Հոդված 11. Պետության կողմից որպես իրենը ճանաչված և ընդունված վարքագիծը
Հոդված 11. Պետության կողմից որպես իրենը ճանաչված և ընդունված վարքագիծը
«Վարքագիծը, որը նախորդ հոդվածների համաձայն վերագրելի չէ պետությանը, այդուհանդերձ, միջազգային իրավունքի համաձայն համարվում է պետության գործողություն, եթե և այնքանով, որքանով պետությունը ճանաչում և ընդունում է տվյալ վարքագիծը որպես իր սեփականը»։
35. Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածի վերաբերյալ Մեկնաբանության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«4) Պետության իրավահաջորդության համատեքստից դուրս Թեհրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործը լրացուցիչ օրինակ է ապահովում պետության կողմից կոնկրետ վարքագիծը հետագայում ընդունելու վերաբերյալ։ Դրանում ԱՄԴ-ն հստակ տարբերակել է գրոհայինների կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը գրավելուն և դրա անձնակազմին գերի վերցնելուն անմիջապես հետևող իրավական վիճակը և այն վիճակը, որը ստեղծվել էր Իրանի պետության հրամանագրով, որն այդ վիճակին հստակորեն հավանություն էր տվել և պահպանել այն։
Ըստ Դատարանի՝
«Այաթոլլա Խոմեյնիի կողմից այդպիսով արտահայտված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով դեսպանատան օկուպացումը պահպանելու և դրա բանտարկյալներին որպես պատանդ պահելու քաղաքականությունն իրականացվել և պարբերաբար հովանավորվել է իրանյան այլ մարմինների կողմից տարբեր համատեքստերում արված հայտարարություններում։ Այդ քաղաքականության արդյունքը դեսպանատան օկուպացմամբ և դրա դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմին որպես պատանդներ պահելով ստեղծված իրավիճակի իրավական բնույթը հիմնովին փոխելն էր։ Այաթոլլա Խոմեյնիի և Իրանի պետության այլ մարմինների կողմից այդ փաստերին տրված հավանությունը և նրանց հավերժացնելու մասին որոշումը դեսպանատան շարունակվող օկուպացումը և պատանդներ պահելը դարձրել էին պետության գործողություններ»:
…
5) Ինչ վերաբերում է պետության գործելակերպին, ապա Ադոլֆ Այխմանին բռնելը և այնուհետև Իսրայելում դատավարություն անցկացնելը կարող է օրինակ ապահովել պետության կողմից մասնավոր վարքագիծն ընդունելու վերաբերյալ։ 1960 թվականի մայիսի 10-ին Այխմանին Բուենոս Այրեսում բռնել էր իսրայելցիների մի խումբ։ Նախքան օդային ճանապարհով Իսրայել տարվելը նա Բուենոս Այրեսում մի քանի շաբաթ պատանդ էր պահվել մի մասնավոր տանը։ Արգենտինան այնուհետև Իսրայելի կառավարությանը մեղադրեց Այխմանին պատանդ վերցնելուն հանցակից լինելու մեջ. մեղադրանք, որն Իսրայելի արտաքին գործերի նախարար Գոլդա Մեյրի կողմից ո՛չ ընդունվեց, ո՛չ ժխտվեց Անվտանգության խորհրդում բողոքի քննարկման ընթացքում։ Նա Այխմանին պատանդ վերցնողներին կոչում էր «կամավորների խումբ»։ Անվտանգության խորհրդի 1960 թվականի հունիսի 23-ի թիվ 138 (1960) բանաձևով ենթադրվում էր, որ եկել են այն եզրահանգման, որ Իսրայելի կառավարությունն առնվազն տեղյակ էր եղել և համաձայնություն էր տվել Այխմանին Արգենտինայում պատանդ վերցնելու հաջող ծրագրին։ Հնարավոր է, որ Այխմանին պատանդ վերցնողները «փաստացի գործում էին Իսրայելի հանձնարարությամբ կամ ուղղորդմամբ կամ հսկողությամբ», ինչպիսի պարագայում նրանց վարքագիծն 8-րդ հոդվածի համաձայն ավելի պատշաճ կերպով վերագրվել էր պետությանը։ Սակայն, եթե առկա են կասկածներ այն մասին, թե արդյոք որոշակի վարքագիծը կարգավորվում է 8-րդ հոդվածով, դրանք կարող են ցրվել պետության կողմից տվյալ վարքագիծը հետագայում ընդունվելու միջոցով։
6) «Ճանաչում և ընդունում է տվյալ վարքագիծը որպես իր սեփականը» արտահայտությունը նախատեսված է ճանաչելու և ընդունելու դեպքերը զուտ աջակցելուց կամ հովանավորելուց տարբերակելու համար։ Թեհրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործում ԱՄԴ-ն օգտագործել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հավանություն տալ», «հովանավորել», «պաշտոնական կառավարական հաստատման կնիք» և «[իրավիճակը] հավերժացնելու որոշում» արտահայտությունները։ Դրանք բավարար էին այդ գործի համատեքստում, սակայն որպես ընդհանուր հարց վարքագիծը պետությանը 11-րդ հոդվածի համաձայն վերագրելի չի լինի, եթե պետությունը զուտ ճանաչում է վարքագծի փաստացի գոյությունը կամ արտահայտում է դրան իր կողմից բանավոր հավանություն տալը։ Միջազգային վեճերում պետությունները հաճախ արտահայտում են դիրքորոշում, որը որոշ ընդհանուր առումով վարքագծի «ճանաչում» կամ «հովանավորում» է, սակայն չի ներառում պատասխանատվության որևէ ստանձնում։ «Ընդունելու» լեզուն, մյուս կողմից, իր հետ կրում է այն գաղափարը, որ վարքագիծը պետության կողմից ճանաչվում է որպես, ըստ էության, իր սեփական վարքագիծ։ Անշուշտ, պայմանով, որ պետության՝ հակառակ դեպքում ոչ վերագրելի վարքագծի համար պատասխանատվությունն ընդունելու մտադրությունը հստակ նշված է, 11-րդ հոդվածով կարող են կարգավորվել այնպիսի դեպքեր, երբ պետությունն ընդունել է պատասխանատվությունն այն վարքագծի համար, որին այն հավանություն չի տվել, որն ինքը փորձել է կանխել, և որի համար խորապես զղջում է։ Ինչ կերպ էլ այդ ընդունումը կարող է բառերով արտահայտվել կոնկրետ դեպքում, 11-րդ հոդվածում առկա «ճանաչում և ընդունում է» արտահայտությունը հստակ է դարձնում, որ այն, ինչը պահանջվում է, ավելին է, քան փաստացի իրավիճակի ընդհանուր ճանաչումը, սակայն փոխարենը, պետությունը սահմանում է տվյալ վարքագիծը և այն դարձնում է իր սեփականը։
…
8) «Եթե և այնքանով, որքանով» արտահայտությունը նախատեսված է մի շարք գաղափարներ փոխանցելու համար։ Նախ՝ մասնավորապես մասնավոր անձանց, խմբերի կամ սուբյեկտների վարքագիծը վերագրելի չէ պետությանը, եթե դա II գլխի որևէ այլ հոդվածի համաձայն չէ, կամ եթե այն չի ճանաչվել կամ ընդունվել պետության կողմից։ Երկրորդ՝ պետությունը կարող է ճանաչել և ընդունել վարքագիծը միայն որոշ չափով։ Այլ կերպ ասած, պետությունը կարող է որոշել ճանաչել և ընդունել տվյալ վարքագծի միայն որոշակի մասը։ Երրորդ՝ ճանաչելը և ընդունելը, լինի դա բառերի, թե վարքագծի ձևով, պետք է լինի հստակ և միանշանակ։
9) Ճանաչելու և ընդունելու պայմանները գումարային են, ինչպես նշված է «և» բառով։ Երկու պայմանների հերթականությունը ցույց է տալիս իրադարձությունների բնականոն ընթացքն այն դեպքերում, երբ հիմնվում են 11-րդ հոդվածի վրա։ Պետության կողմից վարքագծի ճանաչումը և ընդունումը կարող են լինել բացահայտ (ինչպես օրինակ՝ Թեհրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործով), կամ դրանք կարող են բխեցվել տվյալ պետության վարքագծից»:
36. Արդարադատության միջազգային դատարանը «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» կիրառման վերաբերյալ գործով (Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Չեռնոգորիայի [Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro], 2007 թվականի փետրվարի 27-ի վճիռ, ԱՄԴ զեկույցներ 2007, էջ 43) վճռել է հետևյալը.
