Հոդված 51. Ընդդատության մասին վեճերը
Հոդված 51. Ընդդատության մասին վեճերը
(վերնագիրը խմբ. 09.02.22 ՀՕ-28-Ն)
1. Գործն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում այն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
2. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
3. Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացնում առաջին ատյանի դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը։
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ընդդատությունը։
6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:
7. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:
(51-րդ հոդվածը խմբ. 09.02.22 ՀՕ-28-Ն)
(հոդվածն առաջին ատյանի դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում 09.02.22 ՀՕ-28-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, առաջին ատյանի և վարչական դատարանների միջև ընդդատության վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի նշանակման պահից, իսկ առաջին ատյանի և հակակոռուպցիոն դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից:)
(09.02.22 ՀՕ-28-Ն օրենքն ունի անցումային դրույթ)