Հոդված 17. Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով
Հոդված 17. Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով
(վերնագիրը փոփ. 08.10.02 ՀՕ-423-Ն)
Պետական գույքը համարվում է մրցույթով մասնավորեցվող, եթե պետական գույքը մասնավորեցվում է նախօրոք սահմանված պայմաններին առավելագույն չափով բավարարող առաջարկ ներկայացրած մասնակցին:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթը կարող է իրականացվել մասնակիցների նախնական որակավորմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետևյալ պայմանները`
ա) գինը.
բ) ներդրումների չափը.
գ) սոցիալական երաշխիքները.
դ) ծառայությունների մատուցման սակագները, եթե մասնավորեցվում է օրենքով կամ այլ իրավական ակտով լիցենզավորվող գործունեություն իրականացնող ընկերության պետական բաժնեմասը.
ե) սույն հոդվածի «ա» և «դ» կետերում նշված պայմանների կամ դրանց մի մասի նախօրոք սահմանված համամասնություններով կազմված համախումբը.
զ) այլ պայմաններ:
Պետական գույքի մրցույթով մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել մրցութային հանձնաժողով, սահմանվել դրա կազմը և իրավասությունները:
Մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում` կոմիտեն իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ, եթե դա նախատեսված է մրցույթով պետական գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն` մրցույթն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում առաջարկներն առավելագույն չափով են բավարարում ներկայացված պահանջները:
Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում` կոմիտեն իրավասու է մրցույթի նախապատրաստվելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություններ:
Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ համարվել:
Եթե մրցույթը առաջարկների բացակայության պատճառով սահմանված ժամկետում չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին որոշելու, մրցույթը համարվում է չկայացած:
(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-303-Ն)