտագործվում են այդ ձեռնարկությունների պարտավորությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ և կարգով մարման համար: Պարտավորությունները կատարելուց հետո մնացած դրամական միջոցները ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(31-րդ հոդվածը փոփ. 06.06.95 ՀՕ-140. խմբ., լրաց. 27.12.95 ՀՕ-30)