«414. Վերջապես, Դատարանը նկատում է, որ ՄԻՀ-ի՝ պետության պատասխանատվության վերաբերյալ հոդվածների 4-րդ և 8-րդ հոդվածներում նշված իրավիճակներից բացի ոչ մի այլ իրավիճակ, որում կոնկրետ վարքագիծը կարող է վերագրելի լինել պետությանը, Սրեբրենիցայում կատարված ցեղասպանությունը Պատասխանողին վերագրելու հնարավորության մասով չի համապատասխանում սույն գործի հանգամանքներին։ Դատարանը չի համարում, որ իրենից այս փուլում պահանջվում է որոշել, թե արդյոք ՄԻՀ-ի հոդվածները, որոնք վերաբերում են վերագրելուն, բացի 4-րդ և 8-րդ հոդվածներից, արտահայտում են առկա միջազգային սովորութային իրավունքն այնպես, որ հստակ լինի, որ դրանցից ոչ մեկը չի կիրառվում սույն գործի նկատմամբ։ Ցեղասպանություն համարվող արարքները չեն կատարվել ո՛չ անձանց կամ սուբյեկտների կողմից, որոնք, չլինելով ՀԴՀ-ի մարմիններ, դրա կողմից լիազորված էին իրականացնելու կառավարման իշխանության տարրեր (5-րդ հոդված), կամ էլ մեկ այլ պետության կողմից Պատասխանողի տնօրինման ներքո դրված մարմինների կողմից (6-րդ հոդված), ո՛չ էլ անձանց կողմից, որոնք Պատասխանողի պաշտոնական մարմինների բացակայությամբ կամ չկատարման դեպքում փաստացի իրականացրել են կառավարման իշխանության տարրեր (9-րդ հոդված). վերջապես, Պատասխանողը ցեղասպանություն կատարողների վարքագիծը չի ճանաչել և ընդունել որպես իր սեփականը (11-րդ հոդված)։
415. Դատարանը վերոգրյալից եզրակացնում է, որ այն անձանց արարքները, որոնք Սրեբրենիցայում ցեղասպանություն են կատարել, պետության պատասխանատվության մասին միջազգային իրավունքի կանոնների համաձայն չեն կարող վերագրելի լինել Պատասխանողին. այսպիսով, Պատասխանողի միջազգային պատասխանատվություն չի ներառվում այս հիմքով»։
37. Տրիբունալի իրավազորությունը վիճարկող՝ պաշտպանության կողմի միջնորդության մասին իր որոշման մեջ, որը կայացվել է 2002 թվականի հոկտեմբերի 9-ին Դատախազն ընդդեմ Դրագան Նիկոլիչի գործով [Prosecutor v. Dragan Nikolić] (գործ թիվ IT-94-2), նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը վճռել է հետևյալը.
«60. Այն հարցը որոշելիս, թե արդյոք անհատների ապօրինի վարքագիծը կարող է որևէ կերպ վերագրվել ԲՀԿՈՒ-ին, Դատական պալատը հղում է կատարում Միջազգային իրավունքի հանձնաժողովի (ՄԻՀ) «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին» հարցի վերաբերյալ հոդվածների նախագծում սահմանված սկզբունքներին։ Այդ Հոդվածների նախագիծը ՄԻՀ-ի կողմից ընդունվել է 2001 թվականին, դրա 53-րդ նիստին։ Այնուամենայնիվ, Դատական պալատը տեղյակ է այն փաստի մասին, որ այս աղբյուրի ցանկացած օգտագործում պետք է կատարվի զգուշությամբ։ Հոդվածների նախագիծը պատրաստվել է Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից և դեռևս պետությունների միջև բանավեճերի առարկա է։ Այն չունի պայմանագրային իրավունքի կարգավիճակ և պետությունների համար պարտադիր չէ։ Ավելին, ինչպես կարելի է եզրահանգել դրա անվանումից, Հոդվածների նախագիծը հիմնականում ուղղված է պետությունների, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների կամ սուբյեկտների պատասխանատվություններին։ Ինչպես ընդգծվում է 57-րդ հոդվածի նախագծով,
[ա]յդ հոդվածները չեն սահմանափակում միջազգային իրավունքով սահմանված՝ միջազգային կազմակերպության պատասխանատվության կամ որևէ պետության՝ միջազգային կազմակերպության վարքագծի համար պատասխանատվության մասով որևէ հարց։
61. Սույն համատեքստում նախ պետք է կենտրոնանալ անհայտ անհատների արարքները ԲՀԿՈՒ-ին վերագրելու հնարավորության վրա։ Ինչպես նշված է Դեյթոնի համաձայնագրի 1-Ա հավելվածի I հոդվածում, ԿՈՒ-ն (ԲՀԿՈՒ) բազմազգ ռազմական ուժ է։ Այն «կարող է կազմված լինել ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ազգերի ցամաքային, օդային և ծովային ստորաբաժանումներից» և «գործելու է Հյուսիսատլանտյան խորհրդի լիազորության ներքո և ենթակա է դրա ղեկավարմանը և քաղաքական հսկողությանը»։ Սույն գործով քննվող միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով Պալատն անհրաժեշտ չի համարում որոշել ԲՀԿՈՒ-ի կոնկրետ իրավական կարգավիճակը միջազգային իրավունքի համաձայն։ Զուտ որպես ընդհանուր իրավական ուղղորդում այն կօգտագործի Հոդվածների նախագծում սահմանված սկզբունքներն այնքանով, որքանով դրանք կարող են օգտակար լինել տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
…
64. Դատական պալատը նկատում է, որ երկու Կողմերն էլ օգտագործում են «ճանաչելու», «ընդունելու», «հաստատելու», «հավանություն տալու» և «վավերացնելու» նույն և համանման չափորոշիչներ, ինչ օգտագործվում են ՄԻՀ-ի կողմից։ Հետևաբար հարցը նրանում է, թե արդյոք ենթադրյալ փաստերի հիման վրա կարող է համարվել, որ ԲՀԿՈՒ-ն անհատների ցուցադրած վարքագիծը «ճանաչել և ընդունել» է որպես «իր սեփականը»։ Այս համատեքստում անհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ենթադրյալ փաստերից չի կարելի եզրահանգել, որ ԲՀԿՈՒ-ն որևէ կերպ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ներգրավված է եղել ՀԴՀ-ում մեղադրյալին փաստացի բերման ենթարկելու մեջ կամ մեղադրյալին Բոսնիայի և Հերցեգովինայի տարածք տեղափոխելու մեջ։ Ոչ էլ որևէ կերպ վիճարկվել կամ ցույց է տրվել, որ ԲՀԿՈՒ-ն ցուցումներ է տվել, ղեկավարել կամ հսկել է այդ արարքները։ Այն, ինչը չի կարելի եզրակացնել ենթադրյալ փաստերից, զուտ այն է, որ մեղադրյալը ՀԴՀ-ում անհայտ անձանց կողմից ձերբակալվելուց հետո հանձնվել է ԲՀԿՈՒ-ի ստորաբաժանմանը և բերվել է Բոսնիայի և Հերցեգովինայի տարածք։ ԲՀԿՈՒ-ի տեսանկյունից մեղադրյալը ԲՀԿՈՒ-ի հետ շփվել է նրանց հանձնարարված առաջադրանքը կատարելիս։ Նրանց լիազորությանը համապատասխան և Կանոնադրության 29-րդ հոդվածի և 59-րդ bis կանոնի լույսի ներքո՝ նրանք պարտավոր էին տեղեկացնել դատախազությանը և նրան հանձնել դրա ներկայացուցիչներին։ Այս փաստերից Դատական պալատը կարող է հեշտորեն եզրակացնել, որ առկա չի եղել ԲՀԿՈՒ-ի գաղտնի համաձայնություն կամ պաշտոնական ներգրավվածություն ենթադրյալ ապօրինի արարքներում»։
Բ. Եվրոպայի խորհրդի նյութերը
38. «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի 1983 թվականի կոնվենցիան (ԵՊՇ թիվ 112. Փոխանցման մասին կոնվենցիա) վավերացվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հունգարիայի կողմից համապատասխանաբար 2001 թվականին և 1993 թվականին։ Այդ պայմանագրի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Նախաբան
«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և սույն Կոնվենցիան ստորագրող մյուս պետությունները,
հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել անդամների միջև ավելի սերտ միասնության,
ձգտելով քրեաիրավական բնագավառում միջազգային համագործակցության հետագա զարգացմանը,
հաշվի առնելով, որ նման համագործակցությունը կնպաստի արդարադատության իրականացմանը և դատապարտյալների սոցիալական վերականգնմանը,
հաշվի առնելով, որ այս նպատակները պահանջում են, որ հանցագործություն կատարելու համար ազատազրկված օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան պատիժը կրելու իրենց ծագման հասարակական միջավայրում,
հաշվի առնելով, որ այդ նպատակին լավագույնս հասնելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է փոխանցվեն իրենց պետությանը ... »