Հոդված 8
Հոդված 8
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքները դրվում և հանվում են Միության մաքսային տարածքում, ինչպես նաև Միության մաքսային տարածքից դուրս:
Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքները դնելու և հանելու տեղերը, նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) և դնելուն (հանելուն) ներկա անձինք, Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելուն (հանելուն) առնչվող գործողությունները և դրանց կատարման կարգը, ներառյալ՝ սույն համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետում նշված և (կամ) 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման, այդպիսի փաստաթղթերի (տեղեկությունների) պահպանման կարգը, ինչպես նաև նախկինում գրանցված տեղեկատվության ոչնչացման (ջնջման) կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից, և եթե դա նախատեսված է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ:
2. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կարող են կիրառվել Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրված նավիգացիոն կապարակնիքները, որոնք գրանցված են ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում և բավարարում են Հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջները՝ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:
3. Մեկ նավիգացիոն կապարակնիքն օգտագործվում է անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի նկատմամբ ընթացքի (փոխադրման) ամբողջ ուղու ընթացքում՝ մինչև անդամ պետություններից մեկի տարածքում մատակարարման վայրը (սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդից չորրորդ պարբերություններում նշված փոխադրումների դեպքում) կամ մինչև Միության մաքսային տարածքից հետագծման օբյեկտի արտահանման վայրը (սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի հինգերորդ և վեցերորդ պարբերություններում նշված փոխադրումների դեպքում):
4. Նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումն ու ապաակտիվացումն իրականացվում են ազգային օպերատորի կողմից, իսկ այն դեպքում, երբ նավիգացիոն այդ կապարակնիքը կիրառվում է հսկող մարմնի որոշմամբ՝ այդ հսկող մարմնի թույլտվությամբ:
Այն դեպքում, երբ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքն այն անդամ պետության փոխարեն, որի տարածքում սկսվում է այդպիսի փոխադրման հետագծումը, ապա հսկող մարմինների ու ազգային օպերատորների՝ նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: