Հոդված 89. Բազմաբնակարան շենքի բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կանխավարկածը
Հոդված 89. Բազմաբնակարան շենքի բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կանխավարկածը
1. Բազմաբնակարան շենքում ընդհանուր սեփականության ներքո գտնվող բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար, քանի դեռ պարտապանը կամ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները հարկադիր կատարողին չեն ներկայացրել պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության և դրա եղանակի մասին սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող անձի տված մասնագիտական եզրակացություն՝ պարտապանի բաժինն այդ եղանակով առանձնացնելու միջնորդությամբ։ Միջնորդությանը կցվում է դրա և մասնագիտական եզրակացության պատճենները պահանջատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույց։
2. Պահանջատերը պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին։
3. Հարկադիր կատարողը կարող է, իսկ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին մասնագիտական եզրակացության վերաբերյալ պահանջատիրոջ առարկության դեպքում պարտավոր է փորձաքննություն նշանակել մասնագիտական եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով:
4. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական եզրակացության հիման վրա, իսկ փորձաքննություն նշանակված լինելու դեպքում փորձաքննության արդյունքներով որոշում է բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը կամ հարկադիր իրացնել ընդհանուր գույքը՝ սույն օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կանոններով։
5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը ներկայացվել է ընդհանուր գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելուց հետո, ապա հարկադիր կատարողը հետաձգում է առաջիկա (ոչ ընթացիկ) աճուրդը մինչև սույն հոդվածով նախատեսված գործողությունների ավարտը։ Եթե ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը չի հաստատվում, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է ընդհատման պահից։