Հոդված 228. ԱՌԳՐԱՎՈՒՄ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 228. ԱՌԳՐԱՎՈՒՄ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Քննիչն իրավունք ունի մուտք գործել բնակելի կամ այլ շինություն` խուզարկություն կամ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա: Բանկային, նոտարական, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:
2. Խուզարկություն կամ առգրավում կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ծանոթացնել որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:
3. Խուզարկություն կատարելիս քննիչը կամ մասնագետը կարող է օգտագործել տեխնիկական միջոցներ, որի մասին նշվում է խուզարկության արձանագրության մեջ:
4. Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակվեն առգրավման և խուզարկության փաստը, ինչպես նաև դրանց արդյունքները և խուզարկվողի մասնավոր կյանքի հանգամանքները:
5. Քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ` մինչև քննչական գործողության ավարտը:
6. Առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Եթե որոնվող առարկաները որոշման մեջ նշված տեղում չեն հայտնաբերվում, ապա քննիչի որոշմամբ կարող է կատարվել խուզարկություն, բացառությամբ սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ մասով և սույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, երբ խուզարկությունը կարող է կատարվել միայն դատարանի որոշման հիման վրա:
7. Խուզարկություն կատարելիս որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը կամ թաքնված անձին: Եթե դրանք հանձնվում են կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Որոնվող առարկաների, փաստաթղթերի կամ թաքնված անձի չհանձնվելու կամ ոչ ամբողջությամբ հանձնվելու դեպքում կատարվում է խուզարկություն:
8. Վերցված բոլոր առարկաները և փաստաթղթերը ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում քննիչի կնիքով:
9. Խուզարկություն և առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացել փակված շինություններն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացել դրանք: Ընդ որում, պետք է խուսափել փականքները, դռները և այլ առարկաներն առանց անհրաժեշտության վնասելուց:
(228-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-28-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, 21.06.14 ՀՕ-115-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-69-Ն)