Հոդված 235. ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 235. ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը և պահանջում հանձնել այն: Այդ պահանջը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում գույքի վրա կալանքը դրվում է հարկադիր կարգով:
2. Քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելն իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
3. Գույքի վրա կալանք դնելիս հնարավորության դեպքում ներգրավվում է մասնագետ-ապրանքագետ, որը որոշում է դրա մոտավոր արժեքը:
4. Գույքի վրա կալանք դնելուն ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետողն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին որ արժեքների կամ այլ առարկաների վրա է անհրաժեշտ կալանք դնել` ապահովելու համար որոշման մեջ նշված գումարները:
5. Հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գույքի վրա կալանք դնելու մասին կազմում է արձանագրություն, իսկ հարկադիր կատարողը` օրենքով նախատեսված այլ փաստաթուղթ: Արձանագրության մեջ (փաստաթղթում) մասնավորապես թվարկվում է ամբողջ գույքը, որի վրա կալանք է դրված` ճշգրիտ նշելով անվանումը, քանակը, քաշը, մաշվածության աստիճանը, այլ անհատական հատկանիշները, հնարավորության դեպքում` արժեքը, նշվում է, թե ինչպիսի գույք է վերցված և ինչպիսին թողնված պահպանության, շարադրվում է կալանադրված գույքը` այլ անձանց պատկանելու մասին ներկաների հայտարարությունները:
6. Համապատասխան արձանագրության (փաստաթղթի) պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին, որի վրա կալանք է դրված, իսկ նրա բացակայության դեպքում` նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տարածքում գտնվող գույքի վրա կալանք դնելիս համապատասխան արձանագրության (փաստաթղթի) պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրանց ներկայացուցչին: