Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-27-ից մինչև 2021-08-28։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ

գործել է մինչև 2021-08-28Բացել ARLIS-ում

Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ

1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.

6) անցել են վաղեմության ժամկետները.

7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

1.1. Սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելը հիմք է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշմամբ:

2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

3. Դատախազը, քննիչը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատախազն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել նաև գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչև դատական նիստում գործի քննությունն սկսվելը:

4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ:

(35-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-129-Ն, 23.05.11 ՀՕ-145-Ն, փոփ., լրաց. 01.11.18 ՀՕ-415-Ն)

(35-րդ հոդվածի 2-րդ մասի «...իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 30.03.2010 ՍԴՈ-871 որոշմամբ)

(35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր 04.09.19 ՍԴՈ-1476 որոշմամբ:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։