Հոդված 315. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 315. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատական նիստերում վարվում է արձանագրություն:
2. Արձանագրությունը կարող է լինել ձեռագիր կամ մեքենագիր կամ պատրաստվել համակարգչային եղանակով:
3. Դատական նիստի արձանագրության մեջ պարտադիր նշվում են նիստի վայրն ու թվականը` նրա սկսվելու և ավարտվելու ժամանակի նշումով, քննվող գործը, դատարանի անվանումն ու կազմը, քարտուղարը, թարգմանիչը, մեղադրողը, պաշտպանը, ամբաստանյալը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները, դատարանի կողմից կանչված այլ անձինք, եթե նրանք ներկա են, ամբաստանյալի անձին վերաբերող տվյալները և խափանման միջոցը, դատարանի գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել, գործին մասնակցող անձանց հայտարարություններն ու միջնորդությունները, դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, հիշատակություն` որոշումները խորհրդակցական սենյակում կայացված լինելու մասին, գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը, ցուցմունքների բովանդակությունը, փորձագետին տրված հարցերը և նրա պատասխանները, ապացույցներ հավաքելու ուղղությամբ դատական նիստում կատարված զննությունների և այլ գործողությունների արդյունքները, այն փաստերի նշումը, որոնց մասին գործին մասնակցող անձինք միջնորդել են հավաստագրել արձանագրության մեջ, դատական վիճաբանությունների և ամբաստանյալի վերջին խոսքի համառոտ բովանդակությունը, նշում` դատավճռի հրապարակման և դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին: Բացի դրանից, արձանագրությունում նշվում է դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին:
4. Դատական նիստի արձանագրությունը պետք է կազմվի դատական նիստում, պատրաստվի և ստորագրվի նախագահողի և դատական նիստի քարտուղարի կողմից` դատական նիստի ավարտից հետո` 5 օրում:
5. Նախագահողը պարտավոր է կողմերին հնարավորություն ընձեռել ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը:
6. Կողմերը, ինչպես նաև դատական նիստում հարցաքննված անձն իրավունք ունեն միջնորդել ծանոթանալու արձանագրությունում իրենց ցուցմունքների գրառմանը: Այսպիսի հնարավորություն պետք է տրվի ոչ ուշ, քան միջնորդությունը հարուցելու հաջորդ օրը: