Հոդված 497. Տարանցիկ փոխադրման թույլտվությունը
Հոդված 497. Տարանցիկ փոխադրման թույլտվությունը
1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ իրավական օգնություն ցույց տվող օտարերկրյա պետության իրավասու մարմնի գրավոր միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը լուծում է Հայաստանի Հանրապետության տարածքով այն անձի փոխադրման վերաբերյալ թույլտվության հարցը, որի հանձնմանը համաձայնություն է տվել որևէ երրորդ պետություն։
Տարանցիկ փոխադրման թույլտվության վերաբերյալ միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին խնդրանքը։
2. Տարանցիկ փոխադրման թույլտվության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը միաժամանակ որոշում է փոխադրման եղանակը, որն առավել նպատակահարմար է գտնում (օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով)։
Տարանցիկ փոխադրման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կանգառ կատարելու դեպքում հանձնված անձը պետք է դուրս չգա համապատասխան տրանսպորտային միջոցից, իսկ դուրս գալու անհրաժեշտության դեպքում դա կարող է կատարվել բացառապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակած օպերատիվ խմբի վերահսկողությամբ և ժամկետով։
3. Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ փոխադրման համար թույլտվությունը կարող է մերժել, եթե՝
1) Հայաստանի Հանրապետության օրենքով հանցագործություն չի համարվում այն արարքը, որի համար խնդրվում է անձի հանձնումը.
2) հանձնման ենթակա անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
Տարանցումը չի թույլատրվում այն երկիր, որտեղ հանձնման ենթակա անձի կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ խոշտանգումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի, ազգային կամ ռասայական պատկանելության, կրոնի, քաղաքացիական կամ քաղաքական հայացքների պատճառով։
(497-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)