Հոդված 14. (+ Հոդված 2)• Խտրականության վերաբերյալ փաստարկելի պնդումների շինծու լինելու հանգամանքն Ադրբեջանի կողմից չապացուցելը• Պետական միջոցները, որոնք հանգեցրել են սպայի անպատժելիությանը, որը պատճառահետևանքային կապ ունի իր զոհերի՝ ազգությամբ հայ լինելու հետ• Սպան բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հերոսացվել է ատելության հողի վրա կատարված իր չափազանց դաժան հանցագործության համար
Հոդված 14 (+ Հոդված 2)• Խտրականության վերաբերյալ փաստարկելի պնդումների շինծու լինելու հանգամանքն Ադրբեջանի կողմից չապացուցելը• Պետական միջոցները, որոնք հանգեցրել են սպայի անպատժելիությանը, որը պատճառահետևանքային կապ ունի իր զոհերի՝ ազգությամբ հայ լինելու հետ• Սպան բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հերոսացվել է ատելության հողի վրա կատարված իր չափազանց դաժան հանցագործության համար
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
26 մայիսի 2020թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
12 հոկտեմբերի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաննա Յուդկիվսկա [Ganna Yudkivska]՝ Նախագահ,
Վինսենտ Ա. Դե Գաետանո [Vincent A. De Gaetano],
Պաուլո Պինտո դե Ալբուկերկե [Paulo Pinto de Albuquerque],
Ռոբերտ Սպանո [Robert Spano],
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Էգիդիյուս Կյուրիս [Egidijus Kūris],
Լըտիֆ Հուսեյնով [Lәtif Hüseynov]՝ դատավորներ,
և Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]՝ Բաժանմունքի քարտուղար,
2018 թվականի հունիսի 5-ին, 2019 թվականի հունիսի 25-ին, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին և 2019 թվականի դեկտեմբերի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ պրն Հայկ Մակուչյանի և պրն Սամվել Մինասյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի՝ 2013 թվականի փետրվարի 25-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 17247/13) հիման վրա: 2016 թվականի ապրիլի 27-ին պրն Մինասյանի օրինական ներկայացուցիչները Դատարանին տեղեկացրել են, որ պրն Մինասյանը 2013 թվականի հոկտեմբերի 8-ին մահացել է, և որ նրա այրին՝ տկն Գայանե Նիկողոսյանը, և նրանց երկու զավակները՝ տկն Սեդա Մինասյանը և պրն Նշան Մինասյանը, հայտնել են, որ իրենք կցանկանային, որ պրն Մինասյանի գործով քննությունը շարունակվի։
2. Դիմումատուներին ներկայացրել է պրն Ֆ. Լիչը, իսկ սկզբում՝ նաև պրն Վ. Գրիգորյանը, որոնք Լոնդոնում գործող իրավաբաններ են, և Երևանում գործող իրավաբաններ պրն Հ. Հարությունյանը և պրն Լ. Գևորգյանը, իսկ սկզբում՝ նաև տկն Ս. Սահակյանը։ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Չ. Ասգարովը։ Հունգարիայի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Զ. Տալլոդին:
3. Հունգարիայի անունից ընտրված դատավոր պրն Պետեր Պաչոլայը հրաժարվել է գործով մասնակցելուց (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ): Պալատի նախագահն Իսլանդիայի անունից ընտրված դատավոր պրն Ռոբերտ Սպանոյին համապատասխանաբար նշանակել է ad hoc (ժամանակավոր) դատավոր (Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ կետ և Դատարանի կանոնակարգի 29-րդ կանոնի 1-ին կետ)։
4. Դիմումատուները մասնավորապես պնդել են, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ նախագահական ներում շնորհելով այն անձին, որն սպանել էր երկրորդ դիմումատուի ազգականին և փորձել էր սպանել առաջին դիմումատուին, և որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Նրանք նաև բողոքել են, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում՝ 2-րդ հոդվածի հետ համակցությամբ դիտարկելով, քանի որ տվյալ սպանության և Ադրբեջանի իշխանությունների հետագա բազմաթիվ գործողությունների, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձին ներում շնորհելու և նրան հերոսացնելու հիմնական պատճառը եղել է զոհերի՝ ազգությամբ հայ լինելը։ Վերջապես, դիմումատուները բողոքել են, որ Հունգարիան, բավարարելով բանտարկյալին փոխանցելու մասին դիմումը՝ առանց պատշաճ պարտադիր երաշխիքներ ստանալու այն մասով, որ նրանից կպահանջեն Ադրբեջանում կրել ազատազրկման ձևով իր պատիժը, խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։
5. 2016 թվականի հունվարի 12-ին գանգատն ուղարկվել է պատասխանող կառավարություններին։ 2019 թվականի հոկտեմբերի 7-ին Դատարանը պատասխանող կառավարություններից պահանջել է լրացուցիչ փաստական տեղեկություններ։
6. Ի հավելումն պատասխանող կառավարությունների և դիմումատուների գրավոր դիտարկումների, երրորդ կողմի մեկնաբանություններ են ստացվել Հայաստանի կառավարությունից, որն օգտագործել էր գործին ներգրավվելու իր իրավունքը (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետ և 44-րդ կանոնի 1-ին կետի «բ» ենթակետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Առաջին դիմումատուն ծնվել է 1975 թվականին և ապրում է Էջմիածնում: Երկրորդ դիմումատուն ծնվել է 1958 թվականին և ապրել է Երևանում:
Առաջին դիմումատուն Հայաստանի զինված ուժերի անդամ է։ Երկրորդ դիմումատուն զոհված Գ.Մ.-ի քեռին էր, որը հայկական բանակում լեյտենանտ էր։
Ա. 2004 թվականի հունվարի 19-ի իրադարձությունները
8. 2004 թվականի հունվարին առաջին դիմումատուն և Գ.Մ.-ն ժամանել են Բուդապեշտ (Հունգարիա)՝ ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի եռամսյա դասընթացին մասնակցելու նպատակով։ Դասընթացը ներառում էր նախկին Սովետական Սոցիալիստական Հանրապետություններից յուրաքանչյուրից երկու մասնակից, այդ թվում՝ երկու սպա Ադրբեջանական բանակից։ Բոլոր մասնակիցներին բնակության վայր էր տրամադրվել Հունգարիայի պաշտպանական ազգային համալսարանի համալսարանական թաղամասում։
9. 2004 թվականի փետրվարի 19-ին՝ առավոտյան մոտավորապես ժամը 5-ին, ադրբեջանական բանակի անդամներից մեկը՝ Ռ.Ս.-ն, սպանել է Գ.Մ.-ին մինչ նա քնած էր՝ նրան գլխատելով կացնի առնվազն տասներկու հարվածով։ Ռ.Ս.-ն այնուհետև փորձել է ջարդել առաջին դիմումատուի սենյակի դուռը՝ ըստ ներկայացվող պնդումների՝ գոչելով. «Բացի՛ր դուռը, հա՛յ։ Մենք կկտրենք ձեր բոլորի կոկորդները»: Նրան վերջիվերջո կանգնեցրել է ոստիկանությունը, որն այդ ընթացքում ժամանել էր դեպքի վայր։
10. Ադրբեջանի կառավարությունը վիճարկել է, թե արդյոք Ռ.Ս.-ն իսկապես գոչել է. «Մենք կկտրենք ձեր բոլորի կոկորդները»: Նրանք պնդել են, որ միայն առաջին դիմումատուն է այդ մասին ցուցմունք տվել։
Բ. Հունգարիայում իրականացված քրեական վարույթը
11. Հետագա քրեական վարույթի շրջանակներում Ռ.Ս.-ն քննության ընթացքում չորս անգամ հարցաքննվել է ոստիկանության կողմից։ Հարցաքննության առաջին փուլը տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարի 19-ին՝ դատարանի կողմից նշանակված պաշտպանի և Ռ.Ս.-ի պահանջով՝ հունգարերենից ռուսերենի թարգմանչի ներկայությամբ։ Երեք ժամ տևած հարցաքննության ընթացքում Ռ.Ս.-ն մանրամասն ներկայացրել է իրադարձությունները։ Նա ասել է, որ ինքը խիստ հակակրանք է զգում հայերի նկատմամբ, քանի որ ինքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ կորցրել է ազգականների։ Ինչ վերաբերում է դասընթացի հայ մասնակիցներին, ապա Ռ.Ս.-ն ասել է, որ նրանք իրեն սադրել են և բազմիցս ծաղրել իրեն և Ադրբեջանի դրոշը, ինչն էլ պատճառն էր, թե ինչու էր ինքը որոշել կացին գնել և սպանել նրանց Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունն սկսվելու տարելիցի օրը (ընդհանուր հիմնական տեղեկությունների համար տե՛ս Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05, §§ 12-31, ՄԻԵԴ 2015, և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [ՄՊ] [Sargsyan v. Azerbaijan [GC]], թիվ 40167/06, §§ 14-28, ՄԻԵԴ 2015)։ Այդ նպատակով նա սպանությունից երկու օր առաջ տեղական խանութից գնել էր կացին և հեսանաքար։ Ռ.Ս.-ն նաև ընդունել է, որ ինքը Գ.Մ.-ին սպանել է նրա հայկական ծագման պատճառով. նա կատարած հանցագործությունների համար չի զղջացել։
12. Հարցաքննության երրորդ փուլում Ռ.Ս.-ն առաջին անգամ ասել է, որ թեև ինքը խոսում էր ռուսերեն, սակայն ոչ միշտ էր հասկանում այն ռուսախոս թարգմանչին, որին տրամադրել էին իրեն։ Հարցաքննության չորրորդ փուլում նրա պահանջով Ռ.Ս.-ին տրամադրվել է հունգարերենից դեպի իր մայրենի լեզվի թարգմանիչ։
13. Ադրբեջանի կառավարությունը վիճարկել է, թե արդյոք Ռ.Ս.-ն Գ.Մ.-ին սպանել է զուտ նրա ազգությամբ հայ լինելու պատճառով։ Այդ նպատակով նրանք վարույթի բողոքարկման փուլում Ռ.Ս.-ի պաշտպանի կողմից ներկայացված՝ երդմամբ հայտարարություն են ներկայացրել, որում նշված էր, որ չկար որևէ ողջամիտ ապացույց առ այն, որ հանցագործությունը կատարվել էր զոհի հայկական ծագման պատճառով կամ ծայրահեղ դաժանությամբ։ Երդմամբ հայտարարության մեջ նաև նշված էր, որ Ռ.Ս.-ի՝ պաշտպանության մասով իրավունքները լրջորեն խախտվել էին Հունգարիայում տեղի ունեցած նրա դատավարության ընթացքում։ Մասնավորապես ոստիկանական հարցաքննության ընթացքում նրան չեն տեղեկացրել իր իրավունքների մասին, և նրան սկզբում տրամադրել են հունգարերենից ռուսերենի թարգմանիչ. լեզու, որը նա չէր հասկանում։
14. Քրեական վարույթի ընթացքում Ռ.Ս.-ն նաև ենթարկվել է չորս հոգեբուժական փորձաքննության։ Այդ փորձաքննություններից երկուսի եզրակացություններով պարզվել է, որ Ռ.Ս.-ն կարող էր հասկանալ իր գործողությունների վտանգավորությունը և հետևանքները։ Թեև նա տվյալ պահին սահմանափակ գիտակցություն է ունեցել, նա տառապել է ոչ թե պաթոլոգիական հոգեբանական վիճակից, այլ մի վիճակից, որը համարվում էր առողջ, սակայն արտացոլում էր իրավիճակի ծանրությունը։ Հոգեբուժական փորձաքննության մեկ այլ եզրակացությամբ նշվել է, որ Ռ.Ս.-ն տառապել է հետտրավմատիկ գերհույզի խանգարմամբ, և մեկ եզրակացություն դատարանի կողմից անընդունելի է համարվել, քանի որ դրանով չեն տրամադրվել համապատասխան հարցերի պատասխանները։
15. 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի բարձրագույն դատարանը Ռ.Ս.-ին մեղավոր է ճանաչել Գ.Մ.-ի բացառիկ դաժան և դիտավորյալ սպանության և առաջին դիմումատուին սպանելու նախապատրաստության մեջ։ Դատարանը նաև եզրակացրել է, որ հանցագործությունները կատարվել են նենգ շարժառիթով և բացառապես զոհերի՝ ազգությամբ հայ լինելու պատճառով։ Առաջին ատյանի դատարանն ուսումնասիրել է հոգեբուժական փորձաքննության բոլոր չորս եզրակացությունները և մանրամասն պատճառաբանություններ է ներկայացրել դրանցից երկուսն ընդունելու համար։ Այն մանրամասն քննության է առել նաև հանցագործությունների ենթադրյալ դիտավորության, Ռ.Ս.-ի՝ ռուսերենին տիրապետելու հարցերը (եզրակացնելով, որ նա վարժ տիրապետում էր այդ լեզվին) և նրա՝ առաջին դիմումատուին սպանելու մտադրության լրջությունը։ Ռ.Ս.-ն դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ երեսուն տարի հետո պայմանական ազատման հնարավորությամբ։
16. Ռ.Ս.-ն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պնդելով, որ, ըստ էության, ռուսերենին վատ տիրապետելու հետևանքով իր հոգեբուժական փորձաքննությունները պատշաճ չեն անցկացվել։ Նա նաև պնդել է, որ ինքը կացինը գնել է ոչ թե դասընթացի հայ մասնակիցներին սպանելու, այլ ինքնապաշտպանության համար։
17. Բուդապեշտի վերաքննիչ դատարանը 2007 թվականի փետրվարի 22-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Երկրորդ ատյանի դատարանը նկատել է, որ լեզվի խնդրի մասով Ռ.Ս.-ին առաջարկվել է դեպի ցանկացած լեզվի թարգմանիչ, որը նա կպահանջեր։ Այն նաև նկատել է, որ առաջին ատյանի դատարանն ուշադրություն է դարձրել Ռ.Ս.-ի գործունակությունը պարզելու հարցին՝ անցկացնելով նրա հոգեկան վիճակի բազմաթիվ գնահատումներ, բազմաթիվ փորձագետների միմյանց հետ առերեսելով և իր գնահատման մեջ տրամաբանական սխալներ չանելով։ Ռ.Ս.-ն ուղարկվել է իր պատիժը Հունգարիայի բանտում կրելու։
Գ. Ռ.Ս.-ի փոխանցումն Ադրբեջանին
18. Ռ.Ս.-ն 2006 և 2008 թվականներին դիմել է իրեն Ադրբեջանին փոխանցելու պահանջով, որպեսզի նրան հնարավորություն տրվի ազատազրկման ձևով իր պատիժն իր հայրենի երկրում կրելու։ Երկու դիմումներն էլ մերժվել են Հունգարիայի իշխանությունների կողմից՝ ենթադրաբար բանտապահի նկատմամբ բռնություն գործադրելու համար Հունգարիայում նրա նկատմամբ ընթացող մեկ այլ չփոխկապակցված քրեական վարույթի պատճառով (տե՛ս ստորև՝ 188-րդ պարբերությունը)։
19. 2012 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանը Ռ.Ս.-ին փոխանցելու նոր դիմում է ներկայացրել։ Հունգարիայի իշխանությունների կողմից «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Փոխանցման մասին կոնվենցիա, տե՛ս ստորև՝ 38-րդ պարբերությունը) 6-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն ներկայացված խնդրանքի հիման վրա 2012 թվականի օգոստոսի 15-ին Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նրանց տեղեկացրել է, որ արտերկրում դատապարտված բանտարկյալի փոխանցման դեպքում պատժի կատարումը կշարունակվի Ադրբեջանում՝ առանց պատժի որևէ «փոխարկման»։ Բացի այդ, գրությամբ նշվել է, որ Ադրբեջանում ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել միայն առնվազն քսանհինգ տարի ազատազրկում կրելուց հետո։ 2012 թվականի օգոստոսի 17-ին Հունգարիայի արդարադատության նախարարը համաձայնություն է տվել Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելուն՝ նրա պատժի մնացած մասն այնտեղ կրելու նպատակով։
20. 2012 թվականի օգոստոսի 31-ին Ռ.Ս.-ն փոխանցվել է Ադրբեջանին։ Ժամանումից հետո նա ազատ է արձակվել նույն օրն արձակված նախագահական ներման հիման վրա։
21. 2012 թվականի սեպտեմբերի 1-ին Ռ.Ս.-ն Պաշտպանության նախարարից պետական արարողության ընթացքում ստացել է առաջխաղացում՝ մայորի կոչում։ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին նրան տրամադրվել է պետական բնակարանային ֆոնդին պատկանող բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունք և չպարզված օրը նրան նաև տրամադրվել է ութ տարվա հաշվով աշխատավարձ։
22. Ռ.Ս.-ին ազատ արձակելուց հետո՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հունգարիայի կառավարությունը հայտարարություն է արել ի պատասխան Ռ.Ս.-ի փոխանցմանը և ներմանը՝ կրկին նշելով այդ փոխանցման համար Փոխանցման մասին կոնվենցիայով սահմանված պայմանները։ Ավելին, այն կրկին նշել է այն փաստը, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նշել էր, որ այն արարքը, որի համար նշանակվել էր պատիժը, Ադրբեջանում համարվում էր հանցանք, որը պատժվում էր ցմահ ազատազրկմամբ՝ ամենաշուտը միայն քսանհինգ տարի հետո ազատ արձակվելու հնարավորությամբ։ Ի հավելումն, ստացվել էին հավաստիացումներ առ այն, որ Ռ.Ս.-ի պատիժը չէր փոխարկվի, այլ կշարունակվեր կատարվել՝ համաձայն Հունգարիայի դատարանների վճռի։
23. Հունգարիայի կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 2-ի մամուլի հաղորդագրության մեջ արտահայտել է Ռ.Ս.-ին տրված նախագահական ներմանը և արդյունքում միջազգային իրավունքի խախտմանն իր հավանությունը չտալու մասին՝ ընդգծելով, որ այն գործել է բոլոր վերաբերելի միջազգային կանոններին համապատասխան։
24. Հունգարիայի հիմնարար իրավունքների հարցերով հանձնակատարի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված զեկույցում դիտարկվել է, որ Ռ.Ս.-ի փոխանցումը փաստացի հաստատվել է (թեև չի կատարվել) նախքան Ադրբեջանի իշխանություններից որևէ երաշխիք ստանալը։ Հանձնակատարի կարծիքով՝ Հունգարիայի իշխանությունները պետք է Ադրբեջանից պահանջած լինեին երաշխիքներ առ այն, որ այն Ռ.Ս.-ին ներում չէր շնորհի՝ առնվազն առանց Հունգարիայի նախնական գիտության։ Դա չանելը վտանգել է օրենքի գերակայությունը և իրավական որոշակիության պահանջը։ Հանձնակատարն այնուհետև շեշտել է, որ Հունգարիայի իշխանությունները պետք է տեղյակ լինեին այն փաստի մասին, որ Ռ.Ս.-ին փոխանցելուց հետո նրան ներում կշնորհվեր, և որ երկու երկրների հասարակությունները նրա արարքները հիմնովին տարբեր կերպ էին գնահատում։
Դ. Ադրբեջանցի պաշտոնատար անձանց և հանրային գործիչների հայտարարությունները
25. Դիմումատուները մատնանշել են, որ Ադրբեջանի նախագահի կայքում ստեղծվել էր «Երախտագիտության նամակներ [Ռ.Ս.-ի] վերաբերյալ» վերտառությամբ հատուկ բաժին, որտեղ անհատները կարող էին իրենց շնորհավորանքներն արտահայտել նրա ազատ արձակման և ներման կապակցությամբ։ Նրանք նաև ներկայացրել են ստորև բառացի մեջբերված հայտարարությունները, որոնք, ըստ նրանց, արվել են բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնատար անձանց և հանրային գործիչների ու այլ անհատների կողմից՝ սպանության և սպանության փորձից հետո կամ Ռ.Ս.-ին ներում շնորհելուց հետո։ Ադրբեջանի կառավարությունը չի վիճարկել այդ հայտարարությունների իսկությունը։
«Ռ.Ս.-ն պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»: Էլմիրա Սուլեյմանովա, Ադրբեջանի օմբուդսմեն (2004թ.)։
«Հայերը լավ կանեն խաղաղ չքնեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել. չի կարելի բացառել Բուդապեշտի միջադեպին նման միջադեպերի հնարավորությունը»: Ագշին Մեհդիև, դեսպան, Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ (2004թ.)։
«... Եթե ներկա փուլում Ադրբեջանի հանրությունը չկարողանա [Ռ.Ս.-ին] փրկել Հայաստանի սփյուռքի ձեռքերից, ապա մենք ապագայում չենք կարողանա հաղթել Ադրբեջանի օկուպացված հողերի ազատագրման համար մղվող պատերազմը»: Գյուլթեկին Գաջիևա, այն ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ (2004թ.)։
«Եթե հիմա չկարողանանք պաշտպանել [Ռ.Ս.-ին], ապա Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում ապագայում Հայաստանի դեմ զենք կբարձրացնի»: Զախիդ Օռուջ, Ադրբեջանի խորհրդարանի անդամ (2004թ.)։
«[Ռ.Ս.-ն] պետք է հայրենասիրության խորհրդանիշ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար։ Հետևաբար խնդրում ենք ադրբեջանցի սպային բարձր պարգև շնորհել այդպիսի խիզախության համար»: Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն (2005թ.)։
«Սիրելի՛ [Ռ.Ս.]։ Շնորհավո՛ր։ Ինշալլահ, ցանկանում եմ, որ դու քո երեսունհինգերորդ տարեդարձը տանը տոնես։ Հունգարիայի բանտում քեզ հանդիպելուց և հետդ երկար զրուցելուց հետո ես ճակատագրին շնորհակալ եմ, որ մոտիկից ծանոթ եմ այսպիսի հայրենասեր երիտասարդի հետ, որը սիրում է իր երկիրը»: Ադրբեջանի խորհրդարանի անդամ (2011թ.)։
«Մենք բոլորս երազում ենք, որ [Ռ.Ս.-ն], որն օրինակ է Ադրբեջանի ցանկացած քաղաքացու համար, վերադառնա հայրենիք։ Այնուամենայնիվ, դժբախտաբար դա դեռևս հնարավոր չէ։ Այսպիսով, որո՞նք են այն պատճառները, որոնց հետևանքով նրա հանձնմանը հասնելը հնարավոր չի եղել։ Իհարկե, մեր թշնամիները խոչընդոտում են դա, նրանք գործադրում են ցանկացած հնարավոր ջանք, որպեսզի կանխեն նրա վերադարձը հայրենիք։ Եվ դա հասկանալի է. նրանք [Ռ.Ս.-ի] նման հերոսներ չունեն և երբեք չեն ունենա. հերոսներ, որոնք սիրում են իրենց հայրենիքը, իրենց ժողովրդին, սիրում են իրենց ազգն ավելի, քան իրենք իրենց, և մտահոգվում են դրա պատվով։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք [Ռ.Ս.-ի] նման բազմաթիվ երիտասարդ տղամարդիկ և կանայք, որոնք անձնվեր հայրենասերներ են»: Էլնարա Քերիմովա (2011թ.)։
«2004 թվականին [Ռ.Ս.-ն] կացնահարելով սպանեց հայ սպայի։ Սկզբում մարդիկ աջակցում էին նրան, իսկ հետո մոռացան նրան։ Երբ Էյնուլլահ Ֆաթուլլաևն արգելանքի տակ էր գտնվում, ավելի շատ մարդիկ կային, որոնց սրտերը ցավում էին նրա համար, քան [Ռ.Ս.-ի] համար, որը սպանել է հայ ստրուկի»: Չինարե Վուքար (2011թ.)։
«Ներկայումս [Ռ.Ս.-ին], որը Հունգարիայի բանտում պատանդ է, ազգային հերոսի կոչում շնորհելը կարող է դառնալ Ադրբեջանի երիտասարդության շրջանում հայրենասիրական և մարտական ոգին բարձրացնելու հենասյուն և հիմք ... Նրան ստիպել են ընտրել այդ ուղին, և որպես իսկական սպա նա պատժել է, իսկապես թուրքական եղանակով, այն մարդուն, որը վիրավորել է անկախ Ադրբեջանի դրոշը։ Հայրենիքն այս սխրագործությունը պետք է գնահատի ըստ էության։ Պարո՛ն նախագահ, ադրբեջանցի երիտասարդների անունից մենք Ձեզ՝ որպես նախագահի և զինված ուժերի գլխավոր հրամանատարի, խնդրում ենք [Ռ.Ս.-ին] շնորհել ազգային հերոսի կոչում և հավերժացնել նրա անունը»: Զաուր Ալիև, «Սփյուռք և լոբբի» ռազմավարական հետազոտական կենտրոնի ղեկավար (2011թ.)։
«[Ռ.Ս.-ն] ազա՜տ է արձակվել։ Շնորհավո՛ր, ադրբեջանցի ժողովուրդ։ Մենք շնորհակալ ենք երկրի նախագահին [Ռ.Ս.-ին] Ադրբեջան վերադարձնելու և նրան ներում շնորհելու համար»: Գանիրա Փաշաևա, Խորհրդարանի անդամ (2012թ.)։
«[Ռ.Ս.-ն] կատարել է ադրբեջանցի ժողովրդի առջև իր պարտքը. պետությունը և հանրությունը [Ռ.Ս.-ին] գնահատել են ըստ էության»: Ակիֆ Նագի, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ (2012թ.)։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ներում շնորհելու մասին հրամանն արժանի է բարձրագույն գովասանքի։ Պաշտպանության նախարարությունն ուրախ է եղել լսել [Ռ.Ս.-ին] Հունգարիայից Ադրբեջանին հանձնելու և այնուհետև նրան ներում շնորհելու մասին նորությունը»: Թեյմուր Աբդուլլաև, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի գրասենյակի ղեկավարի տեղակալ (2012թ.)։
«Այն նախագահ Իլհամ Ալիևի մարդասիրության, Ադրբեջանի քաղաքացիների մասին նրա հոգալու ևս մեկ ապացույց է դարձել»: Էլմիրա Սուլեյմանովա, Ադրբեջանի օմբուդսմեն (2012թ.)։
«Այդ պատճառով անհրաժեշտ է պայմաններ ստեղծել այնպիսի սպաների ծառայության համար, ինչպիսին է [Ռ.Ս.-ն], որոնք պատրաստ են զոհաբերել իրենց, Ադրբեջանի հայրենասերներ»: Բահար Մուրադովա, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ (2012թ.)։
«Ուկրաինայի ադրբեջանական սփյուռքի բազմահազար ներկայացուցիչներ շատ ուրախ են եղել իմանալ ադրբեջանական բանակի սպա [Ռ.Ս.-ի] հանձնման և ներման մասին»: Հիկմեթ Ջավադով, Ուկրաինայում ադրբեջանցիների կոնգրեսի պատվիրակ (2012թ.)։
«[Ռ.Ս.-ի] հանձնումն ադրբեջանական կողմին և նրա ներումը հաճելի իրադարձություններ են ամբողջ Ադրբեջանի համար և արդարության հաղթանակի ապացույց են»: Ռաուֆ Մարդիև, «Իրելի» հանրային միավորման նախագահ (2012թ.)։
«Եվ ես լիովին համոզված եմ, որ շատ բնական է, որ [Ռ.Ս.-ին] Ադրբեջանում ողջունել են որպես հերոսի»: Գեյդար Ջեմալ, քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ (2012թ.)։
«[Ռ.Ս.-ին] ներում շնորհելով՝ Ադրբեջանի նախագահն ամբողջ աշխարհին բացատրեց, որ իրենց Հայրենիքի համար աշխատող մարդիկ պետք է պաշտպանեն այն»։ Արազ Ալիզադե, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (2012թ.)։
«Իմ կարծիքով, նրա հանձնման մասին որոշումը ճիշտ էր։ Եվ պատշաճ է, որ պետության ղեկավարը ներում շնորհելու մասին որոշումն այդքան արագ ընդունեց՝ առանց հետ նայելու հայկական աղմուկին։ Այն նաև համընկնում է հանրության ակնկալիքների հետ»: Ռասիմ Մուսաբեկով, Ադրբեջանի խորհրդարանի անդամ (2012թ.)։
«Մեր կարծիքով, դա արդար որոշում է, որն անկասկած մեր թշնամիներին ստիպում է անհանգստանալ։ Այնուամենայնիվ, մեզ դա չի հետաքրքրում, քանի որ յուրաքանչյուր ադրբեջանցու նպատակն է պայքարել իր թշնամիների դեմ, որտեղ էլ որ նա լինի»: Աբուլֆազ Գարաև, Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար (2012թ.)։
«Մարդիկ Ադրբեջանին հանձնումից հետո ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանը մեծ հաճույքով և բավարարվածությամբ ընդունեցին»: Ալի Ախմեդով, «Նոր Ադրբեջան» կուսակցության (ՆԱԿ) փոխնախագահ, գործադիր քարտուղար, Խորհրդարանի անդամ։
«[Ռ.Ս.-ին] վերադարձրել են իր հայրենիք, և հենց այդ նույն օրը ստորագրվել է նրան ներում շնորհելու մասին հրամանը։ Կարծում եմ, որ կարևոր է, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև տվյալ խնդիրը լուծվեց, և այն անձինք, որոնք աշխատել են այդ ուղղությամբ, գովասանքի են արժանի։ [Ռ.Ս.-ն] խստորեն պատժվել է իր գործողության համար, իր լուրջ սխալի համար, Հունգարիայում եղած ժամանակ նա հատկապես անթերի է իրեն պահել, սովորել է լեզուն, գրքեր է թարգմանել։ Նրա ժամանումն իր հայրենիք, նրա ազատ արձակումը շատ դրական փաստ է. շնորհավորում եմ նրա ընտանիքին և ազգականներին»: Իսա Գամբար, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ (2012թ.)։
«Անձամբ ես Ադրբեջանի նախագահի՝ Ռ.Ս.-ին ներում շնորհելու մասին հրամանը գնահատում եմ որպես պետության ղեկավարի կատարած խիզախ և քաջ քայլ, ինչպես նաև արդարության վերականգնում .... Չմոռանանք, որ [Ռ.Ս.-ն] և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի սադրանքների զոհերն են։ [Ռ.Ս.-ն] ազատ է, հիմա հերթը Լեռնային Ղարաբաղինն է, որը շատ շուտով անկախ կլինի։ Մոտ է այն օրը, երբ երկրի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևը կհայտարարի Լեռնային Ղարաբաղի անկախության մասին.1»: Ալի Ախմեդով, «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ (2012թ.)։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի սպա [Ռ.Ս.-ին] ներում շնորհելը շատ ուրախ իրադարձություն է... [Ռ.Ս.-ի] հանձնումը Հունգարիայից Ադրբեջանին և նրան շնորհված ներումը տրամաբանորեն բխում են հայրենասեր սպային ազատ արձակելու մասով Ադրբեջանի նախագահի վարած քաղաքականությունից ... Տրամաբանորեն, [Ռ.Ս.-ի] ազատ արձակումը մեր հայրենասերներին և ազգային ոգի ունեցող մարդկանց դարձրած ուշադրության ապացույցն է... Այն ժամանակ [Ռ.Ս.-ի] կատարած գործողությունները հարկադրված էին։ Հայի կողմից մեր ազգի նկատմամբ ցուցաբերված անարգանքը, մեր զգացմունքները վիրավորելը ստիպել են նրան կատարել այդ քայլը... [Ռ.Ս.-ի] բարոյական գերակայությունը ցույց է տրվել նրա ազատազրկման ընթացքում»: Մուբարիզ Քուրբանիի, «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ և Խորհրդարանի անդամ (2012թ.)։
«Այս քաջ քայլը, որը կատարել է պետության ղեկավարը, ցույց է տալիս, որ որպես Ադրբեջանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար նա աջակցում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինվորի և սպայի։ Սա նաև թշնամու դեմ համերաշխության կոչ է ամբողջ ադրբեջանցի ժողովրդին» Ֆուադ Ալեսկերով, Ադրբեջանի նախագահի վարչակազմի Իրավապահ մարմինների հետ աշխատանքի վարչության պետ (2012թ.)։
«Այս իրադարձությունը մեզանից յուրաքանչյուրի համար ուրախության և հպարտության պատճառ է։ Մեր զինվորին՝ իր ազգի նվիրյալ զավակին այստեղ տեսնելը, որին բանտարկել էին զուտ այն պատճառով, որ նա պաշտպանել էր իր հայրենիքի և ժողովրդի փառքն ու պատիվը, շատ տպավորիչ է... Հայաստանյան կողմը հակաադրբեջանական արշավ է սկսել, այս հարցի վերաբերյալ հորինել է ամեն տեսակի զրպարտություն։ Ահա, թե ինչու էր անհրաժեշտ [Ռ.Ս.-ին] Ադրբեջանին փոխանցելու մասով քայլերը կատարել լիակատար գաղտնի։ Մեկ տարվա ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի խիստ հսկողության ներքո գաղտնի բանակցություններ են վարվել և հաղորդակցություն է իրականացվել, այդ թվում՝ Հունգարիայի իրավապահ մարմինների հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունը խիստ կարևոր դեր խաղաց այս հարցում։ [Ռ.Ս.-ն] Ադրբեջանին է փոխանցվել Ադրբեջանի նախագահի վճռականության և կամքի շնորհիվ»: Նովրուզ Մամմադով, Ադրբեջանի նախագահի վարչակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ (2012թ.)։
«[Ռ.Ս.-ի] ազատ արձակումն ամրապնդել է ազգի հեղինակությունը։ [Ռ.Ս.-ն] ոչ միայն իր հոր որդին է, այլև ադրբեջանցի ժողովրդի ներկայացուցիչը ... այս իրադարձությունը կարող է բարձրացնել ազգային ոգին ... [Ռ.Ս.-ն] կպայքարի հայերի դեմ Ղարաբաղի ճակատում։ Ես վստահ եմ, որ այսօր միմյանց շնորհավորող մարդիկ միմյանց կշնորհավորեն օկուպացված հողերի ազատագրման առթիվ»: Զահիդ Օռուջ, Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ (2012թ.)։
26. Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է տարբեր պաշտոնատար անձանց կողմից արված հետևյալ հայտարարությունները.
«... [Ռ.Ս.-ի] հանձնման հարցն Ադրբեջանի ազգային և հանրային խնդիր էր բառիս բոլոր իմաստներով... Իհարկե, [Ռ.Ս.-ի] կատարած արարքը երբեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հավանության չի արժանացել, այդ արարքի համար նա ձերբակալվել է Հունգարիայի դատարանի կողմից, և մենք կարծում ենք, որ դա համապատասխանում է կատարված արարքին։ Սակայն կա մեկ հարց, որն Ադրբեջանի հասարակությունը քննարկել է տարիներ շարունակ.... Այդ ժամանակ Հունգարիայի դատարանը [Ռ.Ս.-ի] նկատմամբ չափազանց դաժան է վարվել և հայերի ծանր ճնշման, այդ թվում՝ որոշ հայամետ սփյուռքի ներկայացուցիչների և օտարերկրյա կազմակերպությունների ճնշման ներքո նրա նկատմամբ նշանակել է ոչ համաչափ պատիժ։ [Ռ.Ս.-ի] կատարած հանցագործության համար եվրոպական պետությունները, Ադրբեջանը և հենց Հայաստանը և այլ պետություններ նշանակում են տասնհինգ տարի ժամկետով պատիժ, և պատժի կեսը կրելուց հետո բանտարկյալը լավ վարքի համար համաներմամբ ազատ է արձակվում։ Հետևաբար Հունգարիայի դատարանի կայացրած պատիժն ութ ու կես տարի շարունակաբար ադրբեջանցի ժողովրդի կողմից դիտարկվել է որպես ոչ համաչափ որոշում... Արդյունքն ակնհայտ է, և այսօր՝ ութ ու կես տարի պատիժը կրելուց հետո, Ադրբեջանի հասարակությունը [Ռ.Ս.-ի] ազատ արձակումը համարում է արդար արարք։ Փաստորեն, Ադրբեջանի նախագահը [Ռ.Ս.-ին] ներում է շնորհել՝ օգտագործելով ինչպես այդ ժամանակվա ընթացքում ձևավորված կարծիքը, այնպես էլ գուցե նաև Ադրբեջանի օրենսդրությամբ ստեղծված կարծիքը... Ադրբեջանի իշխանությունները և սոցիալ-քաղաքական շրջանակները [Ռ.Ս.-ի] կատարած արարքը հերոսական չեն համարում... Մենք կարծում ենք, որ Ռ.Ս.-ն պետք է պատասխան տա նրա համար, ինչ արել է, և նա պատասխան տվել է։ Սակայն նրա նկատմամբ կայացված պատժի ոչ համաչափությունը որոշ չափով Ադրբեջանի հանրությանը հակել է դեպի [Ռ.Ս.-ն]...»։ Ալի Հասանով, Ադրբեջանի նախագահի վարչակազմի Սոցիալական և քաղաքական վարչության պետ (2012թ.)։
«Ինչ վերաբերում է հերոսացման խնդրին, ապա փաստերն ակնհայտորեն խեղաթյուրված են՝ դրանք ուռճացնելու համար։ Թեև մենք ներկայացրեցինք ողբերգական պատճառներ, որոնք հանգեցրել են ծանր իրադարձության, [Ռ.Ս.-ի] գործողությունները պաշտոնական մակարդակով երբևէ հավանության չեն արժանացել կամ չեն արդարացվել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձինք նրան չեն ողջունել...»։ Ադրբեջանի արդարադատության նախարարության պատվիրակության հայտարարությունը Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 31-րդ համաժողովին (2012թ.)։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Ադրբեջան
27. Ադրբեջանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 12-ի սահմանադրությունը 2002 թվականի օգոստոսի 24-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով նախատեսում է հետևյալը.