Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 17.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 17.1. Ծառայության ծառայողի վարձատրությունը և ատեստավորումը

1. Ծառայության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ նաև կադրերի տրամադրության տակ գտնվողը) ունի վարձատրության իրավունք:

2. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

3. Ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Ատեստավորման՝ սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա:

4. Ատեստավորումն անցկացվում է վարչապետի՝ ատեստավորման կարգը սահմանող որոշմամբ նախատեսված հանձնաժողովի (հանձնաժողովների) կողմից:

5. Ծառայության ծառայողները ատեստավորմանը մասնակցում են կամավոր:

6. Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողները (այդ թվում՝ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք) ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո։

7. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:

8. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել կարգապահական տույժը հանվելուց հետո:

9. Ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնող, ատեստավորված և սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարը վճարվում է երկու տարի ժամկետով: Հավելավճարի վճարումը շարունակելու նպատակով ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ:

10. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

11. Կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

12. Ատեստավորման համար դիմած ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

13. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

14. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

15. Այն ծառայողը, որի վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, հավելավճար հաշվարկելու նպատակով նոր ատեստավորում անցնելու համար կարող է դիմել «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացության կայացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:

16. Ատեստավորվող ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ատեստավորվող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ բողոքարկելու դատական կարգով:

17. Ատեստավորումն անցկացվում է ծառայության պետի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան:

18. Ծառայողին ցածր պաշտոնի (բացառությամբ կարգապահական տույժ ստանալու հետևանքով) կամ հավասար պաշտոնի նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են, և նա շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:

19. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողը մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:

20. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:

21. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրվանից:

22. Ծառայության ծառայողներին սույն հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ ծառայության պետի հրամանով կարող են սահմանվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:

23. Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։