Հոդված 56. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը
Հոդված 56. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը
1. Հարկադիր կատարողը պարտավոր է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝
1) կատարողական վարույթի կողմը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.
2) կատարողական վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն օրենքով սահմանված կարգով թույլ է տալիս իրավահաջորդություն.
3) կատարողական վարույթի անչափահաս կողմի օրինական ներկայացուցիչները մահացել են, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.
4) պարտապանը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող պահանջատերը դիմել է համապատասխան խնդրանքով.
5) օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան՝ կատարողական վարույթի կողմերի կնքած հաշտության համաձայնության հիման վրա դատական ակտի վերանայման դիմումով.
6) կատարման ենթակա ակտի կատարումն օրենքով սահմանված կարգով կասեցվել է.
7) դատարանը վարույթ է ընդունել պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.
8) պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել է անվճարունակ, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.
9) պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի բռնագանձման ենթակա գույքի արժեքը:
2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կատարողական վարույթը կասեցնում է 90 օր ժամկետով և կատարողական վարույթի կողմերին ծանուցում է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին։ Ի լրումն սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունների՝ Ծառայությունը նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով և Ծառայության ինտերնետային կայքում։ Նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելուց հետո պարտապանի դեմ ներկայացված նոր պահանջներով հարուցված կատարողական վարույթները կասեցվում են միևնույն հիմքով՝ սկզբնական կասեցման մնացած ժամանակահատվածով։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի կիրառման նպատակով պարտապանի գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա իրացման մեկնարկային գնի։ Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վճարները և գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորությունները: