Հոդված 22. Վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը և տեղեկություններին ներկայացվող պահանջները
Հոդված 22. Վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը և տեղեկություններին ներկայացվող պահանջները
1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպման դեպքում կազմակերպիչը՝
1) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և թողարկված՝ վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները՝ ըստ համարների, սերիաների, քանակի, և մարված տոմսերի վերաբերյալ տեղեկանքը.
2) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո՝ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և շահած տոմսերի տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, և շահումային ֆոնդի չափը:
2. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպիչը՝
1) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը և շահող տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.
2) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և իրացված տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի, և շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:
4. Վիճակախաղի կազմակերպիչը խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետների ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին է ներկայացնում տեղեկատվություն չպահանջված (չստացված) շահումների մասին:
5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանում է Վերահսկող մարմնի ղեկավարը: Վերահսկող մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել վիճակախաղի գործունեության հետ կապված այլ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման պահանջներ: