Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Ներում, համաներում, պատժի մեղմացում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ներում, համաներում, պատժի մեղմացում

«Յուրաքանչյուր Կողմ, իր սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, կարող է շնորհել ներում, համաներում կամ մեղմացնել պատիժը»։

39. «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության հայտարարությունը, որը պարունակվում էր Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված վավերացման փաստաթղթում, ունի հետևյալ բովանդակությունը.

«Համաձայն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի՝ Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված դատապարտյալների ներմանը և համաներմանը վերաբերող որոշումները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի Հանրապետության իշխանության համապատասխան իրավասու մարմինների հետ»։

40. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ««Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի գործողությունը. քննադատական վերլուծություն և առաջարկություններ» 1527 (2001) հանձնարարականն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«1. «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով (ԵՊՇ թիվ 112) նախատեսվում է օտարերկրյա բանտարկյալների փոխանցումն իրենց հայրենիք, ինչպես հենց իրենց համար, այնպես էլ այն պատճառով, որ փոխանցումը բարձրացնում է վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման մակարդակը և հետևաբար նվազեցնում է ռեցիդիվի մակարդակը։ …

9. Վերոնշյալ պատճառներով Վեհաժողովն առաջարկում է, որ Նախարարների կոմիտեն՝ …

9.3. կազմի անդամ պետությունների համար նոր առաջարկություն Կոնվենցիայի մեկնաբանության և կիրառման վերաբերյալ՝ հետևյալ նպատակներով.

բ. հստակորեն նշելու, որ Կոնվենցիան նախատեսված չէ բանտարկյալներին իրենց հայրենի երկիր վերադառնալուն պես անհապաղ ազատ արձակելու համար օգտագործվելու նպատակով. ...»։

41. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ««Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի (ԵՊՇ թիվ 112) չարաշահումով օգտագործումը կանխելուն ուղղված միջոցառումնեի մասին» 2022 (2014) բանաձևն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«1. «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայով (ԵՊՇ թիվ 112) նախատեսվում է օտարերկրյա բանտարկյալների փոխանցումն իրենց հայրենիք։ Դրա նպատակն առաջնայնորեն մարդասիրական է՝ բարելավել բանտում պահվող անձանց վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման հեռանկարները։

3. Վեհաժողովը մտահոգությամբ նշում է, որ Կոնվենցիան վկայակոչվել է [Ռ.Ս.-ին]՝ Հունգարիայում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից հովանավորվող «Գործընկերություն հանուն խաղաղության» վերապատրաստման ծրագրի՝ գործընկեր հայ մասնակցին սպանելու համար դատապարտված ադրբեջանցի զինվորին Ադրբեջանին փոխանցելուց հետո անհապաղ ազատ արձակելը հիմնավորելու համար։ Ադրբեջան ժամանելուց հետո նրան ողջունել են որպես ազգային հերոսի և շնորհել են անհապաղ ներում՝ Հունգարիայի դատարանի կողմից սահմանված պատժի նվազագույն ժամկետը լրանալուց շատ ավելի շուտ, և հետադարձ ուժով առաջխաղացում, ինչպես նաև այլ պարգևներ։

4. Թեև ճանաչելով, որ Կողմ պետությունները Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ուժով ունեն ազատազրկման դատապարտված անձանց ներում և համաներում շնորհելու ինքնիշխան իրավունք, Վեհաժողովը հիշեցնում է, որ միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքը ճանաչվել է, ի թիվս այլնի, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայով, և օրենքի գերակայության սկզբունքով պահանջվում է, որ պայմանագրերը մեկնաբանվեն դրանց խնդիրներին և նպատակներին համահունչ։

5. Հետևաբար Վեհաժողովը՝

5.1. դատապարտում է Կոնվենցիայի 12-րդ հոդվածն Ադրբեջանի կողմից [Ռ.Ս.-ի] գործով օգտագործվելը՝ որպես միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքների խախտում.

5.2. հաստատում է ««Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի գործողությունը. քննադատական վերլուծություն և առաջարկություններ» 1527 (2001) հանձնարարականում արտահայտած իր այն դիրքորոշումը, որ Կոնվենցիան նախատեսված չէ բանտարկյալներին իրենց սեփական երկիր վերադառնալուց հետո անհապաղ ազատ արձակելու համար օգտագործվելու նպատակով.

5.3. ընդգծում է Կոնվենցիան բարեխղճորեն կիրառելու և դրա դրույթները մեկնաբանելիս օրենքի գերակայության սկզբունքներին ենթարկվելու կարևորությունը, մասնավորապես՝ փոխանցման գործերով, որոնք կարող են ունենալ քաղաքական կամ դիվանագիտական ենթատեքստեր.

5.4. Կոնվենցիայի կողմ պետություններին առաջարկում է, որ անհրաժեշտության դեպքում Դատապարտող և Կատարող պետությունները ձեռք բերեն հատուկ պայմանավորվածություններ՝ Կոնվենցիայով նախատեսված փոխանցման համաձայնագրի հավելվածի ձևով, որում կհստակեցվեն փոխադարձ ակնկալիքները, և կնախատեսվեն Կատարող պետության կողմից պատշաճ երաշխիքներ»։

IV. Եվրոպական միության համապատասխան նյութերը

42. [Ռ.Ս.-ի] գործով (2012/2785(RSP)) Ադրբեջանի վերաբերյալ իր՝ 2012 թվականի սեպտեմբերի 13-ի բանաձևում Եվրոպական պառլամենտը որոշել է հետևյալը.

«Եվրոպական պառլամենտը,

Ա. քանի որ [Ռ.Ս.-ն] 2004 թվականից սկսած բանտարկված է եղել Հունգարիայի բանտում՝ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ընթացքում հայ գործընկերոջը դաժանորեն սպանելուց հետո. քանի որ [Ռ.Ս.-ն] իրեն մեղավոր է ճանաչել և զղջում չի արտահայտել՝ պաշտպանելով իր գործողությունն այն հիմքով, որ զոհը հայ էր.

Բ. քանի որ 2012 թվականի օգոստոսի 31-ին [Ռ.Ս.-ն]՝ Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտը, որը Հունգարիայում մեղավոր էր ճանաչվել սպանության կատարման համար և դատապարտվել էր ցմահ ազատազրկման, Ադրբեջանի իշխանությունների վաղուց ներկայացված դիմումով փոխանցվել է Ադրբեջանին.

Գ. քանի որ [Ռ.Ս.-ին] Ադրբեջանին փոխանցելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը և «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածին համահունչ.

Դ. քանի որ «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի, որը ստորագրող կողմեր են Հունգարիան և Ադրբեջանը, 9-րդ հոդվածով նշվում է, որ մեկ պետության տարածքում դատապարտված անձը կարող է փոխանցվել մեկ այլ պետության տարածք՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը կրելու համար՝ պայմանով, որ այդ Կոնվենցիայում սահմանված պայմանները բավարարվում են.

Ե. քանի որ Ադրբեջանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիլայաթ Զահիրովը 2012 թվականի օգոստոսի 15-ին պաշտոնական գրություն է ուղարկել Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարություն, որում նշել է, որ օտարերկրյա պետությունների դատարանների՝ դատապարտյալների փոխանցման մասին որոշումների կատարումը, որպեսզի նրանք իրենց՝ ազատազրկման ձևով պատժի մնացած մասը կրեն Ադրբեջանի Հանրապետությունում, իրականացվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ առանց նրանց պատժի որևէ փոխարկման. քանի որ նա այնուհետև երաշխավորել է, որ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն՝ ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտված անձի պատիժը կարող է դատարանի կողմից փոխարինվել միայն կոնկրետ ժամկետով ազատազրկմամբ, և որ դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել միայն իր՝ ազատազրկման ձևով պատժի ժամկետից առնվազն 25 տարին կրելուց հետո. և քանի որ Ադրբեջանի իշխանություններն այնուհետև ժխտել են Հունգարիայի իշխանություններին որևէ դիվանագիտական երաշխիք տված լինելու փաստը.

Զ. քանի որ [Ռ.Ս.-ին] Ադրբեջանում փառահեղ են ընդունել, և վերադառնալուց մի քանի ժամ հետո նրան նախագահական ներում է շնորհվել, նա ազատ է արձակվել և պետական արարողության ընթացքում ստացել է առաջխաղացում՝ մայորի կոչում.

Է. քանի որ [Ռ.Ս.-ին] ազատ արձակելու որոշումն առաջացրել է հավանություն չտալու և դատապարտելու լայնածավալ միջազգային արձագանքներ.

1. Ընդգծում է օրենքի գերակայության և ստանձնած հանձնառությունները հարգելու կարևորությունը.

2. Ցավում է Ադրբեջանի նախագահի՝ Եվրոպական միության անդամ պետության դատարանների կողմից դատապարտված մարդասպան [Ռ.Ս.-ին] ներում շնորհելու մասին որոշման համար. այդ որոշումը համարում է քայլ, որը կարող է նպաստել երկու երկրների միջև լարվածության հետագա ավելացմանը, և որն ավելի է խորացնում անարդարության զգացումը և խորացնում այդ երկրների միջև տարաձայնությունները, և այնուհետև մտահոգվում է, որ այդ արարքը վտանգում է տվյալ համայնքներում խաղաղ հաշտության բոլոր գործընթացները և կարող է վտանգել տարածաշրջանում ժողովուրդը ժողովրդի հետ հնարավոր հետագա խաղաղ շփման զարգացումը.

3. Համարում է, որ թեև [Ռ.Ս.-ին] շնորհված նախագահական ներումը համապատասխանում է «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի տառին, այն հակասում է այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որի վերաբերյալ բանակցել են մեկ պետության տարածքում դատապարտված անձին իր պատժի մնացած մասը կրելու համար մեկ այլ պետության տարածք փոխանցելը հնարավոր դարձնելու համար.

4. [Ռ.Ս.-ին] շնորհված նախագահական ներումը համարում է Հունգարիայի իշխանություններին Ադրբեջանի՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի հիման վրա փոխանցում կատարելու մասին դիմումում տրված դիվանագիտական երաշխիքների խախտում.

5. Ցավում է Ադրբեջանում [Ռ.Ս.-ին] նրա ժամանումից հետո որպես հերոսի ընդունելության և նրան առաջխաղացում՝ մայորի կոչում տալու և նրան նախորդ ութ տարիների աշխատավարձ վճարելու մասին որոշման համար և մտահոգված է այն օրինակով, որ դա սահմանում է հետագա սերունդների համար, և այն առաջխաղացման և ճանաչման համար, որ նա ստացել է ադրբեջանական պետությունից.

6. Արտահայտում է այն տեսակետը, որ Ադրբեջանում և Հայաստանում Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացում որևէ էական առաջընթացի բացակայության շուրջ հիասթափությունը չի արդարացնում ո՛չ վրեժխնդրությունը, ո՛չ էլ ապարդյուն սադրանքները, որոնք էլ ավելի են մեծացնում արդեն իսկ լարված և փխրուն իրավիճակի լարվածությունը.

...»։

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. Նախնական ՀԱՐՑԵՐ

Ա. Locus standi (իրավասություն)

43. Երկրորդ դիմումատուն մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրա կինը և երեխաներն արտահայտել են գանգատը նրա անունից շարունակելու ցանկություն։

44. Պատասխանող Կառավարությունն այս մասով որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:

45. Դատարանը նկատում է, որ տարբեր գործերում, որոնց դեպքում դիմումատուն մահացել է Կոնվենցիայի առնչությամբ ընթացող վարույթի ընթացքում, այն հաշվի է առել դիմումատուի այն ժառանգների կամ ընտանիքի մերձավոր անդամների հայտարարությունները, որոնք արտահայտել են գանգատը շարունակելու ցանկություն (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, «Իրավաբանական ռեսուրսների կենտրոնը» Վալենտին Կամպեանուի անունից ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 97, ՄԻԵԴ 2014, և Բիտիևան և X-ն ընդդեմ Ռուսաստանի [Bitiyeva and X v. Russia], թիվ 57953/00 և 37392/03, § 92, 2007 թվականի հունիսի 21): Դատարանը համարում է, որ երկրորդ դիմումատուի կինը և երեխաները, որոնք հայտարարել են վարույթը շարունակելու իրենց մտադրության մասին, իրավաչափ շահ ունեն այն եզրահանգմանը հասնելու համար, որ տեղի է ունեցել իրենց ազգականի՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում (տե՛ս Իգոր Շևչենկոն ընդդեմ Ուկրաինայի [Igor Shevchenko v. Ukraine], թիվ 22737/04, § 36, 2012 թվականի հունվարի 12)։

46. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմումատուի ժառանգներն ունեն այդ վարույթը շարունակելու դատավարական իրավունակություն։

Բ. Գանգատի ratione loci (ըստ վայրի չափանիշի) համատեղելիությունը

47. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ Ադրբեջանի կառավարության կողմից որևէ առարկություն չի ներկայացվել սույն գործով Դատարանի ratione loci-ի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ գործը ներառում է փաստեր, որոնք առաջացել են ավելի, քան մեկ երկրում, Դատարանը պետք է այս հարցն ուսումնասիրի իր սեփական նախաձեռնությամբ (տե՛ս Ալիևան և Ալիևն ընդդեմ Ադրբեջանի [Aliyeva and Aliyev v. Azerbaijan], թիվ 35587/08, § 56, 2014 թվականի հուլիսի 31)։

48. Դատարանը վերջերս Գյուզելյուրթլուն և այլք ընդդեմ Կիպրոսի և Թուրքիայի [ՄՊ] [Güzelyurtlu and Others v. Cyprus and Turkey [GC]] գործով (թիվ 36925/07, §§ 178-190, 2019 թվականի հունվարի 29) իրավազորության մասով իր նախադեպային իրավունքն ամփոփել է հետևյալ կերպ.

«178. 1-ին հոդվածում նշված «իրավազորությունը» սահմանային չափանիշ է։ … Ինչպես Դատարանն ընդգծել է, միջազգային հանրային իրավունքի տեսանկյունից իրավազորության մասով պետության իրավասությունը հիմնականում տարածքային է ...

181. Մինչ օրս եղել են շատ քիչ թվով գործեր, որոնցով Դատարանը ստիպված է եղել քննել 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի համաձայն ներկայացված բողոքներ, որոնցում մահը վրա է հասել այն պետությունից տարբեր այլ իրավազորությունում, որի մասով պնդում են, որ առաջանում է դատավարական պարտավորություն։

188. Վերոնշյալ նախադեպային իրավունքի լույսի ներքո թվում է, որ, եթե Պայմանավորվող պետության քննչական կամ դատական մարմիններն իրենց սեփական քննությունը կամ վարույթն են հարուցում մահվան առնչությամբ, որն առաջացել է այդ պետության իրավազորությունից դուրս, իրենց ներպետական իրավունքի ուժով ..., այդ քննության կամ վարույթի հարուցումը բավարար է 1-ին հոդվածի նպատակներով այդ պետության և զոհի ազգականների միջև իրավազորության մասով կապ հաստատելու համար, ովքեր այնուհետև նախաձեռնում են Դատարանում վարույթի հարուցում ...

190. Եթե Պայմանավորվող պետությունում դրա ներպետական իրավունքի համաձայն քննություն կամ վարույթ չի հարուցվում մահվան կապակցությամբ, որն առաջացել է դրա իրավազորությունից դուրս, ապա Դատարանը ստիպված կլինի որոշել, թե արդյոք կարող է, ամեն դեպքում, իրավազորության մասով կապ հաստատվել, որպեսզի 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորությունն այդ պետության մասով գործի։ Թեև 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորությունը սկզբունքորեն կառաջանա միայն այն Պայմանավորվող պետության նկատմամբ, որի իրավազորության ներքո մահացածին գտել են մահվան պահին, տվյալ գործով «առանձնահատկությունները» կհիմնավորեն այդ մոտեցումից շեղումը՝ համաձայն Ռանցևի [v. Cyprus and Russia, թիվ 25965/04] գործով մշակված սկզբունքների, §§ 243-244, [ՄԻԵԴ 2010 (քաղվածքներ)]։ Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում, որ այն պետք է in abstracto (վերացական կերպով) սահմանի, թե որ «առանձնահատկություններն» են առաջացրել իրավազորության մասով կապը 2-րդ հոդվածով սահմանված՝ քննություն իրականացնելու դատավարական պարտավորության առնչությամբ, քանի որ անհրաժեշտ է, որ այդ առանձնահատկությունները պայմանավորված լինեն յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքներով, և կարող են զգալիորեն տարբերվել մեկ գործից մյուսը»։

49. Դատարանը 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի մասով նշում է, որ ինչպես հանցագործությունները, այնպես էլ Ռ.Ս.-ի դատապարտումը տեղի են ունեցել Հունգարիայում։ Այնուամենայնիվ, Ադրբեջանն այնուհետև հայցել է նրա փոխանցումը՝ ազատազրկման ձևով նրա պատիժն իր հայրենիքում շարունակելու նպատակով՝ Եվրոպայի խորհրդի Փոխանցման մասին կոնվենցիային համահունչ։

50. Այդ կապակցությամբ Դատարանը կրկին հաստատում է, որ կյանքի իրավունքի համատեքստում նշանակված պատժի կատարումը պետք է համարվի պետության՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորության մաս (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Կիտանովսկա Ստանոյկովիչը և այլք ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [Kitanovska Stanojkovic and Others v. the former Yugoslav Republic of Macedonia], թիվ 2319/14, §§ 32-33, 2016 թվականի հոկտեմբերի 13)։ Հետևաբար այն համարում է, որ անկախ նրանից, թե որտեղ են կատարվել հանցագործությունները, այնքանով, որքանով Ադրբեջանը Փոխանցման մասին կոնվենցիայով համաձայնել է և ստանձնել է պարտավորություն՝ շարունակելու Ռ.Ս.-ի՝ ազատազրկման ձևով պատժի կատարումը, որն սկսվել էր Հունգարիայի իշխանությունների կողմից (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը), այն պարտավորված էր դա անել իր՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորությանը համապատասխան (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Ալիևայի և Ալիևի գործը, § 56)։

51. Հետևաբար Դատարանը բավարարված է, որ սույն գործով առկա են «առանձնահատկություններ», որոնք առաջացրել են Ադրբեջանի իրավազորության մասով կապը Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորության առնչությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գյուզելյուրթլուի և այլոց գործը, § 190)։

52. Ինչ վերաբերում է 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի համաձայն ներկայացված բողոքին, ինչպես սույն գործով ձևակերպվել է դիմումատուների կողմից, Դատարանը համարում է, որ իրավազորության հարցը, այսինքն՝ թե արդյոք հանցագործությունների պահին զոհերը եղել են Ռ.Ս.-ի հսկողության ներքո, և արդյոք նա գործել է որպես Ադրբեջանի պետական գործակալ, փոխկապակցված է դիմումատուների պնդումների հետ և պետք է քննվի նրանց բողոքի հետ միաժամանակ։

Գ. Ադրբեջանի կառավարության առարկությունն իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասով

1. Կողմերի փաստարկները

ա) Ադրբեջանի կառավարությունը

53. Ադրբեջանի կառավարությունը նշել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նրանք չեն դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջով դիմելով նախագահին, Խորհրդարան, Նախարարների կաբինետ, Գերագույն դատարան կամ դատախազություն։ Ադրբեջանի կառավարությունն ընդունել է, որ Դատարանը նախկինում վճռել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված սահմանադրական բողոքն իրավական պաշտպանության սովորական և արդյունավետ միջոց չէր, որը դիմումատուներից պահանջվում էր օգտագործել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով (տե՛ս «Իսլամ-Իթիհադ» միավորումը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Islam-Ittihad Association and Others v. Azerbaijan], թիվ 5548/05, 2014 թվականի նոյեմբերի 13), սակայն պնդել է, որ այդ որոշումը պետք է վերանայվի։ Թեև Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [Sargsyan v. Azerbaijan] ([ՄՊ], թիվ 40167/06, ՄԻԵԴ 2015) գործը ցուցադրել է ադրբեջանա-հայկական հակամարտության համատեքստում իրավական պաշտպանության միջոցներին մատչելիությանը հատուկ դժվարությունները, չի կարելի անտեսել այն փաստը, որ առկա է եղել Սահմանադրական դատարան դիմելու կենսունակ տարբերակ։

բ) Դիմումատուները

54. Դիմումատուները պնդել են, որ առկա չեն եղել իրենց հասանելի իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ, մասնավորապես՝ հաշվի առնելով իրենց գործով կատարված կոնվենցիոն խախտումների մեջ պետական պաշտոնական ներգրավվածության և դրանց աջակցելու վերաբերյալ ապացույցները։ Կարևոր էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ընդհանուր տեղեկությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների վիճակը հատկապես այն փաստի լույսի ներքո, որ Ռ.Ս.-ն, առաջին դիմումատուն և Գ.Մ.-ն զինծառայողներ էին իրենց համապատասխան բանակներում։

55. Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ անհատն իրավունք ունի անմիջապես Սահմանադրական դատարան դիմելու միայն որոշ տեսակի վերանայման համար՝ «գործադիր մարմինների իրավական և նորմատիվ ակտերի» առնչությամբ։ Ռ.Ս.-ին ներում շնորհող նախագահական հրամանը ոչ թե նորմատիվ, այլ անհատական ակտ էր. հետևաբար նրանք իրավունք չունեին դիմելու Սահմանադրական դատարան։ Այսպիսով, Դատարանի լավ սահմանված նախադեպային իրավունքի համաձայն, հստակ էր, որ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը դիմումատուներին հասանելի իրավական պաշտպանության միջոց չէր։

56. Դատարանը հետևողականորեն գտել է, որ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դիմումատուներից չէր պահանջվում դիմել Սահմանադրական դատարան, քանի որ չէր համարվում, որ դրանով առաջարկվում էր հատուցման եղանակ, որը պատշաճ կերպով հասանելի էր, և այն իրավական պաշտպանության սովորական և արդյունավետ միջոց չէր, որը դիմումատուներից պահանջվում էր օգտագործել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով (դիմումատուները մեջբերել են Իսմայիլովն ընդդեմ Ադրբեջանի [Ismayilov v. Azerbaijan] գործը, թիվ 4439/04, §§ 37-40, 2008 թվականի հունվարի 17, Մուրադովան ընդդեմ Ադրբեջանի [Muradova v. Azerbaijan], թիվ 22684/05, §86, 2009 թվականի ապրիլի 2, և վերևում հիշատակված՝ «Իսլամ-Իթիհադ» միավորման և այլոց գործը, § 34)։ Ի հավելումն, Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել այնպիսի գործի օրինակ, որով որևէ կերպ համեմատելի իրավիճակում գտնվող անհատը հաջողությամբ օգտագործել է Սահմանադրական դատարանի մեխանիզմն այնպես, ինչպես այն առաջարկել է։

57. Անդրադառնալով Սարգսյանի գործին (վերևում հիշատակված, §§ 118-119)՝ դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանը չի կատարել դիմումատուներին իրավական պաշտպանության այնպիսի միջոցի հասանելիությունն ապացուցելու պարտականությունը, որով կարող էր հատուցում տրամադրվել դիմումատուներին Կոնվենցիայի համաձայն ներկայացված նրանց բողոքների մասով և ընձեռվել հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար:

գ) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

58. Հայաստանի կառավարությունը նույնպես հղում է կատարել Սարգսյանի գործին (վերևում հիշատակված) և պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով Հայաստանի քաղաքացիների համար դժվար էր Ադրբեջանում մատչելիություն ստանալ իրավական պաշտպանության միջոցներին։ Սարգսյանի գործով Դատարանի կայացրած վճռից հետո ոչինչ չի փոխվել, և Ադրբեջանը չի կատարել դիմումատուներին իրավական պաշտպանության այնպիսի միջոցի հասանելիությունն ապացուցելու պարտականությունը, որով կարող էր հատուցում տրամադրվել դիմումատուներին Կոնվենցիայի համաձայն ներկայացված նրանց բողոքների մասով և ընձեռվել հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար:

2. Դատարանի գնահատականը

59. Դատարանը կրկին նշում է, որ պետք է սպառվեն իրավական պաշտպանության միայն այն միջոցները, որոնք արդյունավետ են։ Չսպառելու մասին պնդող Կառավարության պարտականությունն է Դատարանում ապացուցելը, որ իրավական պաշտպանության ցանկացած միջոց, որին այն հղում է կատարում, փաստացի եղել է արդյունավետ, և տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի է եղել, այսինքն` այն եղել է մատչելի, դրա միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով հատուցում տրամադրել, ինչպես նաև դրանով ընձեռվել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար։ Այս ապացուցման պարտականությունը կատարված լինելուց հետո առաջանում է դիմումատուի պարտականությունը՝ ապացուցելու, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է եղել կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ առկա են եղել նրան այդ պահանջի կատարումից ազատող հատուկ հանգամանքներ (տե՛ս Ակդիվարը և այլք ընդդեմ Թուրքիայի [Akdivar and Others v. Turkey], 1996 թվականի սեպտեմբերի 16, § 68, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996‑IV, և Վուսկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և եւս 29-ը, §§ 71-73, 2014 թվականի մարտի 25)։

60. Ավելին, իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պետք է կիրառվի որոշակի ճկունությամբ և առանց ավելորդ ձևականության: Այս կանոնը ո՛չ բացարձակ է, ո՛չ էլ կարող է կիրառվել ինքնաբերաբար։ Այն հարցն ուսումնասիրելիս, թե արդյոք այն պահպանվել է, կարևոր է հաշվի առնել ոչ միայն իրավական պաշտպանության պաշտոնական միջոցների առկայությունը տվյալ պետության իրավական համակարգում, այլև ընդհանուր իրավական և քաղաքական համատեքստը, որում դրանք գործում են, ինչպես նաև առանձին գործի կոնկրետ հանգամանքները (տե՛ս «Պանորամա» ՍՊԸ-ն և Միլիչիչն ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի [Panorama Ltd and Miličić v. Bosnia and Herzegovina], թիվ 69997/10, § 56, 2017 թվականի հուլիսի 25, և դրանում մեջբերված գործերը)։ Սա, inter alia (ի թիվս այլնի), նշանակում է, որ Դատարանը պետք է քննի, թե արդյոք, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, դիմումատուն արել է ամեն ինչ, ինչը ողջամտորեն կարող էր ակնկալվել նրանից իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու համար (տե՛ս Հումմաթովն ընդդեմ Ադրբեջանի [Hummatov v. Azerbaijan], թիվ 9852/03 և 13413/04, § 91, 2007 թվականի նոյեմբերի 29):

61. Ինչ վերաբերում է սույն գործին, ապա Դատարանը նշում է, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ նախագահական ներումը ոչ թե նորմատիվ իրավական ակտ է, այլ պետության ղեկավարի հայեցողական լիազորության վրա հիմնված որոշում։ Բացի պնդելը, որ դիմումատուները կարող էին փորձել հասնել նրան, որ իրենց գործը քններ Սահմանադրական դատարանը, Կառավարությունը չի ներկայացրել ներպետական որոշման գեթ մեկ օրինակ, որում դեպքերի այդպիսի զարգացումը հաջող է եղել։ Հետևաբար Դատարանը մերժում է այս մասով Կառավարության առարկությունը։

Դ. Ադրբեջանի կառավարության առարկությունը ոչ զգալի վնասի մասով

1. Կողմերի փաստարկները

ա) Ադրբեջանի կառավարությունը

62. Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ դիմումատուները որևէ զգալի վնաս չեն կրել։ Ռ.Ս.-ն շուրջ ութ տարի էր անցկացրել բանտում, և դիմումատուները ներում շնորհելու հետևանքով որևէ բացասական ազդեցության չէին ենթարկվել և որևէ կորուստ չէին կրել կամ վնաս չէին ստացել։ Թեև նրանք կարող են վշտացած լինել, սակայն դա բավարար չէր զգալի վնաս համարվելու համար։ Սույն գործով մարդու իրավունքների վերաբերյալ որևէ զգալի խնդիր չէր առաջացել. Ռ.Ս.-ն ձերբակալվել էր, դատվել, դատապարտվել և պատժվել։ Հարցն այն չէր, թե արդյոք Ադրբեջանի նախագահի շնորհած ներումը քաղաքական առումով իմաստուն էր։ Այն Ադրբեջանի օրենսդրության համաձայն իրավաչափ էր, շնորհվել էր մարդասիրական պատճառներով և չէր հակասում Փոխանցման մասին կոնվենցիայի պայմաններին։

բ) Դիմումատուները

63. Դիմումատուները նշել են, որ «զգալի վնասի» փորձարկման ներքո «նվազագույն շեմի» գնահատումը պայմանավորված է գործի հանգամանքներով։ Դատարանը հաշվի է առել ենթադրաբար խախտված իրավունքի բնույթը, ենթադրյալ խախտման ազդեցության լրջությունն իրավունքի իրացման վրա և խախտման հնարավոր հետևանքները դիմումատուների անձնական վիճակի վրա (դիմումատուները հղում են կատարել Ջուստին ընդդեմ Իտալիայի [Giusti v. Italy] գործին, թիվ 13175/03, §34, 2011 թվականի հոկտեմբերի 18, և Գալիանո Ջորջին ընդդեմ Իտալիայի [Gagliano Giorgi v. Italy], թիվ 23563/07, §115, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ))։

64. Հաշվի առնելով գործով բարձրացված՝ պատասխանող պետությունների՝ 2-րդ հոդվածով սահմանված դրական պարտավորությունների մասով հարցերը, մասնավորապես՝ ապահովել սպանության և սպանության փորձի համար Ռ.Ս.-ի պատժի պատշաճ կատարումը, դիմումատուները նշել են, որ նրանք միանշանակ զգալի վնաս են կրել։ Ներման արդյունքում Ռ.Ս.-ն կրել է զգալիորեն կարճ ժամկետով պատիժ, և նրա փոխանցումից հետո դիմումատուները տեսել են, թե ինչպես է Ռ.Ս.-ն Ադրբեջանում փառաբանվել և ընդունվել որպես հերոս։

65. Ամեն դեպքում, «մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով» պահանջվում է գանգատի ըստ էության քննություն՝ հաշվի առնելով դրա ծանրության աստիճանը, գործով բարձրացված նոր իրավական խնդիրները և այն փաստը, որ խնդիրն Ադրբեջանում շարունակում էր մնալ չճանաչված ու չլուծված և հետևաբար կարող էր կրկին առաջանալ հետագա գործերում։ Ավելին, Դատարանը չէր կարող կիրառել «զգալի վնաս» չափորոշիչը, քանի որ առկա չէր իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոց, իսկ գործն ըստ այդմ «ներպետական տրիբունալի կողմից պատշաճ քննություն» չէր անցել։

66. Վերջապես, դիմումատուները մատնանշել են, որ միջազգային իրավունքի համաձայն, ներումները և համաներումներն այն հանգամանքներում, երբ պետությունները փորձել են խուսափել պատժամիջոց կիրառելու իրենց պարտավորությունից, համարվել են արդարադատության մերժման ձև։

գ) Հունգարիայի և Հայաստանի կառավարությունները

67. Ո՛չ Հունգարիայի կառավարությունը, ո՛չ Հայաստանի կառավարությունն այս առնչությամբ որևէ փաստարկ չեն ներկայացրել։

2. Դատարանի գնահատականը

68. Ինչպես մատնանշվել է նախորդ նախադեպային իրավունքում (տե՛ս Մուրան ընդդեմ Լեհաստանի (որոշում) [Mura v. Poland (dec.)], թիվ 42442/08, § 20, 2016 թվականի հունիսի 2), 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում առկա՝ ընդունելիության նոր չափորոշչի նպատակն է առանց էության գործերին ավելի արագ լուծում տալու հնարավորություն ընձեռել և այդպիսով Դատարանին հնարավորություն տալ կենտրոնանալու եվրոպական մակարդակով մարդու իրավունքների իրավական պաշտպանությունն ապահովելու իր գլխավոր առաքելության վրա (տե՛ս Թիվ 14 արձանագրության բացատրական զեկույցը, ԵԽՊՇ 194, §§ 39 և 77-79)։ Բարձր պայմանավորվող կողմերը միանշանակ ցանկացել են, որ Դատարանն ավելի շատ ժամանակ հատկացնի այն գործերին, որոնք երաշխավորում են ըստ էության քննություն՝ անկախ նրանից, թե դիտարկվում են անհատ դիմումատուի իրավաբանական շահի տեսանկյունից, թե քննարկվում են Կոնվենցիայի իրավունքի և եվրոպական հանրային իրավակարգի ավելի լայն տեսանկյունից, որին այն նպաստում է (նույն տեղում, § 77)։

69. Հարցը, թե արդյոք դիմումատուն կրել է «զգալի կորուստ», ներկայացնում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում սահմանված կանոնի հիմնական տարրը (տե՛ս Ադրիան Միհայ Յոնեսկուն ընդդեմ Ռումինիայի (որոշում) [Adrian Mihai Ionescu v. Romania (dec.)], թիվ 36659/04, 2010 թվականի հունիսի 1, տե՛ս նաևԿորոլյովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Korolev v. Russia (dec.)], թիվ 25551/05, ՄԻԵԴ 2010-V)։ Ոգեշնչված de minimis non curat praetor (պռետորը չի անհանգստանում անկարևոր բաների մասին) ընդհանուր սկզբունքով՝ կանոնի այս առաջին չափորոշիչը հիմնված է այն ենթադրության վրա, որ իրավունքի խախտումը, որքան էլ պարզ լինի իրավական տեսանկյունից, պետք է ունենա ծանրության նվազագույն մակարդակ՝ միջազգային դատարանի կողմից քննությունը երաշխավորելու համար (տե՛ս Լադիգինն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Ladygin v. Russia (dec.)], թիվ 35365/05, 2011 թվականի օգոստոսի 30)։ Այս նվազագույն մակարդակի գնահատումը, որպես կանոն, հարաբերական է և պայմանավորված է գործի բոլոր հանգամանքներով (տե՛ս վերևում հիշատակված՝ Գալիանո Ջորջիի գործը, § 55)։ Խախտման ծանրությունը գնահատվում է՝ հաշվի առնելով ինչպես դիմումատուի սուբյեկտիվ ընկալումները, այնպես էլ այն, թե որոշակի գործով ինչն է օբյեկտիվորեն վտանգվում (տե՛ս վերևում հիշատակված՝ Կորոլյովի գործը, և Էոնն ընդդեմ Ֆրանսիայի [Eon v. France] թիվ 26118/10, § 34, 2013 թվականի մարտի 14)։ Այնուամենայնիվ, միայն դիմումատուի սուբյեկտիվ ընկալումը չի կարող բավարար լինել եզրակացնելու համար, որ նա զգալի վնաս է կրել։ Սուբյեկտիվ ընկալումը պետք է լինի օբյեկտիվ հիմքերով հիմնավորված (տե՛ս, inter alia, վերևում հիշատակված՝ Մուրայի գործը, §§ 21 և 24)։

70. 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում պարունակվող երկրորդ տարրը Դատարանին պարտավորեցնում է ամեն դեպքում գործը քննել, եթե մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով այդպես է պահանջվում։ Սա կկիրառվեր նաև այն դեպքում, երբ գործում բարձրացվում են ընդհանուր բնույթի հարցեր, որոնք ազդում են Կոնվենցիան պահպանելու վրա, օրինակ՝ արդյոք առկա է պետությունների՝ Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները հստակեցնելու կամ պատասխանող պետությանը կառուցվածքային թերությունը շտկել պարտավորեցնելու անհրաժեշտություն։

71. Վերջապես, 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված երրորդ չափորոշչով չի թույլատրվում գանգատը մերժել, եթե գործը «պատշաճորեն չի քննվել ներպետական տրիբունալի կողմից»։ Այս չափորոշչի նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր գործ դատական քննություն անցնի՝ լինի դա ներպետական մակարդակով, թե եվրոպական մակարդակով, այլ կերպ ասած՝ խուսափել արդարադատության մերժումից (տե՛ս վերևում հիշատակված՝ Կորոլյովի գործը, և Ֆինգերն ընդդեմ Բուլղարիայի [Finger v. Bulgaria], թիվ 37346/05, § 73, 2011 թվականի մայիսի 10)։

72. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նախ դիտարկում է, որ սույն գործի առարկան կյանքի իրավունքն է, որը, ինչպես Դատարանը կրկին և կրկին շեշտել է, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է։ Երկրորդ՝ գործով բարձրացվում են ընդհանուր բնույթի հարցեր, որոնք ազդում են Կոնվենցիան պահպանելու վրա, մասնավորապես՝ 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորության ծավալի վերաբերյալ։ Երրորդ՝ ներպետական որևէ տրիբունալ՝ Ադրբեջանի կամ Հունգարիայի, երբեք չի քննել 2-րդ հոդվածի մասով դիմումատուների դժգոհությունները։

73. Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը համարում է, որ Ադրբեջանի կառավարության առարկությունը պետք է մերժվի։

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

74. Դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանը խախտել է իր՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված նյութաիրավական պարտավորությունները, քանի որ Գ.Մ.-ի սպանությունը և առաջին դիմումատուի սպանության փորձը կատարվել են ադրբեջանցի զինծառայողի կողմից և հետևաբար վերագրելի են պետությանը։

75. Ավելին, նրանք նշել են, որ պատասխանող երկու կառավարություններն էլ խախտել են իրենց՝ 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորություններն այն հանգամանքների հետևանքով, որոնցում Ռ.Ս.-ին ներում է շնորհվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։

76. 2-րդ հոդվածն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: …»։

Ա. Ընդունելիությունը

1. 2-րդ հոդվածի կիրառելիությունն առաջին դիմումատուի մասով

ա) Կողմերի փաստարկները

(i) Ադրբեջանի կառավարությունը

77. Ադրբեջանի կառավարությունը վիճարկել է 2-րդ հոդվածի կիրառելիությունն առաջին դիմումատուի նկատմամբ։

78. Անդրադառնալով Դատարանի նախադեպային իրավունքին՝ նրանք պնդել են, որ այն դեպքերում, երբ զոհը չի մահացել և վնասվածք չի ստացել, կիրառելիության շեմը շատ բարձր է եղել (Կոլյադենկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի [Kolyadenko and Others v. Russia], թիվ 17423/05 և եւս 5-ը, §§ 150-156, 2012 թվականի փետրվարի 28, Բուդաևան և այլք ընդդեմ Ռուսաստանի [Budayeva and Others v. Russia], թիվ 15339/02 և եւս 4-ը, §§ 128-135, ՄԻԵԴ 2008 (քաղվածքներ), և Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Makaratzis v. Greece [GC]], թիվ 50385/99, § 51, ՄԻԵԴ 2004‑XI)։ Պետության գործակալների կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքն այն դեպքում, երբ մահ չի առաջացել, համարվում է 2-րդ հոդվածի խախտում է միայն բացառիկ հանգամանքներում։

79. Առաջին դիմումատուի դեպքում առկա է եղել վտանգի ցածր մակարդակ, քանի որ նա և Ռ.Ս.-ն չեն եղել նույն սենյակում, և նրանց բաժանել է կողպված դուռը։ Ռ.Ս.-ին բերման են ենթարկել ոստիկանության անհապաղ ժամանումից հետո, նախքան կարող էր հասցվել որևէ փաստացի վնասվածք։ Ֆիզիկական շփում կամ վատ վերաբերմունք տեղի չի ունեցել։ Ի հավելումն, Ռ.Ս.-ի արտաբերած իրական բառերը վիճարկվել են։

80. Տվյալ իրադարձությունները տեղի են ունեցել Ադրբեջանի իրավազորությունից դուրս, և ցանկացած արդյունավետ հսկողություն, որը կարող էր իրականացվել, սահմանափակ էր։ Ադրբեջանը չի թույլատրել, պատասխանատվությունից ազատել կամ արդարացրել կատարված հանցագործությունը, և այն դրա զինվորների բնականոն և ակնկալվող պարտականություններից դուրս է եղել։ Ադրբեջանը չի գործել կամ չի ձախողել գործել այնպես, որ կարող էր պատշաճ կերպով քննադատվել։ Տվյալ իրադարձությունների ժամանակ Ռ.Ս.-ն գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և բռնության է ենթարկվել հայ սպաների կողմից։ Նա արձագանքել է քրեական եղանակով այնպես, որ Ադրբեջանը չէր կարող կանխատեսել։

(ii) Դիմումատուները

81. Ըստ դիմումատուների՝ Դատարանի նախադեպային իրավունքում լավ սահմանված էր, որ 2-րդ հոդվածը կարող էր կիրառելի լինել նույնիսկ այն դեպքում, երբ ուժի կիրառումը փաստացի մահացու հետևանքներ չի ունեցել։ Այդ դրույթի կիրառելիությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, թե որքանով է կյանքը վտանգվել՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, կիրառված ուժի աստիճանը և տեսակը և դրա հիմքում ընկած մտադրությունը կամ նպատակը (դիմումատուները մասնավորապես հղում են կատարել հետևյալ գործերին՝ Իլհանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [İlhan v. Turkey [GC]], թիվ 22277/93, §75, ՄԻԵԴ 2000‑VII, Բերկթայն ընդդեմ Թուրքիայի [Berktay v. Turkey], թիվ 22493/93, §§153-154, 2001 թվականի մարտի 1, Էվրիմ Օկթեմն ընդդեմ Թուրքիայի [Evrim Öktem v. Turkey], թիվ 9207/03, 2008 թվականի նոյեմբերի 4, Դենիս Վասիլևն ընդդեմ Ռուսաստանի [Denis Vasilyev v. Russia], թիվ 32704/04, 2009 թվականի դեկտեմբերի 17, Սոարեն և այլք ընդդեմ Ռումինիայի [Soare and Others v. Romania], թիվ 24329/02, 2011 թվականի փետրվարի 22, Փեքերն ընդդեմ Թուրքիայի (թիվ 2) [Peker v. Turkey (no. 2)], թիվ 42136/06, 2011 թվականի ապրիլի 12, Տրեվալեկն ընդդեմ Բելգիայի [Trévalec v. Belgium], թիվ 30812/07, 2011 թվականի հունիսի 14, Սաշո Գորգիևն ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [Sašo Gorgiev v. the former Yugoslav Republic of Macedonia], թիվ 49382/06, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ), Թայդաշն ընդդեմ Թուրքիայի [Taydaş v. Turkey], թիվ 52534/09, 2013 թվականի նոյեմբերի 26, Աթիմանն ընդդեմ Թուրքիայի [Atiman v. Turkey], թիվ 62279/09, 2014 թվականի սեպտեմբերի 23, և Հաաշը և Շաբոն ընդդեմ Հունգարիայի [Haász and Szabó v. Hungary], թիվ 11327/14 և 11613/14, 2015 թվականի հոկտեմբերի 13)։

82. Դիմումատուները մատնանշել են, որ առաջին դիմումատուի վրա Ռ.Ս.-ի հարձակմանն անմիջապես նախորդել է Գ.Մ.-ի սպանությունը, որը նա կատարել է՝ Գ.Մ.-ին քնած ժամանակ գլխատելով։ Ներպետական վարույթից ակնհայտ էր, որ Ռ.Ս.-ն հստակորեն նպատակ է ունեցել առաջին դիմումատուին կացնով սպանելու, ինչպես նա արել էր Գ.Մ.-ի դեպքում։ Նրան դա անել խանգարել է միայն կողպված դուռը և վերջիվերջո Հունգարիայի ոստիկանության միջամտությունը, որը նրան զինաթափել է։ Եթե այդ գործոնները չլինեին, շատ հավանական է, որ առաջին դիմումատուն նույնպես կսպանվեր Ռ.Ս.-ի կողմից։ Երկու հարձակումների շարժառիթն էլ նույնն էր, այն է՝ զոհերի ազգությամբ հայ լինելը։

83. Այն գործերով, որոնց դեպքում զոհը փաստացի չի մահացել, Դատարանը կիրառել է կյանքին սպառնացող վտանգի վրա հիմնված փորձարկում։ Առաջին դիմումատուի դեպքը հստակորեն ներառում էր «հնարավոր մահացու» հարձակում (տե՛ս վերևում հիշատակված՝ Մակարացիսի գործը, § 52) և այնպիսին էր, որում «կյանքը լուրջ վտանգված [էր]» (Կոտելնիկովն ընդդեմ Ռուսաստանի [Kotelnikov v. Russia], թիվ 45104/05, § 97, 2016 թվականի հուլիսի 12)։ Բացի այդ, նրա կյանքին սպառնացող վտանգն «անմիջական» էր (վերևում հիշատակված՝ Կոլյադենկոյի և այլոց գործը, § 155)։

84. Դիմումատուները նշել են, որ «ֆիզիկական վատ վերաբերմունքը» կամ «ֆիզիկական շփումը» 2-րդ հոդվածի կիրառելիության նախապայման չէ այն իրավիճակներում, երբ տեղի չի ունեցել կյանքի փաստացի կորուստ, ինչպես ենթադրում էր Ադրբեջանի կառավարությունը։ Նրանց դեպքում Ռ.Ս.-ն դատապարտվել է սպանության փորձի համար. այն փաստը, որ «ֆիզիկական շփում» տեղի չի ունեցել, կարևոր չէր նրա դատապարտման համար և անշուշտ որոշիչ չէր 2-րդ հոդվածի կիրառելիության համար։ Նույն կերպ, Բուդաևայի և այլոց գործում և Կոլյադենոկոյի և այլոց գործում (երկուսն էլ վերևում հիշատակված) 2-րդ հոդվածը կիրառելի էր՝ չնայած նրան, որ դիմումատուները որևէ փաստացի վնասվածք չէին ստացել։

(iii) Հունգարիայի կառավարությունը

85. Հունգարիայի կառավարությունն արտահայտել է այն տեսակետը, որ հաշվի առնելով գործի հանգամանքները, 2-րդ հոդվածը կիրառելի էր առաջին դիմումատուի նկատմամբ։

(iv) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

86. Հայաստանի կառավարությունը նույնպես հայտնել է այն տեսակետը, որ 2-րդ հոդվածը կիրառելի էր առաջին դիմումատուի նկատմամբ։ Միայն պատահականություն էր, որ նա ողջ էր մնացել այն բանից հետո, ինչը Հունգարիայի դատարանները համարել էին սպանության փորձ։

87. Հայաստանի կառավարությունը հիմնվել է Իսաևան ընդդեմ Ռուսաստանի [Isayeva v. Russia] գործի վրա (թիվ 57950/00, §175, 2005 թվականի փետրվարի 24)՝ պնդելով, որ Դատարանն ընդհանուր առմամբ գտել է, որ այն դեպքում, երբ զոհը մահացել է ծրագրված հարձակման ընթացքում, կիրառվել են նույն սկզբունքները, ինչ այն դեպքում, երբ զոհը ողջ է մնացել, և արարքը սպանության փորձ է եղել։ Դատարանը բազմաթիվ դեպքերում գտել է, որ 2-րդ հոդվածի ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական պարտավորությունները կարող են կիրառվել, նույնիսկ եթե վտանգի մեջ գտնվող անձը չի մահացել (Լ.Ս.Բ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 9, Զեկույցներ 1998‑III, Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Osman v. the United Kingdom], 1998 թվականի հոկտեմբերի 28, Զեկույցներ 1998‑VIII, Յաշան ընդդեմ Թուրքիայի [Yaşa v. Turkey], 1998 թվականի սեպտեմբերի 2, Զեկույցներ 1998‑VI, և վերևում հիշատակված՝ Աթիմանի գործը)։

88. Ավելին, Դատարանը քննել է այն գործերը, երբ կյանքից զրկելը եղել է ոչ դիտավորյալ ելք, մինչդեռ տվյալ դեպքում Հունգարիայի դատարանները հաստատել են Ռ.Ս.-ի՝ սպանելու մտադրությունը։ Օրինակ՝ Թայդաշի գործով (վերևում հիշատակված, § 25) դիմումատուի պատահական ողջ մնալը չի խոչընդոտել, որպեսզի Դատարանը քննի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը, քանի որ ուժի կիրառումը հնարավոր է, որ մահացու լիներ, և վտանգել էր դիմումատուի կյանքը։ Հաաշի և Շաբոյի գործով (վերևում հիշատակված, § 48) Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուն դարձել էր այնպիսի վարքագծի զոհ, որը հենց իր բնույթով նրա կյանքը վտանգել էր։ Մակարացիսի գործով (վերևում հիշատակված) Դատարանն անհարկի է համարել որոշել, թե արդյոք եղել է սպանելու մտադրություն, թե ոչ, քանի որ դիմումատուն եղել էր այնպիսի վարքագծի զոհ, որը հենց իր բնույթով վտանգել էր նրա կյանքը։

բ) Դատարանի գնահատականը

89. Դատարանը բազմիցս ընդգծել է, որ 2-րդ հոդվածը կարող է գործի դրվել, նույնիսկ եթե անձը, որի կյանքի իրավունքը ենթադրաբար խախտվել է, չի մահացել (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, վերևում հիշատակված՝ Մակարացիսի գործը, § 55, և Ֆերգեչն ընդդեմ Խորվաթիայի [Fergec v. Croatia], թիվ 68516/14, §§ 21-24, 2017 թվականի մայիսի 9, և դրանում հիշատակված գործերը)։ Հետևաբար կարևոր է սույն գործով որոշելը, թե արդյոք առաջին դիմումատուի կյանքը վտանգվել էր այն իրադարձությունների արդյունքում, որոնց վերաբերյալ բողոք է ներկայացվել։

90. Դատարանը 2-րդ հոդվածն արդեն կիրառել է որոշակի գործերով, երբ առկա է եղել մահը վրա հասնելու լուրջ վտանգ, նույնիսկ եթե դիմումատուները կիրառման պահին ողջ են եղել։ Օրինակ՝ Բուդաևայի և այլոց գործով դիմումատուների ֆիզիկական անձեռնմխելիությունը վտանգվել էր բնական աղետի հետևանքով։ Թեև դիմումատուներից ոմանք փաստացի վնասվածք չէին ստացել (նույն տեղում, § 146), Դատարանը գտել է, որ 2-րդ հոդվածը կիրառելի էր նրանց գործի հանգամանքների նկատմամբ։ Նույն կերպ, Կոլյադենկոն և այլք գործով (վերևում հիշատակված, §§ 153-156) առաջին, երրորդ և վեցերորդ դիմումատուները որևէ փաստացի ֆիզիկական վնասվածք չէին կրել իրենց բնակարանների հանկարծակի հեղեղման ժամանակ։ Քննելով նրանց գործի հանգամանքների ամբողջությունը, Դատարանն այդուհանդերձ եզրակացրել է, որ նրանց կյանքը գտնվել էր անմիջական վտանգի տակ, և որ 2-րդ հոդվածն այդպիսով կիրառելի էր նրանց գործով։

91. Դատարանը նաև ըստ էության քննել է այն անձանց կողմից 2-րդ հոդվածի համաձայն արված հայտարարությունները, որոնք պնդել են, որ իրենց կյանքը վտանգված է եղել, թեև այդ վտանգը դեռևս չէր նյութականացել, երբ համոզվել են, որ առկա է եղել իրենց կյանքին սպառնացող լուրջ վտանգ (տե՛ս Ռ.Ռ.-ն և այլք ընդդեմ Հունգարիայի [R.R. and Others v. Hungary], թիվ 19400/11, §§ 26‑32, 2012 թվականի դեկտեմբերի 4, որով դիմումատուները բողոքել են վկաների պաշտպանության ծրագրից դուրս թողնվելու վերաբերյալ. տե՛ս նաև Սելահաթին Դեմիրթաշն ընդդեմ Թուրքիայի [Selahattin Demirtaş v. Turkey], թիվ 15028/09, §§ 30-36, 2015 թվականի հունիսի 23, որով դիմումատուն բողոքել է, որ լրագրում հրապարակված հոդվածը վտանգել է իր կյանքը)։

92. Ի հավելումն, Դատարանը նաև վճռել է, որ թեև անհատի մահվան մեջ պետության ներգրավվածություն առկա չէր, հիմնական դատավարական պահանջները հավասար ուժով կիրառվել են անհատի նկատմամբ կյանքին սպառնացող հարձակման մասով քննություն կատարելու առնչությամբ՝ անկախ նրանից, թե արդյոք դա հանգեցրել է մահվան, թե ոչ (տե՛ս Մենսոնը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Menson and Others v. the United Kingdom (dec.)], թիվ 47916/99, ՄԻԵԴ 2003-V)։

93. Սույն գործով, համաձայն Հունգարիայի դատարանների կողմից հաստատված փաստերի, Գ.Մ.-ին գլխատելուց հետո Ռ.Ս.-ն փորձել է կացնով ջարդել առաջին դիմումատուի սենյակի դուռը՝ նրան սպանելու սպառնալիքներ գոչելով։ Հանրակացարանում ներկա գտնվող այլ անձինք ոստիկանություն են կանչել, որը վերջիվերջո կանգնեցրել է Ռ.Ս.-ին, նախքան նա կարող էր փաստացի իրագործել իր սպառնալիքները։ Թեև ճշմարիտ է, որ առաջին դիմումատուն որևէ փաստացի մարմնական վնասվածք չի ստացել, վերը նկարագրված հանգամանքները հստակորեն ցույց են տալիս, որ նրա կյանքին լուրջ և անմիջական վտանգ է սպառնացել։ Ընդ որում, չնայած փաստացի վնասվածքի բացակայությանը, Հունգարիայի դատարաններն այդուհանդերձ Ռ.Ս.-ին դատապարտել են «նրա սպանությունը նախապատրաստելու» համար։ Դա անելով՝ նրանք նույնպես պետք է հաշվի առնեին այն հանգամանքը, որ դիմումատուն եղել էր կյանքին սպառնացող իրավիճակում, թեև որևէ փաստացի վնասվածք չէր հասցվել։

94. Դատարանի կարծիքով՝ վերոնշյալ հանգամանքներն առաջին դիմումատուի կյանքին սպառնացող անմիջական վտանգի մասով որևէ կասկած չեն թողնում, ինչը նրա բողոքն այդ մասով բերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի գործողության շրջանակ։ Այն փաստը, որ նա ողջ էր մնացել և որևէ վնասվածք չէր ստացել, որևէ ազդեցություն չունի այս եզրակացության վրա։

2. Եզրակացություն

95. Դատարանը համարում է, որ գանգատն այս մասով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այն անընդունելի հայտարարելու համար որևէ այլ հիմք չի պարզվել։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

Բ. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված նյութաիրավական պարտավորություններն Ադրբեջանի մասով

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուները

96. Նախ՝ դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանն ուղղակիորեն պատասխանատու էր սպանության և սպանության փորձի համար, քանի որ երկու հանցագործություններն էլ կատարվել էին ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Երկրորդ՝ դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանը ճանաչել և ընդունել էր այդ վարքագիծը որպես իր սեփականը։

97. «Ծառայությունից դուրս գտնվող» պետական գործակալների կատարած արարքների համար պետության պատասխանատվության գնահատումը պահանջում է, որ Դատարանը գնահատի «հանգամանքների ամբողջությունը և քննի տվյալ վարքագծի հանգամանքներն ու բնույթը» (վերևում հիշատակված՝ Սաշո Գորգիևի գործը, § 48)։ Դիմումատուները հղում են կատարել մի շարք նախկին գործերի, որոնցով Դատարանը գտել էր, որ «ծառայությունից դուրս գտնվող» պետական գործակալների կողմից ուժի մահացու գործադրումը վերագրելի էր պետությանը (Գորովենկին և Բուգարան ընդդեմ Ուկրաինայի [Gorovenky and Bugara v. Ukraine], թիվ 36146/05 և 42418/05, 2012 թվականի հունվարի 12, և վերևում հիշատակված՝ Սաշո Գորգիևի գործը)։

98. Դիմումատուները նշել են, որ Ռ.Ս.-ն և նրա երկու զոհերը Բուդապեշտում էին ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող լեզվի դասընթացին մասնակցելու համար՝ որպես իրենց համապատասխան պետությունների զինված ուժերի ծառայող անդամներ, այլ կերպ ասած՝ հստակ գործելով իրենց համապատասխան պաշտոնեական պարտականությունների շրջանակներում։ Հետևաբար Ռ.Ս.-ի կարգավիճակը նույնը չէր, ինչ Էնուկիձեն և Գիրգվլիանին ընդդեմ Վրաստանի [Enukidze and Girgvliani v. Georgia] գործով (թիվ 25091/07, 2011 թվականի ապրիլի 26) մարդասպանություն կատարողներինը, ովքեր «ծառայությունից դուրս էին գտնվում», այն առումով, որ նրանք մասնակցել էին մասնավոր ծննդյան տոնի։

99. Ավելին, առկա է եղել կարգավորման լուրջ ձախողում, որը համեմատելի էր և անշուշտ փաստարկելիորեն ավելի ծանր, քան Գորովենկու և Բուգարայի և Սաշո Գորգիևի գործերով (երկուսն էլ վերևում հիշատակված) հայտնաբերված թերությունները։ Ադրբեջանի կառավարությունը նշել է, որ Ռ.Ս.-ն տառապել է «ժամանակավոր հոգեկան հիվանդությամբ կամ եղել է սահմանափակ մեղսունակ կամ գուցե անմեղսունակ», ինչպես նաև այն, որ «պարզ էր, որ Ռ.Ս.-ն գտնվել է խոցելի իրավիճակում և բժշկական տեսանկյունից վատ վիճակում», և նա եղել է «հոգեկան անհավասարակշիռ վիճակում»։ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել Ռ.Ս.-ի՝ հավաքագրվելու համար պիտանիության կամ որպես Ադրբեջանի զինված ուժերի անդամ ծառայելու կամ ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող դասընթացին մասնակցելու նրա շարունակական պիտանիության գնահատման որևէ ձև։ Ոչ էլ առկա է եղել որևէ ապացույց առ այն, որ Ադրբեջանն ուներ գործող խիստ երաշխիքներ՝ իր զինված ուժերի անդամներին ծառայելու հետ կապված նրանց համապատասխանության մասով քննելու համար։

100. Ի հավելումն այդ ընդհանուր պարտականության, կար ևս մեկ և ավելի կոնկրետ պարտավորություն, որն առաջացել էր՝ Ռ.Ս.-ի կոնկրետ հոգեկան վիճակը հաշվի առնելով։ Եթե Ադրբեջանի կառավարությունը տեղյակ լիներ, որ Ռ.Ս.-ն տառապում էր հոգեկան հիվանդությամբ, ապա չկար ոչինչ, ինչը կենթադրեր, որ դա նախապես գոյություն ունեցող պայման չէր, որը պետք է գնահատվեր և ախտորոշվեր, նախքան նա փաստացի կմեկներ եռամսյա վերապատրաստման դասընթացի, որին ներկա էին լինելու նաև հայ սպաներ։ Դա առնվազն մասնակի Ադրբեջանի իշխանությունների՝ Ռ.Ս.-ի այնպիսի իրավիճակին դիմակայելու կարողությունները չգնահատելու անմիջական արդյունքն էր, որը հանգեցրել էր բազմաթիվ «նվաստացումներին» (ինչպես նա դրանք ընկալել էր) ի պատասխան՝ նրա էականորեն չափազանցված արձագանքին և նրա կողմից զազրելի սպանության կատարմանը։ Ադրբեջանի կառավարությունը որևէ բժշկական փաստաթուղթ չէր ներկայացրել Դատարան՝ Ռ.Ս.-ի ենթադրյալ հոգեկան հիվանդության բնույթը, ծանրության աստիճանը կամ պատմությունը հաստատելու համար։

101. Դիմումատուները նաև հղում են կատարել Միջազգային իրավունքի հանձնաժողովի «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին» հոդվածների նախագծի 11-րդ հոդվածին և մատնանշել են, որ վարքագիծը կարող էր վերագրվել պետությանը, եթե տվյալ պետությունը ճանաչել և ընդունել է տվյալ վարքագիծը որպես իր սեփականը։ Պարտադիր չէր, որ այդ ճանաչումը և ընդունումը լինեին [բացահայտ] արտահայտված. դրանք կարող էին բխեցվել տվյալ պետության վարքագծից։ Ի հավելումն, եթե այդ ճանաչումը և ընդունումը միանշանակ և անվերապահ էին, ապա առկա էր լավ պատճառ՝ դրանց հետադարձ ուժ տալու համար։

102. Ռ.Ս.-ի կողմից կատարված հանցագործություններին աջակցելը և հավանություն տալը ժխտող այն հայտարարությունները, որոնց վրա հիմնվել է Ադրբեջանի կառավարությունը, չեն հերքել այն ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ Ռ.Ս.-ն փառաբանվել և մեծարվել է որպես հերոս ոչ միայն Ադրբեջանի հանրության, այլև Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դիմումատուները հղում են կատարել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ի աջակցություն Ռ.Ս.-ի արված հայտարարություններին (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։ Ադրբեջանի նախագահի կայքում ստեղծվել էր «Երախտագիտության նամակներ [Ռ.Ս.-ի] վերաբերյալ» վերտառությամբ հատուկ բաժին, որտեղ անհատները կարող էին իրենց շնորհավորանքներն արտահայտել նրա ազատ արձակման և ներման կապակցությամբ։ Մեկ անձ՝ խորհրդարանի անդամ, հայտնի երգիչ և արվեստագետ, Ռ.Ս.-ին նկարագրել էր որպես «հերոս», որն արժանի էր իր սեփական արձանն ունենալուն։

103. Այն փաստը, որ Ռ.Ս.-ին Ադրբեջանում ողջունել են որպես հերոսի, հանրության համար հայտնի տեղեկություն էր և լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներով։ Ադրբեջան վերադառնալուց հետո Պաշտպանության նախարարությունը Ռ.Ս.-ին տվել է առաջխաղացում՝ մայորի կոչում, նրան շնորհել է բնակարան և այն վճարը, որը նա կորցրել էր Հունգարիայում իր ձերբակալումից հետո։ Դա հաստատվել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից Ադրբեջանի վերաբերյալ 2016 թվականի հունիսի զեկույցով։ Դիմումատուները պնդել են, որ Ռ.Ս.-ին տրված օգուտներն այն օգուտներն էին, որոնք նախատեսված էին Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքով՝ արդարացված կամ սխալմամբ հետապնդված կամ ձերբակալված անհատների համար. դա ցույց էր տալիս, որ Ադրբեջանը Ռ.Ս.-ին դիտարկել է որպես մեկի, ով անարդարացիորեն դատապարտվել էր։

104. Վերջապես, որպես իրենց փաստարկների հիմնավորում, դիմումատուները հղում են կատարել Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)՝ Թեհրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործով վճռին։ Այդ գործով տվյալ գրոհայինների գործողություններն Իրանի Իսլամական Պետությանը վերագրելն Իրանի իշխանությունների կողմից դիվանագիտական և հյուպատոսական տարածքը և անձնակազմին չպաշտպանելու հետևանքն էր բռնություն չհրահրելու կամ գրոհայինների գործողություններին պետական աջակցություն չցուցաբերելու պարտավորության հետ միասին։ Անալոգիայով, դիմումատուները տվյալ գործով պնդել են, որ Ադրբեջանը հովանավորել էր Ռ.Ս.-ի գործողությունները և ստեղծել էր անձեռնմխելիության մթնոլորտ՝ հստակ հաղորդագրություն հղելով այն մասին, որ հայ սպայի սպանությունը փառքի արժանի գործողություն էր։

բ) Ադրբեջանի կառավարությունը

105. Ադրբեջանի կառավարությունը ժխտել է, որ Ադրբեջանը պատասխանատու էր Ռ.Ս.-ի արարքների համար։ Հիմնվելով Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործի (վերևում հիշատակված) վրա՝ նրանք պնդել են, որ թեև Ռ.Ս.-ն Բուդապեշտում է եղել իր պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում, նրա հանցագործության բնույթն այնքան բռնի և այնքան հեռու էր նրա պաշտոնեական կարգավիճակից, որ այդպիսի ծանր քրեական վարքը չէր կարող վերագրվել Ադրբեջանին։ Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից դրա՝ 2011 թվականի «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին» հոդվածների նախագծում սահմանված ընդհանուր կանոնն այն էր, որ պետությանը միջազգային մակարդակով վերագրվող միակ վարքագիծը դրա մարմինների կամ կառավարության կամ այլոց վարքագիծն էր, ովքեր «գործել են այդ մարմինների ուղղորդմամբ, հրահրմամբ կամ հսկողությամբ, այսինքն՝ պետության գործակալների» վարքագիծը։

106. Ադրբեջանի կառավարությունը խստորեն ժխտել է դիմումատուների այն պնդումները, որ Ադրբեջանը Ռ.Ս.-ի վարքագիծը ճանաչել և ընդունել է որպես իրենը։ Հակառակը, այն հստակեցրել է, որ հավանություն չի տվել քրեական արարքին, այլ փոխարենը մտահոգված է եղել նրանով, ինչը համարել է Ռ.Ս.-ի դատապարտման հետ կապված թերություններ, և նրա պատժի ժամկետի երկարությամբ՝ նրա գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո։ Ադրբեջանի կառավարությունը մեջբերել է հայտարարություններ, որոնցով ժխտվում էր, որ Ռ.Ս.-ի գործողությունները պաշտոնական մակարդակով հավանության են արժանացել կամ արդարացվել են, և որ նա Ադրբեջանում ո՛չ փառաբանվել, ո՛չ էլ հերոս է համարվել (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։

107. Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ հայ սպաները Ռ.Ս.-ին Բուդապեշտում գտնվելիս բանավոր վիրավորել են, ինչը հանգեցրել էր այնպիսի հոգեկան վիճակի, որը բխել էր նրա «անցյալում ունեցած բարդ փորձից և նրա համար վերջին կաթիլն էր»։ Այնուամենայնիվ, չկար ոչինչ, ինչը կենթադրեր, որ նա տառապել է նախապես գոյություն ունեցող հոգեկան վիճակից կամ հիվանդությունից, որը պետք է ախտորոշված լիներ նախքան նրա Բուդապեշտ մեկնելը։

գ) Հունգարիայի և Հայաստանի կառավարությունները

108. Ո՛չ Հունգարիայի կառավարությունը, ո՛չ Հայաստանի կառավարությունն այս առնչությամբ որևէ փաստարկ չեն ներկայացրել։

2. Դատարանի գնահատականը

109. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որպես դրա ամենահիմնարար դրույթներից մեկը, ամրագրում է Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնական արժեքներից մեկը։ Որպես մարդկային էակների անհատական իրավունքների պաշտպանության փաստաթուղթ Կոնվենցիայի առարկայով և նպատակով պահանջվում է, որ այդ դրույթը մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ դրա երաշխիքները դարձնի գործնական և արդյունավետ (տե՛ս Անգելովան ընդդեմ Բուլղարիայի [Anguelova v. Bulgaria], թիվ 38361/97, § 109, ՄԻԵԴ 2002-IV):

110. 2-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն զուտ պետության գործակալների կողմից ուժի գործադրման արդյունքում պատճառված մահերին, այլև դրա առաջին պարբերության առաջին նախադասության մեջ պետության համար սահմանում է դրական պարտավորություն ձեռնարկելու պատշաճ քայլեր իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքերը երաշխավորելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Մակարացիսի գործը, § 57)։ Այդ դրական պարտավորությունը նախևառաջ պետության համար առաջացնում է առաջնային պարտականություն՝ ունենալու գործող օրենսդրական և վարչական շրջանակ, որը նախատեսված է արդյունավետ կանխարգելում ապահովելու համար։ Դատարանը նախկինում վճռել է, որ այդ շրջանակը պետք է ներառի կարգավորումներ, որոնք ուղղված են որոշակի գործողությունների առանձնահատկություններին, մասնավորապես՝ մարդկային կյանքերին սպառնացող հնարավոր վտանգի մակարդակի մասով (տե՛ս վերևում հիշատակված՝ Սաշո Գորգիևի գործը, § 42)։

111. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը խիստ կարևորում է այն փաստը, որ Ռ.Ս.-ն, թեև տվյալ պահին եղել է Ադրբեջանի ռազմական ուժերի անդամ, չի գործել ի կատարումն իր պաշտոնեական պարտականությունների, երբ նա սպանել է երկրորդ դիմումատուի ազգականին և նախապատրաստելիս է եղել առաջին դիմումատուի սպանությունը։ Մասնավորապես նա ներգրավված չի եղել որևէ ծրագրված գործողության կամ ինքնաբուխ հետապնդման մեջ (ի հակադրություն՝ Լեոնիդիսն ընդդեմ Հունաստանի [Leonidis v. Greece], թիվ 43326/05, § 58, 2009 թվականի հունվարի 8)։ Հակառակը, Հունգարիայի դատարանների կողմից գործով հաստատված հանգամանքների համաձայն՝ հանցագործությունները կատարվել են Ռ.Ս.-ի՝ ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող լեզվի դասընթացին մասնակցող հայ մասնակիցներին գիշերը և վերապատրաստման ժամերից դուրս սպանելու մասնավոր որոշման արդյունքում, քանի որ նրանք ենթադրաբար իրեն նախկինում ծաղրել և սադրել են։ Չի ենթադրվել, որ Ռ.Ս.-ի կողմից կատարված հանցագործությունները կատարվել են նրան իր վերադասի կողմից տրված հրամաններով, և ոչ էլ առկա է որևէ ապացուցողական հիմք այդպիսի հեռու գնացող եզրակացության համար։

112. Այնքանով, որքանով դիմումատուները հիմնվել են Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածի վրա և պնդել են, որ Ադրբեջանն այնուհետև «ճանաչել» և «ընդունել» է Ռ.Ս.-ի վարքագիծը որպես իր սեփականը, և ենթադրելով, որ սույն գործով Դատարանը պետք է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետը մեկնաբաներ Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս ստորև՝ 114-րդ պարբերությունը), այն ի սկզբանե նշում է, որ միջազգային իրավունքի համաձայն գործող չափանիշը, որը բխում է այդ վերջին դրույթից, ինչպես մեկնաբանվել է Հոդվածների նախագծի մեկնաբանության մեջ (ՄԻՀ-ի մեկնաբանություն. տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը), պետության պատասխանատվության շատ բարձր շեմ է սահմանում այն արարքի համար, որը հակառակ դեպքում վերագրելի չի լինի պետությանը դրա կատարման պահին։ Այդ շեմը սահմանափակված չէ զուտ տվյալ արարքին «հավանություն տալով» և այն «հովանավորելով», որը, ըստ ՄԻՀ-ի մեկնաբանության, «չի ներառում պատասխանատվության որևէ ստանձնում» (նույն տեղում), Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածով հստակորեն և կտրականապես պահանջվում է այդ արարքի «ճանաչում» և «ընդունում» (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը)։ Տվյալ արարքին, մի կողմից՝ զուտ «հավանություն տալու» և այն «հովանավորելու» միջև տարբերակումը, որը ինքնին չի առաջացնում այդ արարքի համար տվյալ պետության պատասխանատվությունը, և մյուս կողմից՝ դրա «ճանաչումը» և «ընդունումը» որպես շեմ, որին պետք է հասնել, որպեսզի այդ պատասխանատվությունը վկայակոչվի, նույնպես հավանության է արժանացել Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի նախադեպային իրավունքում (ՀՄՔՏ. տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)։ Ավելին, երկու պայմանները՝ «ճանաչումը» և «ընդունումը», գումարային են, ինչպես ուղղակիորեն բխում է Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածից, և, ի հավելումն, պահանջում են, որ պետությունը «ճանաչի» և «ընդունի» արարքը «որպես իր սեփականը», ինչը կրկին ցույց է տալիս այդ դրույթով սահմանված չափազանց խիստ պահանջները։ Դատարանն այնուհետև նկատում է, որ ՄԻՀ-ի մեկնաբանության համաձայն, «ճանաչման» և «ընդունման» այդպիսի արարքը պետք է, ինչը կարևոր է, լինի «հստակ և անվերապահ»՝ լինի դա բառերի, թե վարքագծի ձևով (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը)։

113. Սույն գործի համատեքստում միանշանակ հաստատելու համար, որ Ադրբեջան պետության կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում դրա նյութաիրավական հայեցակետի մասով, այդ գումարային պայմանները և շեմը, որին պետք է հասնել Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածի համաձայն, պահանջում են, որ համոզիչ կերպով ապացուցվի, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց գործողություններով ոչ միայն «հավանություն են տվել» կատարված արարքներին և «հովանավորել» են դրանք (Ռ.Ս.-ի կողմից Գ.Մ.-ի սպանությունը և առաջին դիմումատուին սպանելուն նախապատրաստվելը), այլև այդ պայմանների իմաստով «հստակ և անվերապահորեն» «ճանաչել» և «ընդունել» են այդ արարքները «որպես [իրենց] սեփականը», ինչպես դրանք մեկնաբանվում և կիրառվում են միջազգային իրավունքի համաձայն։ Այլ կերպ ասած, դրանցով պահանջվում է, որ Ադրբեջանի իշխանությունները «ճանաչեն» և «ընդունեն» դրանք որպես Ադրբեջան պետության կողմից կատարված արարքներ, այդպիսով ուղղակիորեն և կտրականապես պատասխանատվություն ստանձնելով Գ.Մ.-ի սպանության և առաջին դիմումատուի սպանության նախապատրաստությունների համար։

114. Դատարանին դիմել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցները Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածով սահմանված շեմի լույսի ներքո գնահատելու համար։ Դատարանն այս համատեքստում հաշվի է առնում պետության պատասխանատվության վերաբերյալ միջազգային իրավունքի զարգացումը և գիտակցում է, որ կոնկրետ այս հարցի վերաբերյալ նախադեպային իրավունքը ծավալուն չէ , և որ հետևաբար այս ոլորտում կարելի է ակնկալել հետագա զարգացումներ (տե՛ս, mutatis mutandis, Ջոունսը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Jones and Others v. the United Kingdom], թիվ 34356/06 և 40528/06, § 213, 2014 թվականի հունվարի 14)։ Դատարանը կրկին նշում է, որ ՀՄՔՏ-ի համաձայն, Հոդվածների նախագիծը «դեռևս պետությունների միջև բանավեճերի առարկա է» և «չունի պայմանագրային իրավունքի կարգավիճակ» և «պետությունների համար պարտադիր չէ», և որ « այս աղբյուրի ցանկացած օգտագործում պետք է կատարվի զգուշությամբ» (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)։ Այդուհանդերձ, սույն գործով Դատարանի գնահատականը պետք է սահմանափակվի միջազգային իրավունքի գործող կանոններով, ինչպես մեկնաբանված են ՄԻՀ-ի մեկնաբանության մեջ և կիրառվում են միջազգային տրիբունալների կողմից (տե՛ս վերևում՝ 35-37-րդ պարբերությունները)։

115. Դատարանը կրկին նշում է սույն գործի հանգամանքները, որոնցում Ադրբեջան պետությունը միջոցներ է ձեռնարկել Ռ.Ս.-ին ներելու, նրան իր ժամանումից անմիջապես հետո ազատ արձակելու, նրան ութ տարվա հաշվով աշխատավարձ տրամադրելու, նրան իր սեփական օգտագործման համար բնակարան տրամադրելու և նրան զինվորական առաջխաղացում շնորհելու ձևով։ Այդ միջոցներից յուրաքանչյուրն անշուշտ, առանձին և համակցությամբ, կազմել են Ռ.Ս.-ի արարքներին հետագա «հավանություն» և դրանց «հովանավորում» պետության տարբեր կառույցների և բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից, և որ «հավանությունը» և «հովանավորումը» խստորեն անդրադարձել են Ադրբեջանի լայն հասարակության զգացմունքներում։ Մասնավորապես այնպիսի միջոցները, ինչպիսիք են Ռ.Ս.-ին ութ տարվա հաշվով աշխատավարձ տրամադրելը կամ նրան զինվորական առաջխաղացում շնորհելը, ոչ միայն պետության կողմից նրա կատարած հանցագործությունների բացահայտ, հստակ և անվերապահորեն «հովանավորության», այլև նրանց կողմից երախտագիտության նշաններ են Ռ.Ս.-ի վարքագծի համար այն ժամանակ, երբ նա Ադրբեջան պետությունում զինվորական ծառայություն էր իրականացնում։

116. Դատարանն այս համատեքստում նաև նշում է դիմումատուների կողմից ներկայացված՝ Ռ.Ս.-ի վերաբերյալ տվյալ ժամանակահատվածում տարբեր քաղաքական և այլ հանրային գործիչների կողմից արված հատկապես անհանգստացնող հայտարարությունները (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), որոնց մեծամասնությունը ցույց էր տալիս ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների և այլ անձանց կողմից անձնական հավանություն Ռ.Ս.-ի վարքագծին կամ նրա փոխանցմանը կամ ներմանը։ Դիմումատուները պնդել են, որ այդպիսի փառաբանող հայտարարությունները, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Ռ.Ս.-ին նվիրված հատուկ բաժնում պարունակվող հայտարարությունները (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), կազմում էին Ադրբեջանի կողմից Ռ.Ս.-ի հանցագործությունները որպես իր սեփականը «ճանաչում» և «ընդունում»։ Դատարանը համաձայնում է, որ տվյալ հայտարարություններից շատերը հատկապես անհանգստացնող են այն առումով, որ դրանք փառաբանում են Ռ.Ս.-ին՝ որպես ազգային հերոսի, այն զազրելի հանցագործությունների համար, որոնք նա կատարել է։

117. Այսպիսով, Դատարանը, ընդհանուր առմամբ դիտարկելով Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում՝ Ռ.Ս.-ին ներում շնորհելու, այնուհետև հրապարակային արարողության ընթացքում նրան առաջխաղացում՝ մայորի կոչում շնորհելու, ութ տարվա համար աշխատավարձի փոխհատուցում և բնակարանի օգտագործման իրավունք տրամադրելու որոշումը (տե՛ս վերևում՝ 20-21-րդ պարբերությունները), ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը Ռ.Ս.-ի վարքագծի նկատմամբ արտահայտել է իր «հավանությունը» և «հովանավորությունը»։

118. Դատարանն այժմ սկսում է գնահատել վիճարկվող միջոցառումներն այն տեսանկյունից, թե արդյոք դրանք համարվել են Ադրբեջանի պետության կողմից Ռ.Ս.-ի կատարած հանցավոր արարքների ոչ միայն «հավանություն» և «հովանավորություն», այլև Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածի իմաստով դրանց «ճանաչում» և «ընդունում»։ Չնայած Դատարանի գնահատականի համար որոշիչ նշանակություն չունի, սակայն կարևոր է այն հանգամանքը, որ Ռ.Ս.-ի հանցավոր արարքները եղել են քրեական բնույթի բացառապես մասնավոր արարքներ, և կատարման պահին դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչություն չեն ունեցել պետության որևէ գործողության հետ (տե՛ս վերևում՝ 111-րդ պարբերությունը)։ Դատարանի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ վիճարկվող միջոցառումները, մասնավորապես՝ աշխատավարձի փոխհատուցում շնորհելը և Ռ.Ս.-ի զինվորական կոչումը բարձրացնելը, ձեռնարկվել են Ադրբեջան պետության կողմից։ Եթե դա այդպես է, ապա 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի համաձայն՝ դիմումատուների բողոքների քննության ընթացքում Դատարանի առջև իրավական հարցը շարունակում է մնալ այն հանգամանքը, թե արդյոք ինքնին այն փաստը, որ վիճարկվող միջոցառումները ձեռնարկվել են Ադրբեջան պետության կողմից, տալիս է կողմերի կողմից ներկայացված և պնդվող փաստական հանգամանքների համատեքստում և տվյալ ժամանակահատվածում գործող և այժմ գործող միջազգային իրավունքի չափանիշների համաձայն (տե՛ս վերևում՝ 114-116-րդ պարբերությունները) այնպիսի եղանակով դրանց դասակարգման հնարավորություն, որով կհիմնավորվի Դատարանի կողմից այն եզրակացության կայացումը, որ Ադրբեջան պետությունը ոչ միայն ակնհայտորեն արտահայտել է Ռ.Ս.-ի արարքների մասով իր «հավանությունը» և «հովանավորությունը», այլև փաստացի «հստակ և անվերապահորեն» «ճանաչել» և «ընդունել» է դրանք որպես արարքներ, որոնք, ճիշտն ասած, ոչ թե պարզապես կատարվել են Ռ.Ս.-ի կողմից, այլ փաստացի կատարվել են ինքնին պետության կողմից։ Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելով վիճարկվող միջոցառումների բնույթը և շրջանակը դրանց ձեռնարկման ընդհանուր համատեքստում և միջազգային իրավունքի լույսի ներքո՝ Դատարանը չի կարող վերջնականապես համարել, որ իսկապես տեղի է ունեցել «հստակ և անվերապահորեն» «ճանաչում» և «ընդունում»։ Ըստ էության այդ միջոցառումները կարող են ինքնին մեկնաբանվել որպես ոչ այնքան պետության կողմից Ռ.Ս.-ի հանցավոր արարքների «ճանաչում» և «ընդունում», որքան Ռ.Ս.-ի այնպիսի անբարենպաստ անձնական, մասնագիտական և ֆինանսական վիճակին արձագանքում, դրա ճանաչում և շտկում, որն ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ Դատարանի կարծիքով անհիմն ընկալման եղել է Հունգարիայում ենթադրաբար թերի քրեական վարույթի հետևանք (տե՛ս վերևում՝ 106-րդ պարբերությունը)։ Վերոնշյալից հետևում է, որ չնայած Դատարանը կասկածից վեր է համարում, որ իրենց գործողություններով Ադրբեջան պետության տարբեր հաստատություններ և բարձրաստիճան պաշտոնատար անձինք «հավանության են արժանացրել» և «հովանավորել» են Ռ.Ս.-ի հանցավոր արարքները՝ սահմանելով միջազգային տրիբունալների, մասնավորապես՝ ԱՄԴ-ի և ՀՄՔՏ-ի կողմից մեկնաբանված և կիրառված (տես վերևում՝ 36-37-րդ պարբերությունները)՝ Հոդվածների նախագծի 11-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր շեմը, Դատարանը չի կարող չեզրակացնել, որ դիմումատուների կողմից ներկայացված գործի փաստերով համոզիչ կերպով չի ապացուցվել այն հանգամանքը, որ Ադրբեջան պետությունը Ռ.Ս.-ի դատապարտելի արարքները «հստակ և անվերապահորեն» «ճանաչել» և «ընդունել» է «որպես իր սեփականը»՝ այսպիսով ինքնին ստանձնելով պատասխանատվություն նրա կողմից Գ.Մ.-ի փաստացի սպանության և առաջին դիմումատուի սպանությունը նախապատրաստելու համար։ Դատարանը հատուկ ընդգծում է այն փաստը, որ այս գնահատումը կատարվել է միջազգային իրավունքի առկա այն կանոններով սահմանված խստագույն չափանիշների հիման վրա, որոնք գործել են տվյալ ժամանակահատվածում և գործում են ներկայումս, որից սույն գործով շեղում կատարելու պատճառ կամ հնարավորություն Դատարանը չի տեսնում։ Հետևաբար, ի տարբերություն դիմումատուների պնդումների՝ սույն գործը չի կարող համարվել ԱՄԴ-ի՝ Թեհրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործով վճռի հետ համեմատելի։

119. Ի վերջո, դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանը պատշաճ ձևով չի սահմանել զինվորական ծառայության պահանջները և մասնավորապես չի պարզել Ռ.Ս.-ի հոգեկան վիճակը մինչև այնպիսի միջավայր նրան ուղարկելը, որտեղ նրանից անխուսափելիորեն պահանջվելու էր շփվել հայ զինվորականների հետ։ Իհարկե, այնպիսի գործերով, որոնց դեպքում ոստիկանության ծառայողները, գործելով իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս, կատարել են հանցագործություններ, Դատարանն արդեն իսկ վճռել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից ակնկալվում է իրենց իրավապահ համակարգերում բարձր մասնագիտական չափանիշների սահմանում և այդ համակարգերում ծառայող անձանց՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանության ապահովում (տե՛ս վերևում հիշատակված՝ Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործը, § 290, և վերևում հիշատակված՝ Գորովենկիի և Բուգարայի գործը, § 38)։ Դատարանն ընդունում է, որ համանման չափանիշներ կարող են կիրառվել զինծառայողների համար։ Այնուհանդերձ, հաշվի առնելով սույն գործի կոնկրետ հանգամանքները, Դատարանը համոզված չէ, որ Ռ.Ս.-ի մասնավոր արարքները կարող էին կանխատեսել նրա հրամանատարները, կամ պետք է ընդհանուր առմամբ վերագրվեն Ադրբեջանի պետությանը միայն այն պատճառով, որ այդ անհատը եղել է նրա գործակալը։ Իսկապես, վիճարկվող արարքներն այնքան կոպիտ անարգանք են եղել և չեն համապատասխանել որպես զինվորական սպա Ռ.Ս.-ի պաշտոնական կարգավիճակին, որ, ելնելով գործի փաստերից, նրա ամենալուրջ հանցավոր վարքի հետևանքով չի կարող շոշափվել պետության հիմնական միջազգային պատասխանատվության հարցը։ Ընդ որում, գործի նյութերում ոչինչ հիմք չի տալիս ենթադրելու, որ Ադրբեջանում զինծառայողների ընտրության ընթացակարգը և նրանց՝ մասնագիտական չափանիշներին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն այն ժամանակ, երբ Ռ.Ս.-ն ուղարկվել է գործուղման, այդ թվում՝ ծառայության համար հոգեբանական առումով նրանց հետագա պիտանիության առնչությամբ, եղել է ոչ պատշաճ։

120. Հաշվի առնելով վերոնշյալ պատճառները և նույնիսկ ենթադրելով, որ սույն գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես Ռ.Ս.-ի գործողությունների նկատմամբ իրավազորություն ունեցող, Դատարանը չի կարող եզրակացնել, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում։

Գ. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորություններն Ադրբեջանի մասով

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուները

121. Դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր դատավարական պարտավորությունները։ Գործի այդ բաղադրիչն ի սկզբանե կապված է եղել պետության՝ արդյունավետ քրեաիրավական դրույթներ սահմանելու և կիրարկելու պարտականության հետ, որի հիմքում պետք է ընկած լինի պատշաճ իրավապահ համակարգը՝ կյանքի իրավունքի խախտումների մասով պատիժն ապահովելու համար (դիմումատուները հղում են կատարել վերևում հիշատակված՝ Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործին, § 241 և § 268, և Ալի և Այշե Դուրան ընդդեմ Թուրքիայի [Ali and Ayşe Duran v. Turkey], թիվ 42942/02, § 61, 2008 թվականի ապրիլի 8)։ Դիմումատուներն ընդգծել են, որ հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման հարցերն անքակտելիորեն կապված են պատժի հարցի հետ, որոնք բոլորը շատ կարևոր նշանակություն են ունեցել գործի համար՝ հաշվի առնելով դրա լայն հնչեղությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակում։ Այդպիսի հնչեղությունը նշանակել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պատշաճ ձևով չգործելը՝ ապահովելու համար, որ մյուսներին հետ պահեն համանման հանցագործություններ կատարելուց, մեծացրել է գործի ազդեցությունը։ Ակնհայտորեն արդարություն չի հաստատվել, ոչ էլ տեսանելի է եղել դրա հաստատումը։

122. Դատարանը համեմատելի հանգամանքներում ազգային իշխանություններից պահանջել է գործել զգուշորեն, օբյեկտիվորեն և բարեխղճորեն ու գործել այնպիսի եղանակով, որը վստահություն է ներշնչում մերձավոր ազգականներին և լայն հանրությանը։ Այդպիսի գործոններ առկա չեն եղել դիմումատուների գործում, և, ավելին, պետական գործակալի ներգրավվածության և նախականխման անհրաժեշտության պատճառով պարտավորության մակարդակն էլ՛ ավելի է բարձրացել (դիմումատուները հղում են կատարել վերևում հիշատակված՝ Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործին, ինչպես նաև, 13-րդ հոդվածի կիրառելիության համատեքստում, Աբդուլսամեթ Յամանն ընդդեմ Թուրքիայի [Abdülsamet Yaman v. Turkey] գործին, թիվ 32446/96, § 55, 2004 թվականի նոյեմբերի 2)։

123. Դիմումատուները հղում են կատարել ներմանը և համաներմանն առնչվող միջազգային դատական պրակտիկային՝ մասնավորապես վկայակոչելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի և Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի ու հանձնաժողովի որոշումները և հայտարարությունները։ Նրանք նաև հիշատակել են Լեթթի Շարլոթ Դենհամը և Ֆրենկ Փարլին Դենհամն (ԱՄՆ) ընդդեմ Պանամայի 1933 թվականի գործը [Lettie Charelotte Denham and Frank Parlin Denham (U.S.) v. Panama], որում ԱՄՆ-ի և Պանամայի՝ Ընդհանուր պահանջների հանձնաժողովը համարել է, որ սպանություն կատարած անձի նկատմամբ նշանակված՝ տասնութ տարի և չորս ամիս ժամկետով պատիժը ոչ միայն անհամաչափ չի եղել՝ համաձայն միջազգային չափանիշների, այլև այդ պատժի՝ մեկ երրորդով հետագա կրճատումն առաջացրել է միջազգային պատասխանատվություն։ Այդ գործով Հանձնաժողովը վճռել է, որ «անհատ հանցագործի կողմից համաչափ պատիժ չկրելը կարող է առաջացնել միջազգային պատասխանատվություն նույնիսկ այն դեպքում, երբ սկզբնական պատիժը եղել է համաչափ»։ Այսպիսով, որոշ հանգամանքներում միջազգային իրավունքում ներումը և համաներումը համարվել են արդարադատության իրականացումից հրաժարվելու ձև։

124. Ըստ երևույթին Ադրբեջանի կառավարությունը փորձել է ուղղակիորեն վիճարկել Հունգարիայի դատարանների՝ փաստերի մասով որոշ եզրահանգումներ և բարձրացնել տարբեր ենթադրյալ դատավարական խախտումների հետ կապված հարցեր, ինչպես նաև կասկածի տակ դնել հանցագործությունները կատարելիս Ռ.Ս.-ի հոգեկան վիճակը և օգտագործել այս փաստարկները՝ ներմանը հանգեցնող հանգամանքները պարզաբանելու համար։ Դիմումատուները նշել են, որ ներման հիմքում ընկած է եղել Հունգարիայի դատարանների կողմից կայացված՝ Ռ.Ս.-ի դատապարտման և պատժի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների թերահավատությունը կամ առնվազն նրանց հակասական վերաբերմունքը։ Պարզ էր, որ Ռ.Ս.-ին ներում էր շնորհվել ակնհայտ քաղաքական պատճառներով՝ կապված Հայաստանի հետ առկա՝ Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտության հետ։ Այդ պատճառները պետք է բացարձակապես որևէ ազդեցություն չունենային ներպետական քրեական վարույթի ընթացքում կայացված որոշումների վրա:

125. Հունգարիայի դատարանների կայացրած վճռի կատարումը վիժեցնելով և գործելով քրեական արդարադատության գործընթացի հետ բոլորովին չկապված քաղաքական դրդապատճառներով՝ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտորեն չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները։ Կյանքը պաշտպանելու և կյանքի համար վտանգավոր հանցագործությունների մասով անպատժելիությունը կանխելու համար սույն գործով Ադրբեջանի իշխանություններից պահանջվել է ընդունել և պահպանել Հունգարիայի դատարանների կողմից Ռ.Ս.-ին առաջադրված մեղադրանքն ու նշանակված պատիժը, և որ տեսանելի լինի դրանց ընդունման և պահպանման փաստը։ Այդ իսկ պատճառով նախագահի կողմից ներում շնորհելու իր հայեցողական լիազորության իրականացման հետևանքը եղել է «ծանր հանցավոր արարքի հետևանքների մեղմացումը, այլ ոչ թե ցույց տալը, որ այդպիսի արարքները չեն կարող որևէ կերպ հանդուրժելի լինել» (դիմումատուները հղում են կատարել վերևում հիշատակված՝ Ալի և Այշե Դուրանի գործին, § 68)։ Կոչումը բարձրացնելու և այլ օգուտներ տրամադրելու փոխարեն Ռ.Ս.-ն պետք է հեռացվեր զինված ուժերից (վերևում հիշատակված՝ Աբդուլսամեթ Յամանի գործը, § 55)։ Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված՝ ներում շնորհելու «մարդասիրական պատճառները» չեն հիմնավորվել։

126. Այսպիսով, դիտարկվող արարքի ծանրության աստիճանի և իրականացված պատժի միջև եղել է «ակնհայտ անհամաչափություն» (դիմումատուները հղում են կատարել վերևում հիշատակված՝ Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործին, §§ 268-269)՝ քրեական հետապնդումը թողնելով առանց իրավական ազդեցության. հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական խախտում։

127. Այդ եզրակացությունն ամրապնդվել է այն փաստով, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելով՝ Ադրբեջանի կառավարությունը գործել է ի խախտումն Փոխանցման մասին կոնվենցիայի։ Չնայած Փոխանցման մասին կոնվենցիայում նշվում է դատապարտյալներին ներում շնորհելու հնարավորությունը (12-րդ հոդված), Կոնվենցիայում հստակ սահմանվել է, որ դատապարտյալների փոխանցման նպատակն այն է, որ այնուհետև նրանք կարողանան Դատապարտող պետության կողմից նրանց նկատմամբ նշանակված պատիժները կրել Կատարող պետությունում։ Համաձայն «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի՝ Փոխանցման մասին կոնվենցիայի՝ «բարեխղճորեն» և «դրա առարկայի և նպատակի լույսի ներքո» կատարված ցանկացած մեկնաբանություն կարող է հանգեցնել այն եզրակացության, որ այս դեպքում Ադրբեջանի կառավարության գործողությունների հետևանքով տեղի է ունեցել դրա խախտում։ Այս փաստարկները հիմնավորվել և ամրապնդվել են Ռ.Ս.-ի փոխանցման առնչությամբ 2012 թվականի օգոստոսին կառավարությունների և միջազգային գործակալությունների կողմից արված բազմաթիվ հայտարարություններով։

128. Դիմումատուները նաև նշել են Փոխանցման մասին կոնվենցիայի առնչությամբ Ադրբեջանի հայտարարությունը (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը) առ այն, որ Ադրբեջանի կողմից փոխանցված բանտարկյալների մասով ներման և համաներման վերաբերյալ որոշումները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի իշխանությունների հետ։ Սույն գործում այդ սկզբունքը կիրառելու համար Ադրբեջանի իշխանություններից կպահանջվեր, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելու հարցում նրանք ձեռք բերեին Հունգարիայի իշխանությունների նախնական համաձայնությունը, ինչը նրանք չեն արել։

129. Ավելին, Ռ.Ս.-ին շնորհված ներումն անհամատեղելի է եղել Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների հետ, որով սահմանվում էր, որ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալին ներում շնորհվելու դեպքում նրա պատիժը փոխարինվում է քսանհինգ տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ժամկետով։

130. Ի վերջո, դիմումատուները նշել են, որ նրա պատժի կրումը վիժեցնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները բավարար ձևով սահմանված չեն եղել օրենքով։ Իշխանությունները նաև որևէ կերպ չեն ներգրավել դիմումատուներին կամ չեն խորհրդակցել նրանց հետ։ Այսպիսով, 2-րդ հոդվածի դատավարական խախտումը զուգորդվել է Ռ.Ս.-ին շնորհված ներման և այլ օգուտների մասով պատշաճ իրավական երաշխիքների բացակայությամբ։

բ) Ադրբեջանի կառավարությունը

131. Ադրբեջանի կառավարությունը նշել է, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելով նրանք գործել են Փոխանցման մասին կոնվենցիային համապատասխան, և տարօրինակ կլիներ այն հանգամանքը, որ մեկ եվրոպական կոնվենցիայի պահպանումը լիներ մյուս կոնվենցիայի խախտում։

132. Սույն գործը չի վերաբերում այն դեպքին, երբ պետությունը ներում է շնորհում իր տարածքում հանցագործության համար դատապարտված անձին, ինչպես օրինակ՝ Էնուկիձեի և Գիրգվլիանիի (վերևում հիշատակված) և Նիկոլովան և Վելիչկովան ընդդեմ Բուլղարիայի [Nikolova and Velichkova v. Bulgaria] (թիվ 7888/03, 2007 թվականի դեկտեմբերի 20) գործերում, այլ ավելի շուտ վերաբերում է այն իրավիճակին, երբ պետությունը ներում է շնորհում օտար երկրում ըստ էության մտահոգությունների առիթ հանդիսացող հանգամանքներում դատապարտված պետական գործակալին։

133. Կարևոր է եղել այն հանգամանքը, որ Ռ.Ս.-ն եղել է Ադրբեջանի այն շրջանից ներքին տեղահանման ենթարկված անձ, որն այժմ օկուպացված է հայկական զինված ուժերի կողմից։ Նա ստիպված է եղել լքել իր տունը 15 տարեկան հասակում և հակամարտության հետևանքով կորցրել է իր մերձավոր ազգականներին։ Չնայած այդ իրադարձությունները սպանություն կատարելու համար արդարացում չեն, քրեական վարույթի ընթացքում բավարար ուշադրություն չի դարձվել նրա պատմությանը և հոգեվիճակին։

134. Հղում կատարելով Ռ.Ս.-ի պաշտպանի կողմից ներկայացված՝ երդմամբ հայտարարությանը՝ Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ հայ սպաները Ռ.Ս.-ի նկատմամբ գործադրել են լուրջ ֆիզիկական բռնություն և հասցրել բանավոր վիրավորանք, և որ այդ իրավիճակը դարձել է այնպիսի հոգեվիճակի պատճառ, որը կարող է սահմանվել որպես ժամանակավոր մտավոր խանգարում կամ սահմանափակ պատասխանատվություն կամ գուցե անմեղսունակություն։ Պարզ էր, որ Ռ.Ս.-ն եղել է խոցելի իրավիճակում և բժշկական տեսանկյունից վատառողջ։ Նրա պաշտպանի կարծիքով՝ Հունգարիայի դատարանները բավարար ուշադրություն չեն դարձրել այս հանգամանքին։ Եղել են նաև մտահոգություններ՝ կապված ինքնին քրեական վարույթի հետ։ Ռ.Ս.-ի հարցաքննությունն իրականացվել է ռուսերենով՝ լեզու, որին նա լավ չէր տիրապետում, ինչպես նաև առաջին հարցաքննության ժամանակ նրան իրավաբան չի տրամադրվել։

135. Բարձրացնելով այս մտահոգությունները՝ Ադրբեջանի կառավարությունը նպատակ չի ունեցել վիճարկելու Հունգարիայի դատարանների որոշումը, այլ պարզաբանելու նրա ներմանը հանգեցնող հանգամանքները։ Համապատասխանաբար նախագահական ներումը շնորհվել է Ռ.Ս.-ի պատմության, դրության և մտավոր վիճակի առումով մարդասիրական նկատառումներից ելնելով։

136. Ադրբեջանը չի կրել արդյունավետ քննություն իրականացնելու պարտականություն։ Ելնելով գործի հանգամանքներից և հաշվի առնելով դատավարության առնչությամբ մտահոգությունները, Ռ.Ս.-ի կողմից փաստացի կրած պատիժը և նրա հոգեբանական վիճակը՝ դժվար էր փաստել Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործում (վերևում հիշատակված) սահմանված «ոչ ողջամիտ ներողամտության» մասին այն դեպքում, երբ այդ գործով դիմումատուի դատապարտումից միայն երկու տարի անց շնորհվել է ներում (ի տարբերություն Ռ.Ս.-ի, որը Հունգարիայի բանտում անցկացրել է ութ ու կես տարի)։

137. Դիմումատուների՝ միջազգային իրավունքի շրջանակներում համաներման և ներման առնչությամբ ընդհանուր պրակտիկային արված հղումները վերաբերելի չէին, քանի որ դրանք ավելի շուտ առնչվում էին խախտումների տարբեր տեսակներին, քան անհատի կողմից կատարված եզակի դեպքի։ Ի տարբերություն դիմումատուների փաստարկների՝ նախագահական ներման տեքստը եղել է հանրամատչելի և ազատ հասանելի, իսկ Ռ.Ս.-ի ներման պատճառների լրացուցիչ մանրամասները և նրան Ադրբեջան տեղափոխելուց հետո ձեռնարկված հետագա միջոցառումները ներկայացվել են Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններում։

138. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեղի է ունեցել Փոխանցման մասին կոնվենցիայի խախտում, Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ համաձայն Վիեննայի կոնվենցիայի՝ միայն այն դեպքում, երբ տեքստը երկիմաստ է կամ անորոշ, կամ դրա արդյունքը միանգամայն անհեթեթություն է կամ անմտություն, կարելի է դիմել 32-րդ հոդվածով նախատեսված՝ մեկնաբանության լրացուցիչ միջոցների օգնությանը։ Նրանք այնուհետև հղում են կատարել «Միացյալ ազգերի կազմակերպություն պետությանն ընդունելու մասով Գլխավոր վեհաժողովի իրավասությունը» գործով ԱՄԴ-ի խորհրդատվական կարծիքին (ԱՄԴ զեկույցներ 1950, էջ 4) և պնդել են, որ պայմանագրի դրույթները մեկնաբանելու և կիրառելու համար տրիբունալը պետք է փորձի դրանք գործադրել «իրենց բնական և սովորական իմաստով» այն համատեքստում, որում դրանք հանդիպում են։

139. Փոխանցման մասին կոնվենցիայի նպատակն ավելի շուտ եղել է դյուրացնել օտարերկրյա բանտարկյալների տեղափոխումն իրենց հայրենի երկիր, քան դիտարկել Կատարող պետությունում պատիժը կրելու տևողության էական հարցը։ Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ Փոխանցման մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված ընդհանուր սկզբունքը, համաձայն որի՝ փոխանցումը պետք է կատարվի «[փոխանցվող անձի կողմից] նրա նկատմամբ սահմանված պատիժը կրելու նպատակով», չի հիմնավորվել Փոխանցման մասին կոնվենցիայի որևէ այլ նյութաիրավական դրույթով։ Հղում կատարելով Փոխանցման մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածին՝ Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ պատժի կատարման առնչությամբ բոլոր համապատասխան որոշումները կայացնելու Ադրբեջանի լիազորության մասով չի կարող լինել որևէ կասկած։ Այդ դիրքորոշումն ամրապնդվել է 12-րդ հոդվածի տեքստով, որում նշվում է, որ Կատարող պետությունն ունի ներում շնորհելու կամ պատիժը մեղմացնելու լիակատար իրավասություն։

140. Ադրբեջանի կառավարությունը հղում է կատարել Եվրոպական պառլամենտի եզրակացությանն առ այն, որ թեև ներում շնորհելով՝ Փոխանցման մասին կոնվենցիայի ոգին միգուցե խախտվել է, սակայն իրականում դա եղել է այդ փաստաթղթի տառին համապատասխան։ Ռ-ի գործով (Մայքլ Շիլդսն ընդդեմ Արդարադատության հարցերով պետքարտուղարի [Michael Shields v Secretary of State for Justice]) Անգլիայի և Ուելսի գերագույն դատարանը վճռել է, որ անգլիական իրավունքի և Փոխանցման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ գործադիր իշխանության՝ Բուլղարիայում դատապարտված և ազատազրկված անձին ներում շնորհելու լիազորությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանափակված չէ։

141. Ինչ վերաբերում է Փոխանցման մասին կոնվենցիայի առնչությամբ արված նրանց հայտարարությանը (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը), ապա Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ չնայած դրա ֆորմալ անվանմանը՝ «հայտարարություն», դրանով ընձեռվում էր հնարավորություն՝ որոշելու, թե արդյոք այդ դրույթն իսկապես եղել է «հայտարարություն», թե փաստացի եղել է «վերապահում», որով Ադրբեջանի կառավարությունը փորձել է փոփոխել կամ բացառել դիտարկվող դրույթի իրավական հետևանքները, թե դրանով ուղղակի արտահայտվել է քաղաքական դիրքորոշում։ Հարկ է նշել, որ տվյալ հայտարարությունը միևնույն օրն արված հինգ այդպիսի հայտարարություններից մեկն է եղել՝ մեկ «վերապահման» (այդպես է անվանվել) հետ միասին։ Տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը տարբերակել է «հայտարարությունը» և «վերապահումը», և տվյալ հայտարարությունն իրականում չի նախատեսվել որպես վերահապում։ Ցանկացած պարագայում հայտարարությունը տվյալ հանգամանքներում կիրառելի չէր, քանի որ այն վերաբերում էր Ադրբեջանի կողմից փոխանցված անձանց, այլ ոչ թե դրան փոխանցված անձանց։ Դա փոխադարձ բնույթ չի կրել, քանի որ Հունգարիան չի կատարել որևէ համարժեք հայտարարություն կամ վերապահում. ըստ էության չի եղել Հունգարիայի համաձայնությունը ձեռք բերելու անհրաժեշտություն որևէ ներման առնչությամբ, որն այն ցանկանում էր շնորհել։

գ) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

142. Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Ռ.Ս.-ին շնորհված՝ Ադրբեջանի նախագահական ներմամբ խոչընդոտվել է Հունգարիայի դատարանների կողմից սահմանված պատժի կատարումը և արդարադատության իրականացումը։

143. Փոխանցման մասին կոնվենցիայի նպատակը եղել է ազատությունից զրկված անձին հնարավորություն տալ կրելու իր պատիժն իր հայրենի երկրում՝ սոցիալական վերականգնման գործընթացը դյուրացնելու և այնպիսի խնդիրները վերացնելու նպատակով, ինչպիսիք են լեզվական խոչընդոտները, ազգային մշակույթից և սովորույթներից կտրված լինելը և հարազատների հետ կապի բացակայությունը։ Փոխանցման մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանվել է, որ Կոնվենցիան կիրառելի է միայն այն դեպքում, երբ փոխանցման մասին դիմում ստանալու պահին դատապարտյալին մնացել է առնվազն վեց ամիս պատիժը կրելու համար, կամ երբ պատիժը «անորոշ է»։ Փոխանցման մասին կոնվենցիայի բացատրական զեկույցում նշվել է, որ Կոնվենցիան ընկալվում էր որպես իրավախախտի սոցիալական վերականգնմանը նպաստելու համար նախատեսված փաստաթուղթ, նպատակ, որը կարող էր արդյունավետորեն հետապնդվել միայն այն դեպքում, երբ կրման ենթակա պատժի տևողությունը բավականաչափ երկար էր։ Այդ սկզբունքով արտացոլվել է այն հանգամանքը, որ փոխանցումից անմիջապես հետո դատապարտյալին ազատ արձակելու հնարավորություն չի նախատեսվել, ինչը հաստատվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից իր 1527 (2001) բանաձևում։

144. Ավելին, 2022 (2014) բանաձևում Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ռ.Ս.-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից Փոխանցման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը՝ որակելով այն «որպես միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքների խախտում»։ Այդ բանաձևում նաև ընդգծվում է Փոխանցման մասին կոնվենցիան բարեխղճությամբ կիրառելու կարևորությունն այն գործերում, որոնք կարող են ունենալ քաղաքական կամ դիվանագիտական ենթատեքստ։

145. Այսպիսով, Ռ.Ս.-ին ներում շնորհելը չի համապատասխանել Փոխանցման մասին կոնվենցիայի հիմնական նպատակին։

146. Փոխանցման մասին կոնվենցիայի բացատրական զեկույցում պարզաբանվել է, որ Փոխանցման մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունը դրվել է Կատարող պետության վրա, քանի որ տեղեկությունը կարող էր ազդել Դատապարտող պետության՝ պահանջված փոխանցմանը համաձայնելու կամ չհամաձայնելու վերաբերյալ որոշման վրա։ Եթե Կատարող պետությունն ընտրել է վճռի կատարումը շարունակելու տարբերակը, ապա պատժի իրավական բնույթը և տևողությունը, ինչպես սահմանվել է Դատապարտող պետության կողմից, պարտադիր է նրա համար։

147. Ադրբեջանը Հունգարիայի համապատասխան իշխանություններին տվել է երաշխիքներ, որ Հունգարիայի կողմից նշանակված պատիժն ավելի շուտ կպահպանվի, քան կփոխարկվի. հետևաբար նրանք պարտավոր էին ապահովել, որ Ռ.Ս.-ն կրի իր նկատմամբ սահմանված պատիժը։ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը տվել է ստահոդ և կեղծ երաշխիքներ՝ խախտելով միջազգային չափանիշները և Փոխանցման մասին կոնվենցիայով սահմանված պարտավորությունները։

148. Հայաստանի կառավարությունը հղում է կատարել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններին, այդ թվում՝ Կառավարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի կողմից արված հայտարարությանը, համաձայն որի՝ «Մեր զինվորին՝ իր ազգի նվիրյալ զավակին այստեղ տեսնելը, որին բանտարկել էին զուտ այն պատճառով, որ նա պաշտպանել էր իր հայրենիքի և ժողովրդի փառքն ու պատիվը, շատ տպավորիչ է», և ի տարբերություն Ադրբեջանի կառավարության պնդումների՝ պնդել են, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելը և մեծարելն իշխանությունների կողմից նախապես կազմակերպված է եղել։ Նրան ներում է շնորհվել, բարձրացվել է կոչումը, տրամադրվել է բնակարան և աշխատավարձի փոխհատուցում։

149. Միջազգային հանրությունը գործընթացի առնչությամբ խիստ մտահոգություն է հայտնել։

150. Հայաստանի կառավարությունն այնուհետև պնդել է, որ Ադրբեջանը Փոխանցման մասին կոնվենցիայի առնչությամբ հայտարարություն է արել, համաձայն որի՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված դատապարտյալների ներմանը և համաներմանը վերաբերող որոշումները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի Հանրապետության իշխանության համապատասխան մարմինների հետ»։ Սույնով ընդգծվում է Ադրբեջանի կառավարության կողմից իր իսկ դատարաններում դատապարտված անձանց շնորհված ներման և համաներման առնչությամբ համաձայնությանը տրվող կարևորությունը՝ միաժամանակ լիովին անտեսելով Հունգարիայի՝ Ռ.Ս.-ին ներում շնորհելու իր որոշման մասին առնվազն տեղեկացված լինելու համանման իրավունքը։ Հղում կատարելով «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիային՝ Հայաստանի կառավարությունը նշել է, որ տվյալ հայտարարությունն իրականում եղել է վերապահում, և փոխադարձության սկզբունքը չի կարող անտեսվել։

151. Հայաստանի կառավարությունն այնուհետև պնդել է, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելով՝ Ադրբեջանը խախտել է ոչ միայն միջազգային իրավունքը, այլև իր իսկ ներպետական օրենսդրությունը։ Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ միայն թույլատրվում էր ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրճատել մինչև քսանհինգ տարի ժամկետով ազատազրկման։ Ավելին, ցմահ ազատազրկման դատապարտված անձին ներում շնորհելու հարցը կարող էր դիտարկվել միայն այն բանից հետո, երբ անձը կրեր իր պատժի տասը տարին։

152. Վկայակոչելով Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործը (վերևում հիշատակված)՝ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ պետությունները պետք է ավելի խիստ կանոններ կիրառեն այն դեպքում, երբ պատժում են իրենց իսկ գործակալներին՝ կյանքի համար վտանգավոր լուրջ հանցագործություններ կատարելու համար, և որ պետության պարտականությունն է «պայքարելու անպատժելիության զգացումի դեմ, որ իրավախախտները կարող են ունենալ՝ հաշվի առնելով իրենց զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև պահպանելու իրավապահ համակարգի նկատմամբ հանրության վստահությունն ու հարգանքը»։

153. Ի վերջո, կատարվել են մի շարք բժշկական հետազոտություններ, և Հունգարիայի դատարանները գտել են, որ Ռ.Ս.-ն դիտարկվող հանցագործությունները կատարելիս եղել է գիտակից և հոգեպես առողջ։ Ցանկացած դեպքում Ռ.Ս.-ն հնարավորություն է ունեցել Դատարան ներկայացնելու իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի արդարացիության վերաբերյալ գանգատ։

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդհանուր սկզբունքները

154. Հաշվի առնելով դրա հիմնարար բնույթը՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը պարունակում է դրա նյութաիրավական հայեցակետի ենթադրյալ խախտումների արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտավորություն (տե՛ս Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Armani Da Silva v. the United Kingdom [GC]], թիվ 5878/08, § 229, 2016 թվականի մարտի 30, Մուստաֆա Տունչը և Ֆեջիրե Տունչն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 169, 2015 թվականի ապրիլի 14, և Ջուլիանին և Գաջիոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 298, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ))։ Այդպիսի քննություն իրականացնելու պարտականությունն ի հայտ է գալիս սպանության և կասկածելի մահերի առնչությամբ բոլոր այլ գործերով՝ անկախ այն հանգամանքից, թե հանցագործություն կատարած անձինք մասնավոր անձինք են, պետական գործակալներ, թե անհայտ անձինք (տե՛ս Անգելովան և Իլևն ընդդեմ Բուլղարիայի [Angelova and Iliev v. Bulgaria], թիվ 55523/00, § 93, 2007 թվականի հուլիսի 26, և Ռանցևն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի [Rantsev v. Cyprus and Russia], թիվ 25965/04, § 232, ՄԻԵԴ 2010 (քաղվածքներ))։

155. Արդյունավետ քննության նկատմամբ կիրառվող համապատասխան սկզբունքները բազմիցս ամփոփ ներկայացվել են Դատարանի կողմից, մասնավորապես (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Արմանի դա Սիլվայի գործը, §§ 229-239)՝ քննության իրականացման համար պատասխանատուները պետք է լինեն տվյալ իրադարձություններին առնչություն ունեցողներից անկախ, քննությունը պետք է լինի «պատշաճ», դրա արդյունքում կատարված եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի լրիվ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա, այն պետք է բավականաչափ հասանելի լինի զոհի ընտանիքին և լինի բաց՝ հանրության կողմից հսկողություն իրականացնելու համար, ինչպես նաև այն պետք է իրականացվի անհապաղ և ողջամիտ ժամկետներում։ Քննությունը «պատշաճ» համարվելու համար դրա արդյունքում պետք է հնարավոր լինի որոշել գործադրված ուժի՝ տվյալ հանգամանքներում հիմնավորված լինելու կամ չլինելու, ինչպես նաև դրա համար պատասխանատուներին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում պատժելու հարցը (նույն տեղում, §§ 240 և 243)։

156. 2-րդ հոդվածի պահանջները չեն սահմանափակվում պաշտոնական քննության փուլով և շարունակում են գործել ազգային դատարանների վարույթների ամբողջ ընթացքում, որոնք պետք է ընդհանուր առմամբ բավարարեն օրենքի միջոցով կյանքեր պաշտպանելու դրական պարտավորության պահանջները։ Չնայած սահմանված չէ բացարձակ պարտավորություն, որ բոլոր քրեական հետապնդումները պետք է ավարտվեն դատապարտմամբ կամ կոնկրետ պատժով, ազգային դատարանները որևէ պարագայում չպետք է պատրաստ լինեն թույլ տալու, որ կյանքի համար վտանգավոր հանցագործությունները կամ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ ծանր ոտնձգությունները մնան անպատիժ (տե՛ս Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Öneryıldız v. Turkey [GC]], թիվ 48939/99, §§ 95-96, ՄԻԵԴ 2004‑XII, Մոյսիևն ընդդեմ Լեհաստանի [Mojsiejew v. Poland], թիվ 11818/02, § 53, 2009 թվականի մարտի 24, և Դիմիտրովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Dimitrov and Others v. Bulgaria], թիվ 77938/11, § 142, 2014 թվականի հուլիսի 1)։

157. Ի վերջո, Դատարանն արդեն իսկ վճռել է, որ այն դեպքում, երբ պետության գործակալը դատապարտվել է այնպիսի հանցագործության համար, որով խախտվում է Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածը, դժվար թե կարելի է ասել, որ հետագայում համաներում կամ ներում շնորհելը ծառայում է համաչափ պատժի նպատակին։ Ընդհակառակը, պետությունները պետք է էլ ավելի խիստ լինեն այն դեպքում, երբ պատժում են իրենց իսկ գործակալներին կյանքի համար վտանգավոր լուրջ հանցագործություններ կատարելու համար, քան սովորական իրավախախտների դեպքում, քանի որ նժարին դրված է ոչ միայն հանցագործություն կատարած անձանց անհատական քրեաիրավական պատասխանատվության հարցը, այլև պետության պարտականությունը՝ պայքարելու իրավախախտների անպատժելիության զգացումի դեմ, որը նրանք կարող են ունենալ՝ հաշվի առնելով իրենց զբաղեցրած պաշտոնը (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործը, § 274)։

բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով

158. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նշում է, որ սույն գործով մահվան դեպքն արդյունավետորեն քննելու դատավարական պարտավորության մեծ մասը, մասնավորապես՝ քրեական գործով քննությունը և Ռ.Ս.-ի դատապարտումը, իրականացվել է Հունգարիայի կողմից։ Իր ազատազրկման ժամկետի ութ տարին կրելով այնտեղ՝ Ռ.Ս.-ն փոխանցվել է Ադրբեջանին՝ իր ազատազրկումը կրելը հայրենի երկրում շարունակելու համար։ Սակայն վերադառնալուն պես Ռ.Ս.-ն ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահի կողմից շնորհված ներման հիման վրա։ Դրանից հետո նրան շնորհվել է բնակարան Բաքվում, փոխհատուցվել է աշխատավարձն այն ժամանակահատվածի համար, որը նա անցկացրել է Հունգարիայի բանտում, և հրապարակային արարողությամբ բարձրացվել է նրա զինվորական կոչումը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը), և ուղեկցվել է Ադրբեջանի մի շարք հանրային գործիչների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտած հսկայական աջակցությամբ և հավանությամբ (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։

159. Դատարանից պահանջվում է սույն գործով ուսումնասիրել այն հանգամանքը, թե արդյոք և որքանով են Ռ.Ս.-ի՝ Ադրբեջան վերադարձից հետո Ադրբեջանի իշխանությունների գործողությունները համապատասխանել 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորության վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքից բխող վերոնշյալ սկզբունքներին, մասնավորապես մեկ այլ երկրի կողմից նշանակված՝ ազատազրկման ձևով նրա պատժի կատարման մասով։

160. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ ներումը և համաներումը, որպես կանոն, անդամ պետությունների ներպետական օրենսդրության հարցերն են և սկզբունքորեն չեն հակասում միջազգային իրավունքին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներին (տե՛ս Մարգուշն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Marguš v. Croatia [GC]], թիվ 4455/10, § 139, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ))։ Համաձայն Փոխանցման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածի՝ համաներումը և ներումը թույլատրվում են Դատապարտող կամ Կատարող պետության կողմից (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)։

161. Դատարանն այս համատեքստում ընդգծում է այն հանգամանքը, որ այն չունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից և դրա արձանագրություններից բացի այլ փաստաթղթերին Պայմանավորվող կողմերի համապատասխանությունն ուսումնասիրելու լիազորություն. նույնիսկ եթե այլ միջազգային պայմանագրեր կարող են դրա համար լինել ներշնչման աղբյուր, այն չունի այդ փաստաթղթերի դրույթները մեկնաբանելու իրավազորություն (տե՛ս Միհայիլովն ընդդեմ Բուլղարիայի [Mihailov v. Bulgaria], թիվ 52367/99, § 33, 2005 թվականի հուլիսի 21)։ Հետևաբար այն չունի լիազորություն՝ որոշելու, թե արդյոք Ադրբեջանը կատարել է Փոխանցման մասին կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունները, թե ոչ։

162. Միևնույն ժամանակ ոչինչ չի խոչընդոտում Դատարանին հաշվի առնելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2001 թվականի եզրակացությունը ներման և Փոխանցման մասին կոնվենցիայի առնչությամբ, համաձայն որի՝ վերջինս նախատեսված չէ բանտարկյալներին իրենց հայրենի երկիր վերադառնալուն պես անհապաղ ազատ արձակելու համար օգտագործվելու նպատակով (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը)։ Իսկապես, համաձայն Փոխանցման մասին կոնվենցիայի նախաբանի՝ դրա հիմնական նպատակներն են արդարադատության իրականացման խթանումը և դատապարտյալների սոցիալական վերականգնումը։ Ավելին, իր 2014 թվականի բանաձևում Խորհրդարանական վերաժողովը եզրակացրել է, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելով՝ Ադրբեջանը խախտել է բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքները (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։ Այլ միջազգային մարմիններ նույնպես դատապարտել են Ադրբեջան վերադառնալուն պես Ռ.Ս.-ին ցուցաբերված վերաբերմունքը և փառաբանումը (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը)։

163. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը համարում է, որ այն պահից, երբ Ադրբեջանը ստանձնել է Ռ.Ս.-ի՝ ազատազրկման ձևով պատժի կատարման պատասխանատվությունը, այսինքն՝ նրա փոխանցման պահից, նրանից պահանջվել է համարժեք ձևով արձագանքել էթնիկ ծագման շարժառիթով կատարված շատ լուրջ հանցագործությանը, որի համար իր քաղաքացիներից մեկը դատապարտվել է մեկ այլ երկրում (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը, և ստորև՝ 213-րդ պարբերությունը)։ Դատարանը կարծում է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև տիրող չափազանց լարված քաղաքական իրավիճակը, իշխանությունները պետք է շատ ավելի զգույշ լինեին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով հանցագործության զոհերն ունեցել են հայկական ծագում (այս մասով տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերության մեջ հիշատակված՝ Եվրոպական պառլամենտի բանաձևը)։

164. Սակայն Ռ.Ս.-ի՝ ազատազրկման ձևով պատժի կատարումը շարունակելու փոխարեն, ինչպես նշված է եղել Ադրբեջանի կառավարության կողմից Հունգարիայի կառավարությանն ուղղված գրության մեջ, որն ուղարկվել էր Ռ.Ս.-ի փոխանցման հետ կապված բանակցությունների ընթացքում (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), Ադրբեջանի իշխանությունները Ռ.Ս.-ին ազատ են արձակել նրա վերադարձից անմիջապես հետո։

165. Որպես Ռ.Ս.-ին անմիջապես ազատ արձակելու հիմնական պատճառ՝ Ադրբեջանի կառավարությունը վկայակոչել է «Ռ.Ս.-ի պատմության, դրության և մտավոր վիճակի առումով մարդասիրական նկատառումները»։ Նրանք նաև վիճարկել են նրա նկատմամբ Հունգարիայում իրականացված քրեական վարույթի արդարացիությունը։ Այնուամենայնիվ, Դատարանի համար այդ փաստարկներից և ոչ մեկը համոզիչ չէ։

166. Նախևառաջ, Ռ.Ս.-ի պաշտպանի կողմից ներկայացված՝ երդմամբ հայտարարությունից բացի որևէ այլ ապացույցի բացակայության պայմաններում (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) դժվար է լրջորեն կասկածի տակ դնել Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետությունում իրականացված քրեական վարույթի արդարացիությունը։ Իսկապես, Ռ.Ս.-ի համար Հունգարիայում ապահովվել է քրեական դատավարության իրականացում երկու դատական ատյանների դատարաններում, որոնք կայացրել են լավ պատճառաբանված որոշումներ։ Մասնավորապես Հունգարիայի դատարանները պարզաբանել են, որ Ռ.Ս.-ն ինքն է ի սկզբանե խնդրել հունգարերենից ռուսերեն բանավոր թարգմանչի տրամադրում, և երբ նա գանգատվել է, որ բավականաչափ չի հասկանում այդ լեզուն, նրանք կատարել են այն անբարենպաստ իրավիճակի խորը վերլուծություն, որում այդ պատճառով նա կարող էր հայտնված լինել նրա նկատմամբ հարուցված վարույթի ընթացքում։ Ի վերջո, նրանք եզրակացրել են, որ Ռ.Ս.-ն լավ է տիրապետում ռուսերենին, և ամեն դեպքում նրա խնդրանքով հետագայում տրամադրել են նրա մայրենի լեզվին տիրապետող թարգմանիչներ և փաստաթղթերի՝ նրա մայրենի լեզվով թարգմանությունները (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։

167. Ավելին, պարզ չէ, թե որ իրավունքների մասին Ռ.Ս.-ն չի տեղեկացվել իր դեմ քրեական վարույթի ընթացքում (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), քանի որ Բուդապեշտի բարձր դատարանի՝ առաջին ատյանի դատարանի վճռում կարելի է տեսնել, որ 2004 թվականի փետրվարի 19-ին անցկացված նրա առաջին հարցաքննությունից սկսած նրան տրամադրվել է իրավախորհրդատու (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)։ Ցանկացած պարագայում չկան բավարար ապացույցներ առ այն, որ որևէ դատավարական բացթողում, եթե այդպիսին տեղի է ունեցել, հետագայում չի շտկվել դատավարական երաշխիքներով, կամ որ այդպիսի բացթողման հետևանքով նրա նկատմամբ իրականացված ամբողջ վարույթը դարձել է անարդար (տե՛ս, mutatis mutandis, Իբրահիմը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Ibrahim and Others v. the United Kingdom [GC]], թիվ 50541/08 և եւս 3-ը, § 262, 2016 թվականի սեպտեմբերի 13)։ Ավելին, եթե Ռ.Ս.-ն իր դատավարությունը համարել է անարդար, ապա նա կարող էր, 6-րդ հոդվածի համաձայն, ընդդեմ Հունգարիայի գանգատ ներկայացնել Դատարան քրեական վարույթի ավարտից անմիջապես հետո, սակայն նա այդպես չի վարվել։

168. Ադրբեջանի կառավարության կողմից վկայակոչված մնացած պատճառները, ինչպես օրինակ՝ Ռ.Ս.-ի անձնական պատմությունը և մտավոր խնդիրները, որքան էլ հասկանալի լինեն, դժվար թե կարող էին բավարար լինել արտերկրում ատելության հողի վրա կատարված լուրջ հանցագործության համար իր քաղաքացիներից մեկի նկատմամբ սահմանված պատիժն Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելը հիմնավորելու համար։ Մասնավորապես Դատարանին գոհացրել է այն հանգամանքը, որ Ռ.Ս.-ի մտավոր կարողությունները Հունգարիայում ընթացող նրա դատավարության ընթացքում լիովին գնահատվել են բազմաթիվ բժշկական փորձագետների կողմից, և գտել են, որ նա հանցագործությունները կատարելիս մտավոր ունակ է եղել՝ հասկանալու իր գործողությունների վտանգավորությունը և հետևանքները (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետագայում կայացված՝ Ռ.Ս.-ին ավելի բարձր զինվորական կոչում շնորհելու որոշումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա համարվել է զինված ուժերում ծառայությունը շարունակելու համար պիտանի, հետևաբար չի գտնվել ծանր հոգեկան վիճակում։

169. Նույնիսկ եթե մի կողմ թողնենք նրա ներման հանգամանքը, Դատարանին հատկապես ապշեցրել է այն փաստը, որ անմիջապես ազատ արձակելուց բացի՝ Ադրբեջան վերադառնալուն պես Ռ.Ս.-ին շնորհվել են մի շարք այլ օգուտներ, ինչպես օրինակ՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, բնակարան Բաքվում, հրապարակային արարողությամբ զինվորական կոչման բարձրացում։ Ադրբեջանի կառավարությունը որևէ պարզաբանում չի տվել այն մասին, թե ինչու են Ռ.Ս.-ին շնորհվել այդ օգուտները, և ոչ էլ նշել է իր գործողությունների իրավական հիմքը՝ բացի զինվորական կոչման բարձրացման մասին կանոնակարգին արված հղումից (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը)։ Իսկապես, առնվազն աշխատավարձի փոխհատուցման համար իրավական հիմք թերևս առկա չէ Քրեական դատավարության օրենսգրքում, որով թույլատրվում է այդպիսի միջոցառման իրականացում միայն այն դեպքում, երբ անհատն արդարացվել է կամ անարդարացիորեն է դատապարտվել (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը)։

170. Դատարանի կարծիքով՝ վերոգրյալն ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ Ռ.Ս.-ին վերաբերվել են որպես անմեղ կամ անարդարացիորեն դատապարտված անձի և շնորհել են օգուտներ, որոնց համար ներպետական իրավունքով թերևս իրավական հիմք առկա չի եղել։

171. Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ ինչպես այն արդեն իսկ վճռել է համանման գործերում, որպես սկզբունքային հարց, բացարձակապես անընդունելի կլինի և հանրությանը կհղվի սխալ ուղերձ, եթե այնպիսի լուրջ հանցագործություն կատարած անձը, ինչպիսին է սույն գործով հանցագործությունը, պահպանի հետագայում պետական պաշտոն զբաղեցնելու իր իրավունքը (տե՛ս Թյուրքմենն ընդդեմ Թուրքիայի [Türkmen v. Turkey], թիվ 43124/98, § 53, 2006 թվականի դեկտեմբերի 19, վերևում հիշատակված՝ Աբդուլսամեթ Յամանի գործը, § 55, և վերևում հիշատակված՝ Էնուկիձեի և Գիրգվլիանիի գործը, § 274)։ Ինչպես արդեն նշվել է, սույն գործում Ռ.Ս.-ն ոչ միայն պահպանել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, այլև հրապարակային արարողությամբ նրան շնորհվել է ավելի բարձր զինվորական կոչում։

172. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով ըստ էության Ռ.Ս.-ի համար ապահովվել է անպատժելիություն՝ իր հայ զոհերի նկատմամբ կատարված հանցագործության համար։ Սա համատեղելի չէ Ադրբեջանի՝ 2-րդ հոդվածով սահմանված՝ անհատների կյանքի դեմ հանցագործությունների կատարումը կանխելու համար արդյունավետ գործողություններ ձեռնարկելու պարտավորության հետ։

173. Հետևաբար տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով։

Դ. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորությունները Հունգարիայի մասով

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուները

174. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ Հունգարիան, բավարարելով Ռ.Ս.-ի փոխանցման դիմումը, առանց ստանալու համապատասխան պարտադիր երաշխիքներ առ այն, որ նրանից կպահանջվի ազատազրկման ձևով իր պատժի կրումն ավարտին հասցնել Ադրբեջանում, խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

175. Դիմումատուները նշել են, որ Հունգարիայի իշխանությունները կրել են դիմումատուների կյանքի իրավունքի պահպանումն ապահովելու դրական պարտավորություն։ Գործի տվյալ հանգամանքներում Ադրբեջանի առնչությամբ սահմանված՝ 2-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորությունների բնույթն ու շրջանակը հավասարապես կիրառելի են եղել Հունգարիայի նկատմամբ։ Հունգարիայի դատարանն է, որ դատապարտել է Ռ.Ս.-ին և նրա նկատմամբ նշանակել պատիժ, և համապատասխանաբար Հունգարիայի կառավարությունը կրել է դրական պարտավորություն՝ չձեռնարկելու որևէ քայլ, որը կասկածի տակ կդներ այդ որոշումը։

176. Ավելին, Հունգարիայի իշխանություններից պահանջվել է ցուցաբերել «առանձնահատուկ աչալրջություն և բուռն արձագանք» (նրանք հղում են կատարել Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]] գործին, թիվ 43577/98 և 43579/98, § 145, ՄԻԵԴ 2005‑VII), ինչը տվյալ գործում նշանակում է բավարար քայլերի ձեռնարկում՝ ապահովելու համար, որ հանձնվելու դեպքում Ռ.Ս.-ն կրի սպանության և սպանության փորձ կատարելու համար սահմանված իր պատիժը։

177. 2-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորությամբ պահանջվել է, որ մինչև Ռ.Ս.-ի ազատ արձակմանը և փոխանցմանը համաձայնելը և դրա իրականացումը Հունգարիայի իշխանությունները պետք է ձեռնարկեին ողջամիտ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ Ռ.Ս.-ն Ադրբեջանում շարունակի կրել իր պատիժը։ Այնուհանդերձ, մինչև Ռ.Ս.-ին Ադրբեջան փոխանցելու մասին որոշում կայացնելը նրանք չեն պահանջել և չեն ստացել նրա կալանքի շարունակականության մասով համապատասխան երաշխիքներ։

178. Պատասխանող կառավարությունների միջև տեղի ունեցած՝ հրապարակված նամակագրությունը ցույց է տվել, որ այդպիսի երաշխիքներ տրամադրելու պահանջ չի ներկայացվել։ Ավելին, 2012 թվականի օգոստոսի 15-ով թվագրված՝ Ադրբեջանի արդարադատության նախարարի կողմից Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարին ուղղված գրությունը եղել է ընդհանուր բնույթի, որում ներկայացվել է կիրառելի ներպետական իրավունքը։ Դրանում հատուկ նշված չի եղել Ռ.Ս.-ի փոխանցումից հետո նրա նկատմամբ վերաբերմունքի առաջարկվող տարբերակը՝ մի փաստ, որը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից իրենց դիտարկումներում։

179. Ինչ վերաբերում է պետությունների միջև տրված երաշխիքներին, ապա Դատարանի ընդունված պրակտիկան է գնահատելը, թե արդյոք տրամադրվել է բավարար երաշխիք առ այն, որ դիմումատուն գործնականում պաշտպանված կլինի Կոնվենցիայով արգելված վերաբերմունքին արժանանալու ռիսկից (դիմումատուները հղում են կատարել Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Saadi v. the United Kingdom [GC]] գործին, թիվ 13229/03, § 148, ՄԻԵԴ 2008, Իսմոյիլովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Ismoilov and Others v. Russia] գործին, թիվ 2947/06, §127, 2008 թվականի ապրիլի 24, Սոլդատենկոն ընդդեմ Ուկրաինայի [Soldatenko v. Ukraine] գործին, թիվ 2440/07, §§ 73-74, 2008 թվականի հոկտեմբերի 23, և Օթմանը (Աբու Քաթադա) ընդդեմ Միացյալ Թագավորության [Othman (Abu Qatada) v. the United Kingdom] գործին, թիվ 8139/09, § 189, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ))։

180. Հունգարիայի իշխանությունները տեղյակ են եղել Ռ.Ս.-ի գործի չափազանց քաղաքականացված բնույթի մասին՝ հատկապես հաշվի առնելով Ռ.Ս.-ի կողմից քրեական վարույթի ընթացքում այն փաստի ընդունումը, որ նրա շարժառիթները կապված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Հունգարիայի հիմնարար իրավունքների հարցերով հանձնակատարը եզրակացրել է, որ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հունգարիայի կառավարությունը պետք է տեղյակ լիներ, որ Ռ.Ս.-ին Ադրբեջան փոխանցելու դեպքում նրա պատժի կրումն ամենայն հավանականությամբ կդադարեցվի, և նա ազատ կարձակվի, քանի որ Ադրբեջանի հանրությունը համարել է, որ գործը վերաբերում էր «պատվաբեր սպանության»։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հանգել է համանման եզրակացության։

181. Դիմումատուները նշել են, որ Հունգարիայի իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ, որ վերադառնալուն պես Ադրբեջանի իշխանությունները Ռ.Ս.-ին ազատ կարձակեն։ Դիմումատուները հղում են կատարել Հունգարիայի բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարություններին և մամուլում տեղ գտած պնդումներին, որ Հունգարիայի կառավարությունը տեղյակ է եղել փոխանցումից հետո հնարավոր ելքի մասին և թույլատրել է դրա շարունակականությունը, որպեսզի Հունգարիան կարողանա պետական պարտատոմսեր վաճառել Ադրբեջանին։ Նիկարագուայում և Նիկարագուայի դեմ ռազմական և ռազմականացված գործողությունների գործով ԱՄԴ-ն նշել է, որ բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից հնչեցված հայտարարություններն ունեն հատուկ ապացուցողական ուժ այն դեպքում, երբ ճանաչում ստացած փաստերը կամ վարքագիծը պետության համար բարենպաստ չեն։ Դատարանն ընդունել է այդ մոտեցումը և դրա կիրառությունն ընդհանուր առմամբ տարածել է ականավոր քաղաքական գործիչների նկատմամբ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի գործում ([GC] [ՄՊ], թիվ 13216/05, §§ 177-179, ՄԻԵԴ 2015)։ Ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ի աջակցություն Ռ.Ս.-ի մինչև նրա փոխանցումն արված հայտարարությունները՝ դիմումատուները պնդել են, որ փոխանցման հետևանքները կարող էին լիովին կանխատեսվել։

182. Ռ.Ս.-ին փոխանցելու մասին որոշումն ամենայն հավանականությամբ կայացվել է Արդարադատության նախարարի կողմից՝ առանց որևէ դատավորի, դատարանի կամ դատախազի մասնակցության, կամ առանց հսկողության կամ հաշվետվողականության ապահովման որևէ այլ անկախ գործընթացի։ Հունգարիայի կառավարությունը չի ապացուցել, որ ներպետական իրավունքով նախարարից պահանջվել է հաշվի առնել կարևոր և անտեսել անկարևոր գործոնները։ Համապատասխանաբար, դիմումատուները նշել են, որ կամայականություններից և գործընթացի չափաշահումից խուսափելու համար առկա չի եղել դատապարտված բանտարկյալների փոխանցման կարգավորման արդյունավետ ներպետական օրենսդրական դաշտ։ Դիմումատուների հետ չի անցկացվել խորհրդակցություն, և նրանք չեն տեղեկացվել Հունգարիայի իշխանությունների՝ Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ որոշման մասին։

183. Դիմումատուները մատնանշել են փոխանցման դիմումների քանակի և դրանց մերժման պատճառների առնչությամբ պատասխանող կառավարությունների դիտարկումներում առկա անհամապատասխանությունները։

184. Ի վերջո, դիմումատուները մերժել են Հունգարիայի այն փաստարկը, որ այն հիմք ուներ ենթադրելու, որ Ադրբեջանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, կգործի իր միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այն փաստը, որ պետությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է, հիմք չէ ենթադրելու համար, որ այն կվարվի իր միջազգային պարտավորություններին համապատասխան։

բ) Հունգարիայի կառավարությունը

185. Հունգարիայի կառավարությունը հերքել է, որ Հունգարիան խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր որևէ դրական պարտավորություն։ Իշխանություններն իրականացրել են քրեական վարույթ և Ռ.Ս.-ին մեղավոր են ճանաչել դիտավորությամբ և առանձնահատուկ դաժանությամբ կատարված՝ կանխամտածված սպանության, ինչպես նաև սպանության նախապատրաստման համար և դատապարտել են նրան ցմահ ազատազրկման, որը նա պետք է կրեր խիստ ռեժիմով բանտում։

186. Ռ.Ս.-ի փոխանցումն Ադրբեջանին տեղի է ունեցել համապատասխան միջազգային իրավական դրույթներին և Հունգարիայի օրենքներին լիարժեք համապատասխանությամբ։ Հունգարիայի կառավարությունը չգիտեր (և չէր կարող իմանալ), որ փոխանցումից հետո Ռ.Ս.-ն հնարավոր է ազատ արձակվի։ Ադրբեջանը եղել է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն և Փոխանցման մասին կոնվենցիայի պայմանավորվող պետություն։ Հունգարիան ունեցել է բոլոր պատճառները հավատալու, որ Ադրբեջանը կգործի իր միջազգային պարտավորություններին համապատասխան։ Հունգարիան գործել է բարեխղճորեն և Փոխանցման մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

187. Ոչ Փոխանցման մասին կոնվենցիայով, ոչ էլ ներպետական իրավունքով Հունգարիայի իշխանությունները պարտավոր չէին Ադրբեջանից ձեռք բերել երաշխիքներ, և ոչ էլ համապատասխան դրույթներում է դիտարկվում այդպիսի երաշխիքներ ձեռք բերելու հնարավորություն։ Ինչպես պահանջվել է Փոխանցման մասին կոնվենցիայով, Հունգարիայի կառավարությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է լրացուցիչ տեղեկություններ. վերջինս պատասխանել է՝ նշելով, որ նրանք կշարունակեն պատժի կատարումն առանց որևէ «փոխարկման» կամ նոր վարույթ հարուցելու։ Նրանք նաև նշել են, որ համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձի պատիժը կարող է միայն փոփոխվել դատարանի կողմից, և որ այդ անձը կարող է ազատ արձակվել միայն ազատազրկման քսանհինգ տարին կրելուց հետո։ Հունգարիայի իշխանությունները որևէ պատճառ չունեին հավատալու, որ Ադրբեջանի իշխանությունները կգործեն ի խախտումն այդ պաշտոնական գրության։

188. Ադրբեջանի կողմից նախկինում ներկայացվել են Ռ.Ս.-ի փոխանցման մասին դիմումներ, սակայն դրանց առնչությամբ որևէ որոշում չի կայացվել, քանի որ բանտապահի նկատմամբ գործադրված բռնության մասով նրա նկատմամբ հարուցված մեկ այլ քրեական վարույթ եղել է ընթացքի մեջ։ Այդ վարույթով Ռ.Ս.-ն ի վերջո մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ութ ամիս ժամկետով ազատազրկման, ծառայողական պարտականությունները կասեցվել են երկու տարի ժամկետով։ 2008 թվականի հունվարին այս վարույթի ավարտից հետո մինչև 2012 թվականը Ռ.Ս.-ի փոխանցման վերաբերյալ որևէ այլ դիմում Ադրբեջանի կողմից չի ներկայացվել։

գ) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

189. Հայաստանի կառավարությունն այն տեսակետն է հայտնել, որ Հունգարիայի իշխանությունները բավականաչափ աչալուրջ և ուշադիր չեն եղել փոխանցման դիմումն ուսումնասիրելիս և ռիսկային գործոնները գնահատելիս։ Հունգարիայի իշխանությունները գիտեին կամ պետք է իմանային, որ մեծ է հավանականությունը, որ փոխանցումից հետո Ռ.Ս-ն ազատ կարձակվի Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ մասնավորապես հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հանգամանքները և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները, որոնցով պահանջվում էր Ռ.Ս.-ին ազատ արձակել, ինչպես նաև հաշվի առնելով Ռ.Ս.-ին վերադարձնելու հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից դրսևորված բուռն շահագրգռվածությունը։

190. Այս առումով Հունգարիայի հիմնարար իրավունքների հարցերով հանձնակատարը զեկույցում եզրակացրել, է որ Հունգարիայի կառավարությունը պետք է տեղյակ լիներ փոխանցման հետևանքների մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանում տիրող այն կարծիքը, որ սպանությունը «հայրենասիրական» բնույթ ունի, և հանրության արձագանքը՝ պահանջելով Ռ.Ս.-ի ազատ արձակումը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը որևէ պաշտոնական ձևով չի պարտավորվել ներում չշնորհել կամ մինչև ներում շնորհելը հայցել Հունգարիայի համաձայնությունը։ Հիմք ընդունելով ՄԱՓԳՀ-ի «Դիվանագիտական երաշխիքների մասին» գրությունը և Դատարանի նախադեպային իրավունքը (Սորինգն ընդդեմ Միացյալ Թագավորության [Soering v. the United Kingdom], 1989 թվականի հուլիսի 7, շարք Ա, թիվ 161, Բայսակովը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Baysakov and Others v. Ukraine], թիվ 54131/08, § 51, 2010 թվականի փետրվարի 18, Կլայնն ընդդեմ Ռուսաստանի [Klein v. Russia], թիվ 24268/08, §§ 55‑56, 2010 թվականի ապրիլի 1, և Սաադին ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Saadi v. Italy [GC]], թիվ 37201/06, § 147, ՄԻԵԴ 2008)՝ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանից ստացված երաշխիքները բավարար չեն եղել։ Այն նաև պնդել է, որ իրավական դրույթների զուտ վերաշարադրումը չի կարող համարվել բավարար դիվանագիտական երաշխիք։ Ավելին, այն իշխանությունները, որոնք տալիս են այդպիսի երաշխիքներ, պետք է ունենան դրանց տրամադրման լիազորություն։

191. Հունգարիայի իշխանությունները չեն կատարել փոխանցման ընթացակարգերի և հնարավոր ելքի մանրամասն քննություն և փոխանցման մասին որոշման համար որպես հիմք են ընդունել կասկածելի «երաշխիքներ», որոնցում պարզապես շարադրվել են ներպետական օրենքները, և որոնք եղել են անորոշ ու ոչ ստույգ։

2. Դատարանի գնահատականը

192. Դատարանը նկատում է, որ Հnւնգարիայի իշխանություններն անհապաղ իրականացրել են Ռ.Ս.-ի քրեական հետապնդումը։ Նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթի արդյունքում նա դատապարտվել է, և նրա նկատմամբ նշանակվել է ցմահ ազատազրկման ձևով պատիժ, որն անփոփոխ է թողնվել վերաքննիչ բողոքը քննելու արդյունքում։ Դիմումատուները չեն քննադատել ոչ այդ վարույթի ընթացքը և ոչ էլ դրա ելքը։ Հետևաբար կատարված հանցագործության հանգամանքները պարզելու և կյանքի կորստի համար պատասխանատու անձին հայտնաբերելու հրամայականը սույն գործով ի կատար է ածվել։

193. Դիմումատուների բողոքը վերաբերում է այն հանգամանքին, որ Հունգարիայի իշխանությունները չեն ապահովել Ռ.Ս.-ի կողմից ազատազրկման ձևով իր պատժի կրումը նույնիսկ այն բանից հետո, երբ նա լքել է Հունգարիան։ Նրանք մասնավորապես պնդել են, որ Հունգարիայի իշխանությունները գիտեին կամ պետք է իմանային Ադրբեջան փոխանցվելու դեպքում Ռ.Ս.-ի ազատ արձակման հնարավորության մասին և հետևաբար պետք է պահանջեին հատուկ դիվանագիտական երաշխիքներ, որ այդպիսի բան տեղի չի ունենա։

194. Դատարանը բազմիցս քննել է իրավիճակներ, երբ պետությունից պահանջվել է ապահովել, որ իր տարածքից արտաքսված կամ հանձնված անձը դիմող պետությունում չենթարկվի Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածներին հակասող վերաբերմունքի (տե՛ս, ի թիվս բազմաթիվ այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Սաադին ընդդեմ Իտալիայի գործը, § 125)։ Ավելին, Ռանցևի գործում (վերևում հիշատակված), մարդկանց թրաֆիքինգի համատեքստում Դատարանը գտել է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ստանձնված՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու պարտավորությունները, Դատարանն իրավասու է քննել, թե որքանով Ռուսաստանը կարող էր իր տարածքային ինքնիշխանության սահմաններում ձեռնարկել քայլեր՝ դիմումատուի դստերը մեկ այլ երկրում թրաֆիքինգի ենթարկվելուց պաշտպանելու, թրաֆիքինգի վերաբերյալ հայտարարությունները քննելու և մեկ այլ երկրում նրա մահվանը հանգեցնող հանգամանքները քննելու համար (նույն տեղում, § 208)։

195. Այս գործով Դատարանից պահանջվում է ուսումնասիրել հանցագործության զոհերի և նրանց մերձավոր ազգականների իրավունքների պաշտպանության համար փոխանցող պետության պատասխանատվության առկայության և դրա չափի հետ կապված հարցերը (տե՛ս, mutatis mutandis, Գրեյն ընդդեմ Գերմանիայի [Gray v. Germany], թիվ 49278/09, § 87, 2014 թվականի մայիսի 22, և Զոլթայն ընդդեմ Հունգարիայի և Իռլանդիայի (որոշում) [Zoltai v. Hungary and Ireland (dec.)], թիվ 61946/12, § 32, 2015 թվականի սեպտեմբերի 29)։

196. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործով նրա կողմից քննությունն անհրաժեշտաբար սահմանափակված է կողմերի կողմից ներկայացված փաստական համատեքստով և ապացույցներով։ Դատարանը նկատում է, որ Հունգարիայի իշխանությունները լիովին պահպանել են Փոխանցման մասին կոնվենցիայում սահմանված ընթացակարգը։ Մասնավորապես նրանք Ադրբեջանի իշխանություններից պահանջել են հստակեցնել, թե Ռ.Ս.-ի՝ իր հայրենի երկիր վերադարձի դեպքում որ ընթացակարգին են հետևելու (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։ Չնայած պետք է ընդունել, որ Ադրբեջանի իշխանությունների պատասխանը եղել է թերի և շարադրված է եղել ընդհանուր ձևով, ինչն էլ իր հերթին կարող էր կասկած առաջացնել Ռ.Ս.-ի ազատազրկման ձևով պատժի կատարման եղանակի առնչությամբ և ստիպել նրանց ձեռնարկել լրացուցիչ գործողություններ, ինչպես եզրակացրել է Հունգարիայի հիմնարար իրավունքների հարցերով հանձնակատարը (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը), սույն գործով կողմերը Դատարան չեն ներկայացրել որևէ հստակ ապացույց առ այն, որ Հունգարիայի իշխանությունները միանշանակ գիտեին կամ պետք է իմանային, որ Ռ.Ս.-ն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ կարձակվի։ Իսկապես, հաշվի առնելով մասնավորապես Ռ.Ս.-ի կողմից Հունգարիայի բանտում արդեն իսկ անցկացված ժամանակը՝ Դատարանը չի կարող պատկերացնել, թե ինչպես կարող էին Հունգարիայի իրավասու մարմիններն անել ավելին, քան պահպանել Փոխանցման մասին կոնվենցիայի ընթացակարգը և ոգին և շարունակել գործել՝ ենթադրելով, որ Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետություն կգործի բարեխղճորեն։

197. Համապատասխանաբար, ելնելով սույն գործի կոնկրետ հանգամանքներից՝ Դատարանը չի կարող եզրակացնել, որ Հունգարիայի իշխանությունները չեն կատարել 2-րդ հոդվածով նախատեսված իրենց դատավարական պարտավորությունները։

198. Հետևաբար Հունգարիայի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

199. Դիմումատուները նշել են, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ 2-րդ հոդվածի համակցությամբ։ Համաձայն 14-րդ հոդվածի՝

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։

Ա. Ընդունելիությունը

200. Դատարանը նշում է, որ սույն բողոքը կապված է վերևում՝ 2-րդ հոդվածի համաձայն քննված բողոքի հետ և հետևաբար նույնպես պետք է հայտարարվի ընդունելի։

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուները

201. Դիմումատուները նշել են, որ Ռ.Ս.-ն իր երկու զոհերի նկատմամբ հանցագործություններն անկասկած կատարել է նրանց ազգային պատկանելիությամբ և էթնիկ ծագմամբ պայմանավորված, ինչն էլ եղել է նրան դատապարտելիս Հունգարիայի դատարանների եզրակացությունը։ Այն փաստը, որ զոհերի ազգային պատկանելիությունը եղել է հանցագործությունների շարժառիթը, գործը քննող դատարանի կողմից դիտարկվել է որպես ծանրացնող հանգամանք։

202. Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված տարբեր գործողություններ, այդ թվում՝ Ռ.Ս.-ի ներումը, իրականացվել են զուտ այն պատճառով, որ նրա գործողություններն ուղղված են եղել հայ զինվորական սպաների նկատմամբ։ Ռ.Ս.-ի գործի վերաբերյալ 2014 թվականի իր մանրամասն զեկույցում (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը եզրակացրել է, որ՝

«...նախագահական ներումը, ըստ ամենայնի, շնորհվել է որպես ազգային ատելությամբ հրահրված՝ [զոհի] սպանության համար պարգևատրում։ Դրանով ոչ թե ենթադրվում է ներում, այլ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործության փառաբանում»։

203. Դիմումատուները հղում են կատարել Նաչովան և այլք գործին (վերևում հիշատակված, § 145 և § 160)՝ մատնանշելով Դատարանի՝ ռասայական հողի վրա գործադրված բռնության վերաբերյալ կարծիքը և այդ ոլորտում քրեական իրավունքը կիրառելու հատուկ պահանջները։

204. Նրանք նշել են, որ Փոխանցման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածով չի նախատեսվում ներում շնորհելու բացարձակ իրավունք։ Ադրբեջանի կառավարության՝ Փոխանցման մասին կոնվենցիայի մեկնաբանության մեջ հաշվի չեն առնվել այդ միջազգային պայմանագրի առարկան և նպատակը, մասնավորապես՝ արդարադատության իրականացմանը նպաստելը և դատապարտյալների սոցիալական վերականգնումը՝ ազատությունից զրկված օտարերկրացիներին տալով իրենց հասարակական միջավայրում իրենց պատիժը կրելու հնարավորություն։ Դիմումատուները պնդել են, որ 12-րդ հոդվածը պետք է մեկնաբանել որպես «երաշխիքային դրույթ», որի նպատակն է ապահովել, որ, միջազգային իրավունքի համաձայն, համաներման և ներման մասին ազգային օրենքների կիրառման գործընթացում առկա չլինի որևէ խոչընդոտ այն դեպքում և այն պահին, երբ ողջամիտ է այդպիսի միջոցառման կիրառումը։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ եղել է ներում շնորհելու բացարձակ իրավունք, Փոխանցման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը չէր կարող մեկնաբանվել որպես խախտում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կամ այլ միջազգային փաստաթղթերի։

205. Չնայած Փոխանցման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածում ոչինչ չի հուշում, որ ընդունող պետությունը մինչև ներում կամ համաներում շնորհելը պետք է փորձի ձեռք բերել Դատապարտող պետության համաձայնությունը, դիմումատուները հղում են կատարել 2001 թվականի հունվարին Փոխանցման մասին կոնվենցիան վավերացնելիս Ադրբեջանի ներկայացրած հայտարարությանը և պնդել են, որ համաձայն Միջազգային իրավունքի հանձնաժողովի՝ Միջազգային պայմանագրերի մասով արված վերապահումների առնչությամբ գործելակերպի վերաբերյալ ուղեցույցի և «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի և դատական պրակտիկայի՝ այդ հայտարարությունը սկզբունքորեն համարվում է վերապահում, և հետևաբար կիրառելի են համապատասխան իրավական հետևանքները։ Համաձայն Վիեննայի կոնվենցիայի 21-րդ և 23-րդ հոդվածների՝ մեկ այլ կողմի առնչությամբ սահմանված վերապահմամբ այդ մյուս կողմի համար վերապահումը հայտարարող պետության հետ իր հարաբերություններում այդ դրույթները փոփոխվում են նույն չափով, և հակառակի վերաբերյալ արված ցանկացած պնդում կհակասի պետությունների ինքնիշխան հավասարության հիմնարար սկզբունքին։ Ադրբեջանը հետևաբար չէր կարող խուսափել իր իսկ կողմից արված վերապահման իրավական հետևանքներից։ Ռ.Ս.-ին ներում շնորհելու վերաբերյալ իր որոշումը պետք է համաձայնեցվեր Հունգարիայի իշխանության իրավասու մարմինների հետ։ Եթե Դատարանն ընդուներ, որ Ադրբեջանի հայտարարությունը ոչ թե վերապահում է, այլ մեկնաբանական բնույթի հայտարարություն, ապա դրանով կարտացոլվեր Ադրբեջանի Հանրապետության կողմից այն հանգամանքի ըմբռնումը, որ 12-րդ հոդվածի ճշգրիտ մեկնաբանությամբ ենթադրվում է, որ պետք է ձեռք բերվի Դատապարտող պետության համաձայնությունը։ Հետևաբար Ադրբեջանը չի գործել բարեխղճորեն։

206. Ի վերջո, դիմումատուները պնդել են, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան, որի կողմերն են թե՛ Ադրբեջանը և թե՛ Հունգարիան, կարևոր նշանակություն ունի գործի հանգամանքների համար։ Դիմումատուները հղում են կատարել մասնավորապես 5-րդ և 6-րդ հոդվածներին և պնդել, որ Ռ.Ս.-ի՝ Ադրբեջան փոխանցումից հետո արդյունավետ պաշտպանության, իրավական պաշտպանության միջոցների և պատժի կատարման մասով Հունգարիայի իրավազորությունը փոխարինվել է Ադրբեջանի իրավազորությամբ։ Ռ.Ս.-ին ներում շնորհելով չի ապահովվել զոհերի էթնիկ ծագմամբ հրահրված հանցագործության համար պատշաճ պատիժ։

բ) Ադրբեջանի կառավարությունը

207. Ադրբեջանի կառավարությունը ժխտել է, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում, և նշել է այդպիսի խախտում հայտնաբերելու գործընթացին բնորոշ խնդիրները (հղում կատարելով վերևում հիշատակված՝ Նաչովան և այլք գործին, § 157)։ Հնարավոր չէ հաստատել, որ զոհերի էթնիկ ծագումը եղել է Ռ.Ս.-ի գործողությունների միակ շարժառիթը։ Նրան դրդել են բազմաթիվ գործոններ, և նրա դրդապատճառը պետք է դիտարկել հայ սպաների կողմից սադրանքների ենթարկվելու և իր անձնական պատմության լույսի ներքո։ Ադրբեջանի կառավարությունը կրկին նշել է, որ կտրականապես հրաժարվում է Ռ.Ս.-ի վարքագիծը ճանաչել կամ ընդունել որպես իր սեփականը։ Ադրբեջանը հավանություն չի տվել հանցագործություններին և ընդունել է, որ Ռ.Ս.-ի դատապարտումը կատարվել է պատշաճ ձևով։ Ադրբեջանի դժգոհությունը պայմանավորված է եղել նրա պատժի տևողությամբ՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։

208. Ադրբեջանի կառավարությունը ժխտել է, որ նախագահական ներում շնորհելու շարժառիթը եղել է խտրականությունը, և կրկին նշել է այդ որոշման կայացման համար այն նույն պատճառները, որոնք շարադրվել են վերևում՝ 2-րդ հոդվածի համատեքստում (տե՛ս վերևում՝ 133-135-րդ պարբերությունները)։ Նրանք նաև ներկայացրել են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից արված երկու հայտարարություն, որոնք վկայում են, որ Ռ.Ս.-ի գործողությունները երբեք հավանության չեն արժանացել կամ չեն արդարացվել պետական մակարդակով (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։

գ) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

209. Հունգարիայի դատարանները հստակ սահմանել են, որ Ռ.Ս.-ի հանցագործությունները կատարվել են «բացառապես զոհերի էթնիկ պատկանելիության պատճառով»։ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը չի ցուցաբերել անհրաժեշտ «հատուկ զգոնություն» և «բուռն արձագանք», ինչպես սահմանված է Նաչովան և այլք գործում (վերևում հիշատակված), փոխարենը փառաբանել ու խրախուսել է հայերի սպանությունը, գովաբանել է այն անձին, որը դատապարտվել էր էթնիկ պատկանելիության հողի վրա հայերի սպանության և սպանության փորձ կատարելու համար։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարություններով խախտվել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 4-րդ հոդվածը։

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդհանուր սկզբունքները

210. Խտրականությունն առանց որևէ օբյեկտիվ կամ հիմնավոր պատճառի տարբեր վերաբերմունքի դրսևորումն է համեմատաբար նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ (տե՛ս Ուիլիսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Willis v. the United Kingdom], թիվ 36042/97, § 48, ՄԻԵԴ 2002-IV)։ Էթնիկ ծագման հիմքով խտրականությունը, inter alia, համարվում է խտրականության ձև։ Ռասայական խտրականությունը խտրականության հատկապես վիրավորական տեսակն է, և, հաշվի առնելով դրա վտանգավոր հետևանքները, իշխանություններից պահանջվում է հատուկ զգոնություն և բուռն արձագանք։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պետք է կիրառեն ռասիզմի դեմ պայքարի բոլոր հասանելի միջոցները՝ այդպիսով խթանելով հասարակության՝ ժողովրդավարության վերաբերյալ այն պատկերացումը, ըստ որի՝ բազմազանությունն ընկալվում է ոչ թե որպես սպառնալիք, այլ զարգացման աղբյուր (տե՛ս վերևում հիշատակված՝ Նաչովան և այլք գործը, § 145, և Տիմիշևն ընդդեմ Ռուսաստանի [Timishev v. Russia], թիվ 55762/00 և 55974/00, § 56, ՄԻԵԴ 2005-XII)։ Դատարանը նաև վճռել է, որ բացառապես կամ էապես անձի էթնիկ ծագմամբ պայմանավորված վերաբերմունքի որևէ տարբերակում չի կարող օբյեկտիվորեն արդարացվել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում, որի հիմքում ընկած են բազմակարծության և տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքի սկզբունքները (տե՛ս վերևում հիշատակված՝ Տիմիշևի գործը, § 58)։

211. Ինչ վերաբերում է այս ոլորտում ապացուցման բեռին, ապա Դատարանը կրկին նշում է, որ իր վարույթի շրջանակներում գոյություն չունի որևէ դատավարական խոչընդոտ՝ կապված ապացույցների թույլատրելիության հետ կամ դրանց գնահատման կանխորոշված բանաձև։ Ապացույցները կարող են բխել համատեղ գոյություն ունեցող՝ բավականաչափ արժանահավատ, հստակ և միմյանց չհակասող ենթադրությունների կամ փաստի գոյության վերաբերյալ համանման անհերքելի կանխավարկածների առկայությունից։ Ավելին, կոնկրետ եզրակացության հանգելու համար անհրաժեշտ համոզվածության մակարդակը և այս առումով ապացուցման բեռի բաշխումն անմիջականորեն կապված են փաստերի առանձնահատկության, արված հայտարարության էության և Կոնվենցիայով նախատեսված՝ դիտարկվող իրավունքի հետ (տե՛ս վերևում հիշատակված՝ Նաչովան և այլք գործը, § 147)։

212. Դատարանն այնուհետև ընդունել է, որ բոլոր դեպքերում չէ, որ Կոնվենցիայի համաձայն ընթացող վարույթի ընթացքում կիրառվում է «affirmanti incumbit probatio» սկզբունքը (որևէ փաստ պնդող կողմը պարտավոր է ապացուցել դա) (տե՛ս Աքթաշն ընդդեմ Թուրքիայի [Aktaş v. Turkey], թիվ 24351/94, § 272, ՄԻԵԴ 2003-V)։ Որոշ դեպքերում, երբ իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծ մասամբ տեղի են ունեցել իշխանությունների բացարձակ իմացությամբ, կարող է համարվել, որ ապացուցման բեռն ընկած է իշխանությունների վրա՝ տրամադրելու գոհացուցիչ և համոզիչ բացատրություն առ այն, թե ինչպես են տեղի ունեցել դիտարկվող իրադարձությունները (տե՛ս Ալ Նաշիրին ընդդեմ Ռումինիայի [Al Nashiri v. Romania], թիվ 33234/12, §§ 492-493, 2018 թվականի մայիսի 31, և դրանում հիշատակված գործերը)։ Ի վերջո, ընդունելով այն հանգամանքը, որ ռասայական շարժառիթի ապացուցումը գործնականում հաճախ կարող է ծայրահեղ դժվար լինել (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Միժիգարովն ընդդեմ Սլովակիայի [Mižigárová v. Slovakia], թիվ 74832/01, § 120, 2010 թվականի դեկտեմբերի 14)՝ Դատարանը չի բացառում, որ ենթադրյալ խտրականության որոշ դեպքերում պատասխանող պետությունից կպահանջվի ապացուցել խտրականության մասին փաստարկելի պնդման շինծու լինելը, և եթե նրանք չկարողանան դա անել, ապա Դատարանը, հիմք ընդունելով դա, կարձանագրի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում (տե՛ս վերևում հիշատակված՝ Նաչովան և այլք գործը, § 157, Ստոյկան ընդդեմ Ռումինիայի [Stoica v. Romania], թիվ 42722/02, § 130, 2008 թվականի մարտի 4, և Ադամն ընդդեմ Սլովակիայի [Adam v. Slovakia], թիվ 68066/12, § 91, 2016 թվականի հուլիսի 26)։

բ) Ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

213. Ի սկզբանե Դատարանը նկատում է, որ Հունգարիայի դատարանները Ռ.Ս.-ին դատապարտել են առանձնապես դաժան սպանություն կատարելու և մեկ այլ սպանություն նախապատրաստելու համար. ավելին, այս հանցագործությունների միակ շարժառիթը եղել է իր զոհերի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Ռ.Ս.-ի հանցագործությունների առնչությամբ առկա էթնիկական կանխակարծությունը, այսպիսով, լիովին քննվել է և մանրամասն ներկայացվել է Հունգարիայի դատարանների կողմից, և Դատարանը որևէ պատճառ չի տեսնում այդ եզրակացությունները կասկածի տակ դնելու համար։ Սույն գործով դիմումատուները նույնպես բողոք չեն ներկայացրել Ռ.Ս.-ի հանցագործությունների ռասիստական շարժառիթները չքննելու առնչությամբ։ Իրականում դիմումատուները Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն նշել են, որ զոհերի հայկական էթնիկ ծագումը եղել է ոչ միայն տվյալ հանցագործությունների, այլ նաև Ադրբեջանի իշխանությունների հետագա տարբեր գործողությունների, այդ թվում՝ հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու և նրան փառաբանելու հիմնական պատճառը։ Այս առումով դիմումատուների՝ խտրականության վերաբերյալ բողոքն էապես տարբերվում է խտրականության հիմքով գործադրված բռնության վերաբերյալ այլ գործերում 2-րդ կամ 3-րդ հոդվածների դատավարական հայեցակետի համաձայն, որպես կանոն, բարձրացված բողոքներից (համեմատե՛ք, ի թիվս այլ վճիռների, Լակատոշովան և Լակատոշն ընդդեմ Սլովակիայի [Lakatošová and Lakatoš v. Slovakia], թիվ 655/16, § 65, 2018 թվականի դեկտեմբերի 11, Սիորկանը և այլք ընդդեմ Ռումինիայի [Ciorcan and Others v. Romania], թիվ 29414/09 և 44841/09, § 152, 2015 թվականի հունվարի 27, և վերևում հիշատակված՝ Անգելովայի և Իլևի գործը, § 107)։

214. Դատարանն արդեն իսկ գտել է, որ սույն գործով Ադրբեջանի իշխանությունների գործողություններով խախտվել է 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետը (տե՛ս վերևում՝ 172-րդ պարբերությունը)։ Առերեսվելով դիմումատուների՝ 2-րդ հոդվածի համակցությամբ 14–րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի հետ, ինչպես ձևակերպված է բողոքում, Դատարանի խնդիրն է պարզել՝ արդյոք Ռ.Ս.-ի զոհերի հայկական էթնիկ ծագումը և նրա հանցագործությունների բնույթը դերակատարում ունեցել են Ադրբեջան նրա վերադարձից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներում, թե ոչ։

215. Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ դիմումատուները որպես իրենց պնդման հիմնավորում ներկայացրել են բազմաթիվ կողմնորոշիչ տեղեկություններ։ Նախևառաջ՝ Ռ.Ս.-ին ներում շնորհվել է Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո. գործի նյութերում առկա չէ որևէ բան, որով կմատնանշվեր, որ այդ նպատակով երբևէ ներկայացվել է պաշտոնական դիմում, և ոչինչ չի մատնանշում, որ ներման համար իրականացվել է խորհրդակցության որևէ գործընթաց կամ իրավական ընթացակարգ (տես վերևում՝ 29-րդ պարբերությունը)։ Երկրորդ՝ Ադրբեջան վերադառնալուց կարճ ժամանակ անց Ռ.Ս.-ն ոչ միայն վերականգնվել է զինված ուժերում իր պաշտոնում, այլև հրապարակային արարողությամբ բարձրացվել է նրա զինվորական կոչումը։ Ավելին, նրան տրամադրվել է բնակարան Բաքվում՝ բանտում անցկացրած ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցման հետ միասին (չնայած այն հանգամանքին, որ այս միջոցառումը ներպետական իրավունքով նախատեսված է եղել միայն արդարացված անձանց համար. տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը)։ Ինչպես արդեն նշվել է, Կառավարությունը չի նշել բոլոր այս լրացուցիչ միջոցառումների համար ներպետական իրավական հիմքը (տե՛ս վերևում՝ 169-րդ պարբերությունը), որոնք անշուշտ ընկալվում են որպես Ռ.Ս.-ի գործողությունների համար պարգևատրում (տե՛ս վերևում՝ 172-րդ պարբերությունը)։ Նրանք նաև չեն ներկայացրել նախկինում դատապարտված այլ մարդասպանների որևէ օրինակ, որոնց նախագահական ներում շնորհվելուց հետո ազատ արձակվելուն պես տրամադրվել են համանման օգուտներ։

216. Բացի այդ, Դատարանը հատկապես մտահոգիչ է համարում Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից արված՝ Ռ.Ս.-ին, նրա արարքները և նրա ներումը փառաբանող հայտարարությունները (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։ Այն նաև դատապարտում է այն հանգամանքը, որ այդ հնչեցված հայտարարությունների մեծ մասը եղել է ի աջակցություն այն փաստի, որ Ռ.Ս.-ի հանցագործություններն ուղղված են եղել հայ զինվորների նկատմամբ, դրանցով շնորհավորանքներ են հղել նրան՝ իր կատարած գործողությունների համար, և նրան կոչել են հայրենասեր, օրինակելի անձ և հերոս։

217. Դիմումատուները նաև Դատարանի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում ստեղծվել է «Երախտագիտության նամակներ [Ռ.Ս.-ի] վերաբերյալ» վերտառությամբ էջ, որտեղ անհատները կարող էին իրենց շնորհավորանքները հայտնել նրա ազատ արձակման և ներման կապակցությամբ (տե՛ս վերևում՝ 102-րդ պարբերությունը)։ Այդ նամակների մեծ մասը դեռևս կարելի է տեսնել այդ կայքէջում, որոնք բոլորը նախագահին ուղղված շնորհակալության խոսք են՝ Ռ.Ս.-ին ներելու համար այն հիմքով, որ նրանք համաձայն էին նրա կողմից հայ զոհին սպանելու հանգամանքի հետ։ Չնայած ճիշտ է, որ նախագահը երբեք ոչինչ չի հրապարակել այդ բաժնում, միայն դրա գոյությունը և դրա ստեղծման պատճառը վկայում են այն մասին, որ Ռ.Ս.-ին ներում է շնորհվել, որովհետև նրա հարձակումը կրել է էթնիկ բնույթ, և որ ներում շնորհելը կարող էր ընկալվել որպես Ռ.Ս.-ի գործողությունների օրինականացման և փառաբանման գործընթացում կարևոր քայլ։

218. Հաշվի առնելով վերոնշյալը և չմոռանալով այն հանգամանքը, որ սույն գործը վերաբերում է Կոնվենցիայով երաշխավորված ամենահիմնարար իրավունքներից մեկին, Դատարանը գոհ է այն հանգամանքից, որ դիմումատուները ներկայացրել են բավականաչափ արժանահավատ, հստակ և միմյանց չհակասող ենթադրություններ` առերևույթ համոզիչ ձևով ապացուցելու համար, որ Ռ.Ս.-ի առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները պայմանավորված են եղել ռասայական շարժառիթներով։ Դատարանը հաշվի է առնում «ողջամիտ կասկածից վեր» չափանիշով այդ կանխակալությունն ապացուցելու ընթացքում դիմումատուների առջև ծառացած դժվարությունը, քանի որ այդ փաստերն ամբողջությամբ կամ մեծ մասամբ բացառապես հայտնի են Ադրբեջանի իշխանություններին։ Դատարանը համարում է, որ այսպիսով, հաշվի առնելով սույն գործի կոնկրետ հանգամանքները, պատասխանող Կառավարությունը պարտավոր էր ապացուցել դիմումատուների կողմից խտրականության մասին փաստարկելի պնդումների շինծու լինելը (տե՛ս վերևում՝ 212-րդ պարբերությունը)։

219. Ադրբեջանի կառավարությունն իր կողմից փորձել է հիմնավորել իրենց գործողությունները՝ վկայակոչելով այն նույն պատճառները, որոնք նրանք բերել էին Ռ.Ս.-ի ներումը հիմնավորելու համար։ Արդեն իսկ քննության ենթարկելով այդ փաստարկները 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի առնչությամբ դիմումատուների կողմից ներկայացված բողոքի համատեքստում և մերժելով դրանք՝ համարելով ոչ համոզիչ (տե՛ս վերևում՝ 165-168-րդ պարբերություններ), Դատարանը չի տեսնում սույն բողոքի համատեքստում այլ բան վճռելու որևէ պատճառ։

220. Ադրբեջանի կառավարությունը նաև ներկայացրել է պետական պաշտոնատար անձանց կողմից արված երկու հայտարարություն՝ ի հիմնավորումն իրենց այն պնդման, որ Ռ.Ս.-ի նկատմամբ իրենց գործողությունները չեն կրել խտրական բնույթ (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։ Այս փուլում Դատարանը կրկին նշում է, որ սույն գործը ոչ թե վերաբերում է միայն Ռ.Ս.-ի ներմանը, այլև ընդհանուր առմամբ նրան որպես հերոս ընդունելուն, նրան շնորհված տարբեր օգուտներին, ինչպես նաև ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու Ադրբեջանի հասարակության կողմից նրա գործողությունների առնչությամբ հնչեցված միանշանակ հավանությանը (տե՛ս վերևում՝ 169-րդ պարբերությունը)։ Դատարանի կարծիքով՝ Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված երկու հայտարարություններն այդ իսկ պատճառով բավարար չեն դիմումատուների կողմից ներկայացված ծանրակշիռ ապացույցների համակցությունը հերքելու համար, որոնցով ցույց է տրվում է, որ Ռ.Ս.-ի փաստացի անպատժելիությանը հանգեցնող տարբեր միջոցառումները՝ ատելության հիմքով նրա կողմից կատարված չափազանց դաժան հանցագործության փառաբանման զուգակցությամբ, պատճառահետևանքային կապով կապված են իր զոհերի հայկական էթնիկ ծագման հետ։

221. Ելնելով այս հանգամանքներից՝ Դատարանը համարում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի ապացուցել դիմումատուների՝ խտրականության վերաբերյալ փաստարկելի պնդումների շինծու լինելու հանգամանքը։ Հաշվի առնելով սույն գործի հատուկ հանգամանքները՝ Դատարանը հետևաբար համարում է, որ տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 2-րդ հոդվածի համակցությամբ։

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

222. Ի վերջո, դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ երկու պատասխանող կառավարություններն էլ չեն հրապարակել 2016 թվականի հուլիսի 11-ին Դատարանին ուղղված իրենց գրության մեջ պահանջվող փաստաթղթերը։ Նրանք նշել են մասնավորապես Ռ.Ս.-ի ներման մասին նախագահի հրամանը և նախագահի կողմից անցկացված նիստերի արձանագրությունները և Ռ.Ս.-ի առնչությամբ նրա կողմից տրված հանձնարարականներն Ադրբեջանի կողմից չհրապարակելու հանգամանքը։ Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 38-րդ հոդվածը, համաձայն որի՝

«Դատարանը գործը քննության է առնում կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է՝ իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր պայմանավորվող կողմերն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:

223. Ադրբեջանի կառավարությունը վիճարկել է այս պնդումը՝ նշելով, որ Ռ.Ս.-ի ներման որոշումը եղել է հանրամատչելի։ Հունգարիայի կառավարությունն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել։

224. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով ստեղծված՝ անհատական բողոքների համակարգի արդյունավետ գործունեության համար չափազանց կարևոր է, որ պետությունները տրամադրեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գանգատների պատշաճ և արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելու համար (տե՛ս Տանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Tanrıkulu v. Turkey [GC]], թիվ 23763/94, § 70, ՄԻԵԴ 1999-IV, Գայսանովան ընդդեմ Ռուսաստանի [Gaysanova v. Russia], թիվ 62235/09, § 144, 2016 թվականի մայիսի 12, և Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի [Velikova v. Bulgaria], թիվ 41488/98, § 77, ՄԻԵԴ 2000-VI)։ Այս պարտավորությամբ Պայմանավորվող պետություններից պահանջվում է Դատարանին տրամադրել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անկախ այն հանգամանքից, թե այն իրականացնում է փաստահավաք քննություն, թե կատարում է գանգատների քննության հետ կապված իր ընդհանուր պարտավորությունները։ Առանց համոզիչ բացատրության Կառավարության կողմից իրեն հասանելի որևէ այդպիսի տեղեկություն չտրամադրելը կարող է ոչ միայն հանգեցնել դիմումատուների պնդումների հիմնավորվածության վերաբերյալ ենթադրություններ անելուն, այլև կարող է բացասաբար անդրադառնալ պատասխանող պետության կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունների կատարման մակարդակի վրա (տե՛ս Մեդովան ընդդեմ Ռուսաստանի [Medova v. Russia], թիվ 25385/04, § 76, 2009 թվականի հունվարի 15, և Թիմուրթաշն ընդդեմ Թուրքիայի [Timurtaş v. Turkey], թիվ 23531/94, §§ 66 և 70, ՄԻԵԴ 2000-VI)։

225. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նախևառաջ նկատում է, որ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն ներկայացված դիմումատուների բողոքը վերաբերում է դիմումատուների իրավաբանների, այլ ոչ թե Դատարանի կողմից ներկայացված՝ փաստաթղթերի տրամադրման պահանջը պատասխանող կառավարությունների կողմից չկատարելուն։ Այն այնուհետև նշում է, որ Դատարանի՝ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու պահանջի հիման վրա (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը) երկու պատասխանող կառավարություններն էլ համապատասխան ժամկետում ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ Ռ.Ս.-ի վերաբերյալ նախագահական ներման որոշումը։ Հակառակն ապացուցող որևէ փաստարկի բացակայության պայմաններում Դատարանին հայտնի չէ որևէ այլ փաստաթուղթ, որն Ադրբեջանի կամ Հունգարիայի կառավարությունները կարող էին տրամադրել՝ սույն գանգատի պատշաճ և արդյունավետ քննության նպատակով, սակայն չեն տրամադրել։ Ամփոփելով չի կարելի ասել, որ պատասխանող կառավարություններից որևէ մեկը սույն գործով չի համագործակցել Դատարանի հետ։

226. Հետևաբար Դատարանը համարում է, որ սույն գործով Ադրբեջանի կամ Հունգարիայի կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածի չկատարման որևէ դեպք տեղի չի ունեցել։

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

227. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

228. Դիմումատուները չեն պահանջել որևէ վնասի փոխհատուցում, սակայն Դատարանից պահանջել են գործով պատշաճ միջոցառումների սահմանում՝ restitutio in integrum (խախտումից առաջ առկա իրավիճակի հնարավորինս վերականգնում) ապահովելու նպատակով, ներառյալ, օրինակ, ներպետական վարույթի վերաբացմանը համանման միջոցառումները։ Նրանք նշել են, որ սա կարող է ներառել Ռ.Ս.-ի ներման մասին նախագահի 2012 թվականի հրամանի չեղարկումը։

229. Ինչ վերաբերում է ընդհանուր բնույթի միջոցառումներին, ապա դիմումատուները պնդել են, որ գործով ի հայտ են եկել դատապարտյալների փոխանցման առնչությամբ երկու պատասխանող պետությունների իրավունքում և գործելակերպում առկա բազմաթիվ թերություններ, և համապատասխանաբար, նրանք պահանջել են այնպիսի ընդհանուր բնույթի միջոցառումների սահմանում, որոնց արդյունքում նրանցից կպահանջվի վերանայել դատապարտված բանտարկյալների փոխանցման առնչությամբ նրանց օրենսդրությունը և գործելակերպը՝ Կոնվենցիայի հետագա որևէ խախտում կանխելու համար։

230. Ի վերջո, դիմումատուները պահանջել են ընդհանուր բնույթի լրացուցիչ միջոցառումների սահմանում՝ ուղղված Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից իր այն բազմաթիվ զեկույցներում Ադրբեջանի առնչությամբ արված առաջարկությունների կատարմանը, որոնցում տեղ են գտել հայերի մասով բազմաթիվ խտրական քաղաքականություններ և գործելակերպեր։

231. Հաշվի առնելով սույն գործի բոլոր հանգամանքները և դիմումատուների հստակ ցանկությունները՝ Դատարանն այս մասով չի կայացնում նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշում։

232. Ինչ վերաբերում է Դատարանին ուղղված դիմումատուների պահանջին, որ այն Ադրբեջանի նկատմամբ սահմանի որոշակի միջոցառումներ, Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում արձանագրած վճռով պատասխանող պետության համար սահմանվում է իրավական պարտավորություն՝ Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո ընտրելու ընդհանուր բնույթի և (կամ) անհրաժեշտության դեպքում անհատական միջոցառումներ, որոնք պետք է ընդունվեն իր ներպետական իրավակարգում՝ Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և հետևանքները հնարավորինս վերացնելու նպատակով։ Պատասխանող պետությունը սկզբունքորեն ազատ է ընտրելու այն միջոցները, որոնցով այն կկատարի Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր իրավական պարտավորությունը՝ պայմանով, որ այդ միջոցները համատեղելի են Դատարանի վճռում սահմանված եզրակացությունների հետ (տե՛ս, ի թիվս վերջին վճիռների, Չովիչն ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի [Čović v. Bosnia and Herzegovina], թիվ 61287/12, § 43, 2017 թվականի հոկտեմբերի 3, և դրանում հիշատակված գործերը)։ Վճռի կատարման եղանակի մասով այս հայեցողությունն արտացոլում է երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ապահովելու մասով Պայմանավորվող պետությունների՝ Կոնվենցիայով սահմանված առաջնային պարտավորությունից բխող՝ ընտրություն կատարելու ազատությունը (տե՛ս Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia [GC]], թիվ 71503/01, § 202, ՄԻԵԴ 2004‑II)։

233. Ելնելով սույն գործի կոնկրետ հանգամանքներից՝ Դատարանը պատշաճ չի համարում նշել Ադրբեջանի առնչությամբ ընդհանուր բնույթի կամ անհատական միջոցառումների սահմանման անհրաժեշտությունը։

Բ. Ծախսերը և ծախքերը

234. Դիմումատուները պահանջել են 15,143.33 ֆունտ ստերլինգ՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Այս գումարով պետք է վճարվի դիմումատուների՝ Լոնդոնում գործող երկու իրավաբանների կատարած մոտ քառասունհինգժամյա աշխատանքը՝ 150 ֆունտ ստերլինգ ժամավճարի դրույքաչափով, և Երևանում գործող նրանց երկու իրավաբանների կատարած մոտ յոթանասունժամյա աշխատանքը՝ 100 եվրո ժամավճարի դրույքաչափով, ներառյալ` թարգմանությունները և գրասենյակային ծախսերը։

235. Ադրբեջանի կառավարությունը վիճարկել է այս պահանջները՝ համարելով դրանք չափազանցված։

236. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում hաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել պահանջվող ամբողջ գումարը՝ որպես Դատարանի վարույթում [կրած ծախսերի ու ծախքերի] հատուցում։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

237. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝

1. Միաձայն վճռում է, որ երկրորդ դիմումատուի իրավահաջորդներն ունեն նրա փոխարեն գանգատի քննությունը շարունակելու իրավունք.

2. Միաձայն հայտարարում է գանգատն ընդունելի.

3. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով, տեղի չի ունեցել.

4. Միաձայն վճռում է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով.

5. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ Հունգարիայի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով, տեղի չի ունեցել.

6. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 2-րդ հոդվածի համակցությամբ.

7. Միաձայն վճռում է, որ պատասխանող կառավարություններից որևէ մեկի կողմից տեղի չի ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի չկատարման որևէ դեպք.

8. Միաձայն վճռում է, որ՝

ա) Ադրբեջանը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է ծախսերի և ծախքերի դիմաց դիմումատուներին միասին վճարի 15,143.33 ֆունտ ստերլինգ (տասնհինգ հազար մեկ հարյուր քառասուներեք ֆունտ ստերլինգ և երեսուներեք պենս)՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի մայիսի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Մարիալենա Ցիրլի Գաննա Յուդկիվսկա

Քարտուղար Նախագահ

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում է դատավոր Պինտո դե Ալբուկերկեի առանձին կարծիքը։

Գ.Յ.

Մ.Ց.

ԴԱՏԱՎՈՐ ՊԻՆՏՈ ԴԵ ԱԼԲՈՒԿԵՐԿԵԻ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

1. Ես համակարծիք եմ մեծամասնության հետ՝ երկու հիմնական վերապահումով։ Առաջին վերապահումը վերաբերում է այն հանգամանքին, որ վճռում եզրահանգում է արվել, որ Ադրբեջանի կողմից տեղի չի ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով։ Իմ երկրորդ վերապահումը վերաբերում է այն հանգամանքին, որ մեծամասնությունը գտել է, որ Հունգարիայի կողմից տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական խախտում։

Ա. Ադրբեջանի պարտավորությունը՝ համաձայն 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի

2. Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտման վերաբերյալ իմ փաստարկի հիմքը կազմում են երկու ակնհայտ խնդիր։ Նախևառաջ՝ Ադրբեջանը, համաձայն գործի նյութերում արձանագրված փաստական հանգամանքների, բավարարել է Միջազգային իրավունքի հանձնաժողովի՝ «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին» հոդվածների նախագծի (Պետության պատասխանատվության մասին ՄԻՀ-ի հոդվածների նախագիծ) 11-րդ հոդվածով սահմանված պահանջները՝ ճանաչելով և ընդունելով Ռ.Ս.-ի վարքագիծը որպես իր սեփականը։ Երկրորդ՝ Ադրբեջանն անօրինականորեն ներում է շնորհել այն դեպքում, երբ պետք է զերծ մնար այդպես վարվելուց՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։ Այլ կերպ ասած՝ սույն գործով պահանջվում է պատշաճ ձևով հաշվի առնել միջազգային հանրային իրավունքի տեսությունը և մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական պառլամենտի հեղինակավոր մեկնաբանությունները։

1. Ադրբեջանի կողմից Ռ.Ս.-ի վարքագծի ճանաչումը և ընդունումը որպես իր սեփականը

3. Ինչ վերաբերում է Պետության պատասխանատվության մասին ՄԻՀ-ի հոդվածների նախագծի 11-րդ հոդվածին, պետք է նախևառաջ նշել, որ դրանում արտացոլվում է միջազգային սովորութային իրավունքը.2։ Համաձայն այդ հոդվածի՝ պետությունը կարող է պատասխանատվության ենթարկվել մասնավոր անձի կողմից կատարված արարքների համար, եթե այն ճանաչել և ընդունել է այդ անձի վարքագիծը որպես իր սեփականը.3։ Իրան-ԱՄՆ պահանջների վերաբերյալ գործով Տրիբունալն արձանագրել է, որ «որևէ արարք պետությանը վերագրելու համար անհրաժեշտ [էր] ողջամիտ որոշակիությամբ նույնացնել դերակատարներին և պետության հետ նրանց կապը» [ընդգծումն ավելացված է].4։

4. Ռ.Ս.-ի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի նպատակն է եղել վերացնել նրա նախկին դատապարտման բացասական հետևանքները։ Հիմք ընդունելով հաստատված փաստերը՝ Ռ.Ս.-ի համար ապահովվել են ուղղիչ միջոցառումներ այնքանով, որ Ադրբեջանը Ռ.Ս.-ին վերաբերվել է որպես անօրինականորեն քրեական հետապնդման ենթարկված՝ դատապարտված անձի։ Ադրբեջանի կողմից կատարված ամենատիպիկ արարքներից մեկը, որով արտացոլվում է այն հանգամանքը, որ նրանք նրա վարքագիծը համարել են իրավաչափ, եղել է Հունգարիայի բանտում անցկացրած ժամանակահատվածի համար նրա աշխատավարձի փոխհատուցումը։ Ընդհանուր առմամբ հետին թվով վճարվել է ութ տարվա աշխատավարձ։ Նույնիսկ մեծամասնությունն է hայտնում այն կարծիքը, որ «վերոգրյալը, ընդհանուր առմամբ, ցույց է տալիս, որ Ռ.Ս.-ին վերաբերվել են որպես անմեղ կամ անօրինականորեն դատապարտված անձի, և նրան շնորհվել են օգուտներ, որոնք թերևս չունեն ներպետական իրավունքով նախատեսված իրավական հիմք».5։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված այս գործողություններն անկասկած դուրս են գալիս հավանության արժանացնող կամ հովանավորություն արտահայտող հայտարարությունների շրջանակներից։ Աշխատավարձի վճարումն Ադրբեջան պետության կողմից ձեռնարկված դրական գործողություն է՝ նպատակ ունենալով փոխհատուցելու Ռ.Ս.-ին՝ Հունգարիայում իր պատշաճ և օրինական պատիժը կրելու ժամանակահատվածի համար։

5. Բացի աշխատավարձի փոխհատուցումից՝ Ռ.Ս.-ն դարձել է այլ ուղղիչ միջոցառումների շահառու, որոնց միջոցով Ադրբեջանն արդյունավետորեն փորձել է չեղարկել նրա նախկին դատապարտումը։ Ռ.Ս.-ի ներկայությունը զինված ուժերում կրկին ողջունվել է, և նրան իսկապես շնորհվել է ավելի բարձր զինվորական կոչում։

6. Ադրբեջանի՝ Ռ.Ս.-ի վարքագիծն իրավաչափ ներկայացնելու նրանց նպատակն արտացոլող գործողություններից բացի՝ կարելի է նաև նկատել, որ Ադրբեջանն օգտագործել է ճանաչված և ընդունված վարքագիծը՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար.6։ Ադրբեջանն անշուշտ քաղաքական առումով օգտագործել է Ռ.Ս.-ի արարքները և նրան հայտարարել է ազգային հերոս, որով Ադրբեջանի կառավարությունը ցույց է տվել, թե ինչ վարքագիծ է նրան անհրաժեշտ՝ պարգևատրելու համար։

Ադրբեջանը, այսպիսով, շարունակել է գովաբանել Ռ.Ս.-ին որպես ազգային հերոս, օրինակելի անձ և հայրենասեր, որը պաշտպանել է իր երկրի պատիվը։ Նույնիսկ եթե Ադրբեջանը պնդել է, որ այն ուղղակիորեն հավանության չի արժանացրել Ռ.Ս.-ի կողմից կատարված հրեշավոր հանցագործությունը, Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններից ակնհայտ է դառնում, որ այն հանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերել նրա արարքների նկատմամբ և նույնիսկ փառաբանել է դրանք։ Դրա համար ֆորմալ հիմք կարող է համարվել Ռ.Ս.-ին իր զինվորական պաշտոնում վերականգնելը և անշուշտ նրա առաջխաղացումը։ Ռ.Ս.-ն այսպիսով ունի պետական գործառույթներ կատարելու հնարավորություն, որը, հաշվի առնելով նախկինում Ռ.Ս.-ի կողմից հրեշավոր հանցագործություն կատարելու հանգամանքը, կարող է միայն հիմնավորվել, եթե ենթադրենք, որ Ադրբեջանն այս հանցագործությունը դիտարկում է որպես գովելի, պարգևատրման արժանի, իրավաչափ արարք, և այնպիսի արարք, որն այնքան էլ կոպիտ անարգանք չէ կամ չի համապատասխանում որպես զինվորական սպա Ռ.Ս.-ի պաշտոնական կարգավիճակին։ Եթե դա այդպես չէ, ապա Ադրբեջանը պետք է դատապարտեր Ռ.Ս.-ի վարքագիծը և իր ազգային իրավունքի համաձայն շարունակեր Հունգարիայում Ռ.Ս.-ի կրած պատժի կատարումը։

7. Ադրբեջանն այնուհետև օգտագործել է Ռ.Ս.-ի գործողությունները՝ խրախուսելով հանրությանը՝ Ադրբեջանի նախագահի կայքում բացված՝ «Երախտագիտության նամակներ Ռ.Ս.-ի վերաբերյալ» վերտառությամբ հատուկ էջով շնորհավորել նրան և հայտնել իրենց աջակցությունը։ Արդյունքում, մեծաթիվ նամակներով աջակցություն է հայտնվել Ռ.Ս.-ի գործողությունների նկատմամբ և շնորհակալություն է հայտնվել նախագահին՝ նրան ներում շնորհելու համար։ Ինչպես մեծամասնությունն է ընդունել, «[չ]նայած ճիշտ է, որ նախագահը երբեք ոչինչ չի հրապարակել այդ բաժնում, միայն դրա գոյությունը և դրա ստեղծման պատճառը վկայում են այն մասին, որ Ռ.Ս.-ին ներում է շնորհվել, որովհետև նրա հարձակումը կրել է էթնիկ բնույթ, և որ ներում շնորհելը կարող էր ընկալվել որպես Ռ.Ս.-ի գործողությունների օրինականացման և փառաբանման գործընթացում կարևոր քայլ».7։

8. Մեծամասնությունը նաև այն կարծիքն է հայտնում, որ «դիմումատուների կողմից ներկայացված ծանրակշիռ ապացույցների համակցությամբ … ցույց է տրվ[ել], որ Ռ.Ս.-ի փաստացի անպատժելիությանը հանգեցնող տարբեր միջոցառումները՝ ատելության հիմքով նրա կողմից կատարված չափազանց դաժան հանցագործության փառաբանման զուգակցությամբ, պատճառահետևանքային կապով կապված են իր զոհերի հայկական էթնիկ ծագման հետ».8։ Այդ հայտարարություններով արտացոլվում է զգալի անհամապատասխանություն այն մասով, որ մեծամասնությունը գտնում է, որ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի դատավարական խախտում՝ միաժամանակ չընդունելով 2-րդ հոդվածի ակնհայտ նյութաիրավական խախտումը։ Մի կողմից մեծամասնությունն ընդունում է, որ Ադրբեջանը Ռ.Ս.-ին վերաբերվել է որպես անմեղ կամ անօրինականորեն դատապարտված անձի.9 և նույնիսկ օրինականացրել և փառաբանել է նրա գործողությունները.10, բայց մյուս կողմից նրանք հրաժարվում են այս եզրահանգումն ընդունել որպես Պետության պատասխանատվության մասին ՄԻՀ-ի հոդվածների նախագծի 11-րդ հոդվածի կիրառման հիմք։ Սա իմ ըմբռնումից վեր է։

9. Իսկապես, Պետության պատասխանատվության մասին ՄԻՀ-ի հոդվածների նախագծի վերաբերյալ մեկնաբանության մեջ տարբերակվում է երկու եղանակ, որով կարելի է սահմանել, որ պետությունը կոնկրետ վարքագիծը ճանաչում և ընդունում է որպես իր սեփականը։ Կամ, ինչպես Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործում, դա կարող է արտացոլվել ակնհայտ վարքագծով կամ, այլ դեպքում, «դա կարող է բխեցվել տվյալ պետության վարքագծից».11։ Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից քննվող գործում՝ Դատախազն ընդդեմ Դրագան Նիկոլիչի (Սաշիցյան ճամբար) [Prosecutor v. Dragan Nikolic (“Sušica Camp”)], Դատական պալատը Պետության պատասխանատվության մասին ՄԻՀ-ի հոդվածների նախագիծը վկայակոչել է «որպես ընդհանուր իրավական ուղղորդում այնքանով, որքանով դրանք կարող են օգտակար լինել տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար».12։ Տրիբունալը պետք է որոշեր, թե արդյոք ԲՀԿՈՒ-ին և Դատախազին պետք է դիտարկել «որպես [ամբաստանյալի]՝ Բոսնիային պատահական (նույնիսկ ոչ կանոնավոր) փոխանցման հանգամանքից պարզապես պասիվ օգտվող անձինք»՝ ի տարբերություն անօրինական վարքագիծը որպես իր սեփականը «ընդունելու» կամ «ճանաչելու» հանգամանքի».13։ Ի տարբերություն անհատի արարքի ակտիվ «ճանաչման» և «ընդունման»՝ «պարզապես օգտվող անձի» այս տարբերակմամբ էլ ավելի է հստակեցվում այն շեմը, որը պետք է գերազանցել, որպեսզի պատասխանատվությունը սահմանվի Պետության պատասխանատվության մասին ՄԻՀ-ի հոդվածների նախագծի 11-րդ հոդվածի համաձայն։ Դատախազն ընդդեմ Դրագան Նիկոլիչի գործով Դատական պալատը եզրակացրել է, որ ԲՀԿՈՒ-ն և դատախազությունն անձին ձերբակալելու և կալանավորելու հարցում իսկապես գործել են իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան և եղել են անօրինական վարքագծից «պարզապես օգտվող անձինք».14։

10. Ի հակադրություն վերոնշյալի՝ Ադրբեջանի իշխանությունները Ռ.Ս.-ի պատահական փոխանցումից «պարզապես օգտվող անձինք» չեն, այլ փորձել են ապահովել այդ փոխանցումը բոլոր քաղաքական ու իրավական միջոցներով և փոխանցված անձին նույնիսկ շնորհել են ազգային հերոսի կոչում։ Սույն գործում Ադրբեջանն ուղղակիորեն չի պնդում, որ ճանաչել կամ ընդունել է Ռ.Ս.-ի արարքները որպես իր սեփականը, սակայն փաստերից պարզ է դառնում, որ այն գործել է այնպես, որ կարելի է ենթադրություններ անել այդպիսի ճանաչման և ընդունման առնչությամբ։ Սակայն պատասխանող պետության միջազգային պատասխանատվության առումով ավելի շատ բան կա ավելացնելու։

2. Ադրբեջանի կողմից Ռ.Ս.-ին ներում շնորհելը

11. Համաձայն միջազգային իրավունքի՝ վաղուց ընդունվել է այն փաստը, որ վիճարկելի մասնավոր վարքագիծը պետության կողմից հավանության արժանանալու հանգամանքի մասին եզրակացնել կարելի է՝ ելնելով իրավախախտին ներում շնորհելու հանգամանքից, «երբ այդ ներման արդյունքում տուժած կողմն ակամա զրկվում է հատուցման բոլոր միջոցներից».15։ Ճիշտ է, որ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության համար ներում շնորհելն արգելված չէ միջազգային իրավունքով։ Ներում շնորհելու հնարավորության օգտագործումը, սակայն կարող է սահմանափակված լինել՝ հաշվի առնելով մյուս միջազգային պարտավորությունները, որոնք պետությունը պետք է կատարի։ Սույն գործի համար կարևոր նշանակություն ունեցող երկու պարտավորություններն են քրեական հետապնդում իրականացնելու պարտավորությունը և պատիժը կատարելու պարտավորությունը։

12. Սույն վճռի 61-րդ պարբերության մեջ մեծամասնությունը գտնում է հետևյալը՝

«...Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ նախագահական ներումը ոչ թե նորմատիվ իրավական ակտ է, այլ պետության ղեկավարի հայեցողական լիազորության վրա հիմնված որոշում։ Բացի պնդելը, որ դիմումատուները կարող էին փորձել հասնել նրան, որ իրենց գործը քններ Սահմանադրական դատարանը, Կառավարությունը չի ներկայացրել ներպետական որոշման գեթ մեկ օրինակ, որում դեպքերի այդպիսի զարգացումը հաջող է եղել։ Հետևաբար Դատարանը մերժում է այս մասով Կառավարության առարկությունը»:

Մեծամասնությունը նաև ուշադրությամբ նկատում է, որ երբեք չի ներկայացվել ներման պաշտոնական դիմում, ոչ էլ ներում շնորհելու նպատակով ձեռնարկվել է որևէ խորհրդակցության գործընթաց կամ իրավական ընթացակարգ.16։

13. Դիմումատուների կողմից իրենց գործը վերանայման ներկայացնելու հնարավորության առկայության մասին Ադրբեջանի պարզաբանումն այդ իսկ պատճառով համոզիչ չի եղել մեծամասնության համար։ Մեծամասնությունն այնուհետև դիտարկում է Ռ.Ս.-ին անմիջապես ազատ արձակելու պատճառները և գտնում է, որ ո՛չ Հունգարիայում իրականացված քրեական վարույթի անարդարացիությունը, ո՛չ էլ Ռ.Ս.-ի անձնական պատմությունը և մտավոր խնդիրները չէին կարող «բավարար լինել արտերկրում ատելության հողի վրա կատարված լուրջ հանցագործության համար իր քաղաքացիներից մեկի նկատմամբ սահմանված պատիժն Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելը հիմնավորելու համար».17։ Պարզ ձևակերպմամբ՝ մեծամասնությունը նույնիսկ նշում է, որ «Ադրբեջանի գործողությունների հետևանքով ըստ էության Ռ.Ս.-ի համար ապահովվել է անպատժելիություն՝ իր հայ զոհերի նկատմամբ կատարված հանցագործության համար».18։

14. Այս փաստարկներով, ըստ իս, պետք է արտացոլվի այն հանգամանքը, որ Ադրբեջանն անօրինական ձևով է օգտագործել նախագաhի՝ ներում շնորհելու լիազորությունը։ Այս կարծիքն այնուհետև հիմնավորվում է ԵԽԽՎ-ի հեղինակավոր մեկնաբանությամբ, որը մինչև Ռ.Ս.-ի արարքների կատարումը և դրանից հետո Ադրբեջանին նրա փոխանցումը Փոխանցման մասին կոնվենցիայի վերաբերյալ հրապարակել է բանաձև։ ԵԽԽՎ-ի կողմից Փոխանցման մասին կոնվենցիայի մեկնաբանությունը պետք էր հաշվի առնել, երբ Ռ.Ս.-ի փոխանցումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը ստորագրել է ներումը, սակայն այդպես չի եղել։ Ընդհակառակը, այն ուղղակիորեն անտեսվել է Ադրբեջանի պետության ղեկավարի և նրա օգնականների կողմից։ Ծանր հանցագործություն կատարելու համար Ռ.Ս.-ի նկատմամբ օրինականորեն սահմանված պատժի չեղարկման հետևանքով դիմումատուները փաստացի զրկվել են հատուցման որևէ միջոցից, եթե օգտագործենք վերոնշյալ Քաթսվորթի և Փաուելի գործում տեղ գտած ձևակերպումը.19։

15. Ընդ որում, ԵԽԽՎ-ն իր 1527(2001) հանձնարարականի մեջ կրկին նշել է, որ «վերոնշյալ պատճառներով Վեհաժողովն առաջարկում է, որ Նախարարների կոմիտեն՝ ... հստակորեն [նշի], որ Կոնվենցիան նախատեսված չէ բանտարկյալներին իրենց հայրենի երկիր վերադառնալուն պես անհապաղ ազատ արձակելու համար օգտագործվելու նպատակով» (9.3(բ) պարբերություն), փաստ, որը մեծամասնությունն ընդունել է նաև իրենց եզրահանգման մեջ.20։ Ավելին, մեծամասնությունը նաև հղում է կատարում ԵԽԽՎ-ի 2022 (2014) բանաձևին, որում եզրակացվում է. «...նախագահական ներումը, ըստ ամենայնի, շնորհվել է որպես ազգային ատելությամբ հրահրված՝ [զոհի] սպանության համար պարգևատրում։ Դրանով ոչ թե ենթադրվում է ներում, այլ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործության փառաբանում».21։

ԵԽԽՎ-ի 2001 թվականի հանձնարարականն այնուհետև հիմնավորվել է Խորհրդարանական վեհաժողովի 2014 թվականի բանաձևով, որում այն եզրակացրել է, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելով՝ Ադրբեջանը խախտել է բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքները.22։ Ուշագրավ է, որ Խորհրդարանական վեհաժողովը չի խուսափում ներումը դատապարտելուց, որը, համաձայն ընդհանուր միջազգային իրավունքի, կարող է շնորհվել յուրաքանչյուր առանձին պետության հայեցողությամբ։ Բացի այդ, այն փորձել է սահմանափակել ներման օրինական օգտագործումն այն դեպքերում, երբ կոնկրետ միջազգային պարտավորություն, ինչպես օրինակ՝ բարեխղճության և օրենքի գերակայության պահպանման սկզբունքները, որոնք Եվրոպայի խորհրդի արժեքների հիմնական առանձնահատկություններն են, կարող է խախտվել։

Համանման ձևով Եվրոպական պառլամենտն այն դիրքորոշումն է հայտնել, որ Ռ.Ս.-ին ներում շնորհելով Ադրբեջանը գործել է անբարեխղճորեն։ Այն նշել է, որ չնայած ընդհանուր առմամբ ներում շնորհելն իրավաչափ է, սույն գործում «այն [հակասում է] այդ միջազգային համաձայնագրի ոգուն».23։ Մեծամասնությունը համանման ձևով հղում է կատարել Պառլամենտի բանաձևին, երբ ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ավելի զգուշավոր լինեին Ռ.Ս.-ին ընդունելիս համարժեք արձագանք տալու հարցում՝ հաշվի առնելով նրա կողմից էթնիկ ծագման հիմքով կատարված չափազանց լուրջ հանցագործությունները.24։ Չնայած այս եզրահանգումներին՝ մեծամասնությունը խուսափել է ներումը որպես միջազգային իրավունքի համաձայն խախտում ճանաչելուց։

16. Այդ իսկ պատճառով, թերևս առկա է նկատելի անհամապատասխանություն մեծամասնության դիտարկումների և դատավարական խախտման մասով եզրահանգումների միջև՝ միաժամանակ գտնելով, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով։ Մեծամասնությունն ակնհայտորեն իր դժգոհությունն է հայտնում Ադրբեջանի գործելակերպի առումով՝ հաշվի առնելով դրա՝ Հունգարիայի դատարանի կողմից սահմանված պատիժը կատարելու միջազգային պարտավորությունը, սակայն չի կատարում այն դատապարտելու վերջնական քայլը։

17. Հաշվի առնելով մեծամասնության կողմից ճանաչված՝ Փոխանցման մասին կոնվենցիայի՝ արդարադատության իրականացումը խթանելու և դատապարտյալների սոցիալական վերականգնման նպատակը.25՝ ինձ համար անհասկանալի է, թե Ադրբեջանն ինչու չի կարող դատապարտվել սույն գործով օրինական, վերջնական պատիժը կատարելու մասով իր միջազգային պարտավորությունները չկատարելու համար։

18. ԵԽԽՎ-ի 2001 թվականի հանձնարարականի ընդհանուր ազդեցությամբ, միաժամանակ թե՛ 2012 և թե՛ 2014 թվականների բանաձևերում նրա կողմից Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ և մեծամասնության կողմից այս հեղինակավոր մեկնաբանությունների ընդունմամբ պայմանավորված՝ ես հանգում եմ այն եզրակացության, որ Ադրբեջանը, հիմք ընդունելով միջազգային իրավունքը, պետք է պատասխանատվության ենթարկվի անօրինական ներում շնորհելու համար։

19. Ի վերջո, ես կցանկանայի անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Դատարան) դատական պրակտիկային։ Դատարանը բազմիցս պնդել է իր այն դիրքորոշումը, որ «Կոնվենցիան նախատեսված է ոչ թե տեսական կամ հորինված իրավունքները, այլ գործնական և փաստացի իրավունքները երաշխավորելու համար».26։ Ընդ որում, այն պարբերաբար նշել է, որ «Կոնվենցիայով նախատեսված իրավունքները սահմանելիս հաճախ պետք է չսահմանափակվել միայն արտաքին կողմով և պետք է ուշադրությունը կենտրոնացնել օբյեկտիվ իրականության վրա».27։

Այժմ ներկայացված հավաստի փաստերը, որոնցով արտացոլվում է այն հանգամանքը, թե ինչպես է Ադրբեջանն ակտիվ քայլեր ձեռնարկել Ռ.Ս.-ին ներում շնորհելու և ցանկացած պատիժ չեղյալ ճանաչելու, Ռ.Ս.-ին փոխհատուցելու և իսկապես նրա դիրքը բարձրացնելու և ազգային հերոս դարձնելու ուղղությամբ, կազմում են «օբյեկտիվ իրականությունը», որոնք, ըստ իս, չեն կարող չընկալվել որպես անհատի վարքագիծը որպես իր սեփականը ճանաչելու և ընդունելու միջոցով պետության կողմից դրան հովանավորում։ Սա ակնհայտորեն պետք է դատապարտվի միջազգային իրավունքի համաձայն։ Հետևաբար պետք է եզրակացնել, որ պետությունը Ռ.Ս.-ի հանցավոր վարքագիծը միանշանակ ընկալել և ընդունել է որպես իր սեփականն այն պահից սկսած, երբ վերացրել է նրա նկատմամբ սաhմանված պատժի հետևանքները։ Չնայած այլ իրավիճակում օգտագործված լինելու հանգամանքին՝ Պոջիոլիի գործով արբիտրի խոսքերը կարելի է մտաբերել այստեղ. Ադրբեջանի պետության իշխանությունները «այնքան էին մոռացության մատնել իրենց պարտականությունները», որ նրանք չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները, և հետևաբար նրանց արարքները ոչ թե եղել են «կանոնակարգված պետության արարքներ, այլ, ավելի շուտ, տվյալ պահին կառավարության որոշ գերատեսչություններ պատշաճ ձևով չեն իրականացրել իրենց գործառույթները».28։ Սույն գործի լրջությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում գործառույթները չկատարող «կառավարության գերատեսչությունները» եղել են պետության ամենաբարձր մակարդակի գերատեսչությունները։

Բ. Հունգարիայի պարտավորությունը՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի

20. Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեծամասնությունը գտել է, որ Հունգարիայի կողմից տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորության խախտում, ապա ես կցանկանայի նշել երեք պատճառ, որոնք ստիպել են ինձ հանգել հակառակ եզրակացության։

Նախևառաջ՝ Հունգարիան իմացել է Ռ.Ս.-ին ներում շնորհվելու հավանականության մասին։ Ռ.Ս.-ին ազատ արձակելուց կարճ ժամանակ անց տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Վիկտոր Օրբանին հարց է ուղղվել Ռ.Ս.-ի վերաբերյալ և նա նշել է հետևյալը.

«Այս առնչությամբ ամբողջ կառավարությունն աշխատել է համատեղ ... Յուրաքանչյուր նախարարություն ներկայացրել է իր կարծիքը, Արդարադատության նախարարությունը՝ իրավական մասով, և Արտաքին գործերի նախարարությունը՝ դիվանագիտական հետևանքների մասով։ ... Արտաքին գործերի նախարարությունը հստակ կանխատեսել է, թե ինչ հետևանքներ այս կամ այն որոշումը կարող է ունենալ։ Մեր որոշումից հետո տեղի չի ունեցել որևէ բան, որը մենք չէինք հաշվարկել նախապես».29։

Սա հայտնի փաստ է, որը չպետք է անտեսվեր մեծամասնության կողմից՝ հաշվի առնելով Դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև միջազգային դատական պրակտիկան, որում դատավորներն օգտագործում են հանրահայտ և հանրամատչելի փաստերը՝ գործի նյութերի շրջանակից դուրս փաստերի վերաբերյալ իրատեսական պատկերացում կազմելու նպատակով.30: Այս դեպքում նույնպես չափազանց կարևոր է, որ Դատարանը չանտեսի իրականությունը, քանի որ նախագահ Օրբանի փաստարկներն իսկապես ուշագրավ են։ Նա ոչ միայն նշել է Ռ.Ս.-ի փոխանցման գործընթացին իր մասնակցությունը, որում, որպես կանոն, ներգրավված է լինում Արդարադատության նախարարությունը՝ որպես դատապարտյալներին փոխանցելու համար իրավասու մարմին, այլև նա անկեղծորեն այն կարծիքն է հայտնել, որ նրանց համար իրականում անակնկալ չի եղել Ռ.Ս.-ի փոխանցման ելքը։ Սա հետևաբար ցույց է տալիս, որ Հունգարիան պատրաստակամ էր առերեսվելու այն ռիսկերին, որոնք ի հայտ կգան Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելու դեպքում։

21. Երկրորդ՝ նույնիսկ եթե պայմանականորեն ընդունենք, որ Հունգարիան իսկապես անտեղյակ է եղել Ռ.Ս.-ին Ադրբեջանի բանտ տեղափոխելուց հետո իրադարձությունների զարգացման ընթացքից, այն պետք է գիտենար Փոխանցման մասին կոնվենցիայի բովանդակությունը, որով ուղղակիորեն սահմանվում է 12-րդ հոդվածով ներում շնորհելու հնարավորությունը։ Փոխանցման ենթակա այնպիսի թեկնածուի համար, ինչպիսին է Ռ.Ս.-ն, ներման իրավական հնարավորությունը պետք է պարտավորեցներ Հունգարիային չափազանց աչալուրջ լինել փոխանցման վերաբերյալ Ադրբեջանի դիմումն ընդունելու մասով։ Այս կարծիքն է հայտնել նաև Հունգարիայի հիմնարար իրավունքների հարցերով հանձնակատարը, որը, արձագանքելով Ռ.Ս.-ի փոխանցմանը, հրապարակել է զեկույց, որում նշել է հետևյալը.

«Ըստ իս՝ Հունգարիայի կառավարությունն այնքան էլ շրջահայաց չի գտնվել, երբ Ադրբեջանից չի պահանջել Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված համաներում չշնորհելու կամ առանց Հունգարիայի գիտության համաներում չշնորհելու որևէ երաշխիք։ ... Առանց այդպիսի շրջահայացության Հունգարիայի հանրությունը փոխանցումը հաստատելու մասին որոշումը կարող է համարել որպես անբարեխղճորեն կայացված որոշում».31:

Հանգելով այս եզրակացությանը՝ Հանձնակատարը նաև հաշվի է առել այն հանգամանքը, որ Ռ.Ս.-ի փաստացի փոխանցումը հաստատվել է մինչև Ադրբեջանի կողմից որևէ երաշխիք տրամադրելը.32։ Հունգարիայի հանձնակատարի եզրակացության մեջ նաև արտացոլվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կարծիքը։ Վերջինս «Կոնվենցիայի կողմ պետություններին առաջարկել է, որ անհրաժեշտության դեպքում Դատապարտող և Կատարող պետությունները ձեռք բերեն հատուկ պայմանավորվածություններ՝ Կոնվենցիայով նախատեսված փոխանցման համաձայնագրի հավելվածի ձևով, որում կհստակեցվեն փոխադարձ ակնկալիքները, և կնախատեսվեն Կատարող պետության կողմից պատշաճ երաշխիքներ».33։

22. Երրորդ՝ Հունգարիան պետք է ավելի շատ զգուշավորություն ցուցաբերեր Ադրբեջանից ոչ ֆորմալ երաշխիքներ ստանալու հարցում, մասնավորապես այն դեպքում, երբ գործ ուներ այնպիսի զգայուն, քաղաքականապես ծանրաբեռնված գործի հետ, ինչպիսին սույն գործն է։ Ադրբեջանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից տրված ոչ ֆորմալ երաշխիքի մեջ ուղղակիորեն նշվում է, որ Ռ.Ս.-ի հետ կվարվեն Փոխանցման մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով, ինչը ենթադրում է, որ պատիժը չի փոխարկվի։ Ձևակերպումը հետևյալն է. «արտերկրում դատապարտված բանտարկյալի փոխանցման դեպքում պատժի կատարումը կշարունակվի Ադրբեջանում՝ առանց պատժի որևէ «փոխարկման»».34։ Ապա նշել է, որ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող՝ դատապարտված անձի պատիժը կարող է միայն փոխարինվել կոնկրետ ժամկետով ազատազրկմամբ, և որ դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել միայն ազատազրկման ձևով իր պատժի առնվազն 25 տարին կրելուց հետո.35։ Կարևոր է նկատել այդ հայտարարության մանրուքները։ Ադրբեջանի արդարադատության նախարարի տեղակալը չի նշել, որ Ռ.Ս.-ն կենթարկվի ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող՝ դատապարտված անձի համար նախատեսված պատժին, որի դեպքում պայմանական վաղաժամկետ ազատումը հնարավոր է միայն 25 տարի հետո, նա ուղղակի մատնանշել է օրենսդրական դաշտի առկայությունը և չի կիրառել այն Ռ.Ս.-ի գործի նկատմամբ։

23. Մեծամասնությունն այս հանգամանքը նույնպես հաշվի է առնում և կայացնում է որոշում, որ առկա չեն եղել բավականաչափ հստակ փաստեր՝ որոշելու համար, որ Հունգարիան իսկապես գիտեր կամ պետք է իմանար Ռ.Ս.-ի անհապաղ ազատ արձակման մասին.36։ Ես կարծում եմ, որ հստակ փաստեր առկա եղել են, և դրանք չեն կարող անտեսվել։ 2004 թվականին հանցագործության կատարումից անմիջապես հետո հայտարարություններ են հնչեցվել այնպիսի պաշտոնատար անձանց կողմից, ինչպիսիք են Ադրբեջանի օմբուդսմենը, Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը և դեսպանն ու Խորհրդարանի անդամները, որոնք դրական են արտահայտվել Ռ.Ս.-ի մասին և գովել են նրա հայրենասիրությունը։ Հունգարիան նույնպես տեղյակ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերություններից և հետևաբար կարող էր եզրակացնել Ադրբեջանի կառավարության համար Ռ.Ս.-ի կարևոր նշանակության մասին, ինչն ընդունում է մեծամասնությունը.37։ Ի վերջո, Ադրբեջանի կողմից տրամադրված երաշխավորագրերը պետք է ենթարկվեին մանրամասն վերլուծության։ Հունգարիայի կառավարությունը պետք է թերահավատությամբ վերաբերվեր այդպիսի վերացական հայտարարությանը և, հաշվի առնելով Ռ.Ս.-ի գործի հետ կապված բոլոր հանգամանքները, առնվազն պետք է Ադրբեջանից պահանջեր դիվանագիտական երաշխիքներ։ Փոխարենը, Հունգարիան նախընտրել է գիտակցաբար անտեսել այն նշանները, որ Ռ.Ս.-ն՝ Էթնիկ ծագման և կրոնական հողի վրա կատարված «առանձնապես դաժան».38 հանցագործության համար դատապարտված մարդասպանը, ազատ կարձակվի։

Գ. Եզրակացություն

24. Վերոնշյալ փաստարկների հիման վրա ես անխուսափելիորեն հանգում եմ այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով, ինչպես նաև Հունգարիայի կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով։ Հաշվի առնելով սույն գործով դիտարկվող իրավական հարցերի չափազանց մեծ կարևորությունը և նոր լինելը, ինչպես նաև փաստերի հայտնի լինելու հանգամանքը, «ատելության հողի վրա առանձնապես դաժան հանցագործությունը».39 ներելու հանգամանքը և դրանում ներգրավված անձանց, մասնավորապես՝ Հունգարիայի վարչապետը և պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի նախագահը, պաշտպանության նախարարը և արդարադատության նախարարը.40, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործի արդյունքում «բարձրացվում են Կոնվենցիայի կատարմանն առնչվող՝ ընդհանուր բնույթի հարցեր».41, ես չեմ կարող չակնկալել, որ սույն ողբերգական գործը հետագայում կներկայացվի Մեծ պալատի քննությանը։ Լիահույս եմ, որ օրերից մի օր դիմումատուների համար կհաստատվի լիակատար արդարադատություն։

________________________________

.1 Տեքստը, ինչպես ներկայացվել է դիմումատուների կողմից, վերաբերում է «ազատագրմանը»։

.2 Տե՛ս, օրինակ, Նոբլ Վենչրս, Ինք.-ն ընդդեմ Ռումինիայի [Noble Ventures, Inc. v. Romania], Որոշում, ՆՎԿՄԿ գործ թիվ ARB/01/11, 2005 թվականի հոկտեմբերի 12, 69-րդ պարբերություն. «Չնայած սույն Հոդվածների նախագիծը չունի պարտադիր իրավական ուժ, այն լայնորեն համարվում է որպես միջազգային սովորութային իրավունքի կոդիֆիկացում»։

.3 Սույն հոդվածի վերաբերյալ ներածական տեղեկատվության համար տե՛ս Օլիվյե դե Ֆրուվիլ, «Վերագրում. Մասնավոր անհատներ», Ջեյմս Քրոուֆորդի եւ այլոց աշխատությունում, Միջազգային պատասխանատվության իրավունք, Օքսֆորդ, Օքսֆորդ համալսարանի հրատարակչություն, էջ 273-275։

.4 Քեննեթ Պ. Յեգերն ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության [Kenneth P. Yeager v. The Islamic Republic of Iran], Իրան-ԱՄՆ Պ.Ք.Տ., Հատոր 17, էջ 92, 101–102 էջերում (1987 թվական)։

.5 Տե՛ս վճռի 170-րդ պարբերությունը։

.6 Տե՛ս վճռի 25-րդ պարբերությունը։

.7 Տե՛ս վճռի 217-րդ պարբերությունը։

.8 Տե՛ս վճռի 220-րդ պարբերությունը։

.9 Տե՛ս վճռի 170-րդ պարբերությունը։

.10 Տե՛ս վճռի 217-րդ պարբերությունը։

.11 ՄԱԿ-ի օրենսդրական շարք, Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին նյութեր, ST/LEG/SER.B/25, 94-րդ էջում (2012 թվական)։

.12 Դատախազն ընդդեմ Դրագան Նիկոլիչի (Սաշիցյան ճամբար), II Դատական պալատ, «Տրիբունալի կողմից իրավազորության իրականացումը վիճարկող՝ պաշտպանության կողմի միջնորդության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 9-ի որոշում [IT-94-2-PT], § 61։

.13 Նույն տեղում, § 66։

.14 Նույն տեղում, § 67։

.15 Քոթսվորթի եւ Պաուելի գործով Բրիտանա-կոլումբիական խառը հանձնաժողովի 1875 թվականի նոյեմբերի 5-ի որոշում, հիշատակված է Ռ. Ագոյի աշխատության մեջ, Պետության պատասխանատվության մասին 4-րդ զեկույց, ՄԻՀ-ի 1972 թվականի տարեգիրք, II հատոր, 101 (7-րդ պարբերություն)։ Տե՛ս նաեւ Պոջիոլիի գործով Իտալա-վենեսուելյան հանձնաժողովի որոշումը Միջազգային արբիտրաժի որոշումների զեկույցներում, X հատոր, (1903 թվական), էջ 669-692, որով Վենեսուելան պատասխանատու է ճանաչվել օտարերկրացու գույքին պատճառված վնասի համար, քանի որ այն թույլատրել է անձամբ նրա նկատմամբ լուրջ իրավախախտումների կատարում, իսկ իրավախախտները, չնայած նրանց ինքնությունը հայտնի լինելու հանգամանքին, մնացել են անպատիժ։

.16 Տե՛ս վճռի 215-րդ պարբերությունը։

.17 Տե՛ս վճռի 168-րդ պարբերությունը։

.18 Տե՛ս վճռի 172-րդ պարբերությունը։

.19 Վերեւում հիշատակված՝ 14-րդ տողատակի ծանոթագրություն։

.20 Տե՛ս վճռի 162-րդ պարբերությունը։

.21 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ««Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումով օգտագործումը կանխելուն ուղղված միջոցառումների մասին» 2022 (2014) բանաձեւ (ԵՊՇ թիվ 112), 2014 թվականի նոյեմբերի 18։

.22 Նույնը։

.23 Տե՛ս վճռի 42-րդ պարբերությունը (Բանաձեւի 3-րդ կետ)։

.24 Տե՛ս վճռի 163-րդ պարբերությունը։

.25 Տե՛ս վճռի 162-րդ պարբերությունը։

.26 Էյրին ընդդեմ Իռլանդիայի [Airey v. Ireland], թիվ 6289/73, § 24, 1979 թվականի հոկտեմբերի 9։

.27 Տե՛ս, inter alia, Դվորսկին ընդդեմ Խորվաթիայի [Dvorski v. Croatia], թիվ 25703/11, § 82, ՄԻԵԴ 2015, Էրկապիչն ընդդեմ Խորվաթիայի [Erkapić v. Croatia], թիվ 51198, §§ 80‑82, 2013 թվականի ապրիլի 25, իսկ ինչ վերաբերում է առավել հին գործերին, Դե Յոնգը, Բալյեն եւ Վան դեն Բրինկն ընդդեմ Նիդեռլանդների [De Jong, Baljet and Van den Brink v. the Netherlands], 1984 թվականի մայիսի 22, § 48, շարք Ա, թիվ 77, եւ Դելկուրն ընդդեմ Բելգիայի [Delcourt v. Belgium], 1970 թվականի հունվարի 17, § 31, շարք Ա, թիվ 11։

.28 Պոջիոլիի գործով Իտալա-վենեսուելյան հանձնաժողովի որոշումը Միջազգային արբիտրաժի որոշումների զեկույցներում, X հատոր (1903 թվական), էջ 689։

.29 Ռութերս, 2012 թվականի սեպտեմբերի 11, տե՛ս https://www.reuters.com/article/us-hungary-azerbaijan/hungary-handed-over-azeri-killer-aware-of-backlash-risks-pm-idUSBRE88A10020120911 (վերջին անգամ դիտարկվել է 2020 թվականի մարտի 16-ին)։

.30 Տե՛ս, օրինակ, Ավոթինսն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Avotins v. Latvia [GC]], թիվ 17502/07, §§ 68 եւ 122, 2016 թվականի մայիսի 23, Ալ Համդանին ընդդեմ Բոսնիա եւ Հերցեգովինայի [Al Hamdani v. Bosnia and Herzegovina], թիվ 31098/10, § 47, 2012 թվականի փետրվարի 7, եւ Ջաբարին ընդդեմ Թուրքիայի [Jabari v. Turkey], թիվ 40035/98, § 44, ՄԻԵԴ 2000-VIII, որում Դատարանը «առանց ապացույցների ընդունել է Իրանում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ վերջին հետազոտությունները»։ Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը «հայտնի փաստերի» տեսությունը գործածել է Վելասքես Ռոդրիգեսն ընդդեմ Հոնդուրասի գործում (Ըստ էության քննություն, 1988 թվական) [Velasquez Rodriguez v. Honduras (Merits, 1988)], § 146, հղում կատարելով լրագրերին եւ նշելով, որ «դրանցից շատերը պարունակում են հանրամատչելի եւ հանրահայտ փաստեր, որոնք որպես այդպիսին ապացուցման կարիք չունեն»։ Ինչ վերաբերում է ներպետական իրավունքին արված հղումներին՝ տե՛ս Լամլին ընդդեմ Գայայի [Lumley v. Gye] հիմնարար գործը (1853 թվական) 2 Ե եւ Բ 216. «Պարտադիր չէ, որ դատարանում դատավորներն անտեղյակ լինեն այն ամենից, ինչ հայտնի է դատարանից դուրս ցանկացած անձի ...». Չափանիշը հետեւյալն է՝ «եթե փաստերն այնքան հայտնի են, որ դրանց համար ապացույց պահանջելը կհակասեր դատավորների առողջ բանականությանը եւ կլիներ դատարանի արժանապատվության համար վիրավորանք, ապա դրանք ընդունվում են առանց ապացույցի»։

.31 Տե՛ս Պրոֆ., Դոկ. Սզաբո Մատե, AJB-7085/2012 գործի վերաբերյալ Հիմնարար իրավունքների հարցերով հանձնակատարի զեկույցը, 5-րդ էջում (07-12-2012)։

.32 Նույն տեղում, 2-րդ էջում։

.33 Տե՛ս ԵԽԽՎ-ի 2014 թվականի բանաձեւը, վերեւում գտնվող 2-րդ ծանոթագրություն։

.34 Տե՛ս վճռի 19-րդ պարբերությունը (շեղատառերն իմ կողմից են)։

.35 Տե՛ս վճռի 34-րդ պարբերությունը։

.36 Տե՛ս վճռի 196-րդ պարբերությունը. «Չնայած պետք է ընդունել, որ Ադրբեջանի իշխանությունների պատասխանը եղել է թերի եւ շարադրված է եղել ընդհանուր ձեւով, ինչն էլ իր հերթին կարող էր կասկած առաջացնել Ռ.Ս.-ի ազատազրկման ձեւով պատժի կատարման եղանակի առնչությամբ եւ ստիպել նրանց ձեռնարկել լրացուցիչ գործողություններ, ինչպես եզրակացրել է Հունգարիայի հիմնարար իրավունքների հարցերով հանձնակատարը»։

.37 Տե՛ս վճռի 163-րդ պարբերությունը։

.38 Տե՛ս վճռի 213-րդ պարբերությունը։

.39 Տե՛ս վճռի 220-րդ պարբերությունը։

.40 Տե՛ս վճռի 19-21-րդ պարբերությունները։

.41 Տե՛ս վճռի 72-րդ պարբերությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։