Հոդված 375.19. Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները
Հոդված 375.19. Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները
1. Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ՝ հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց:
2. Հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե՝
1) մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով.
2) չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար.
3) մեղադրյալն անչափահաս է.
4) մեղադրյալն արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:
3. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահից քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները: