Հոդված 98. Քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց պաշտպանությունը
Հոդված 98. Քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց պաշտպանությունը
(վերնագիրը լրաց. 09.06.17 ՀՕ-101-Ն)
1. Քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:
Սույն գլխում «մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:
2. Քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի (սույն գլխում այսուհետ` պաշտպանվող անձ) պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:
4. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:
5. Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու սույն օրենսգրքով սահմանված կարգով։
6. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:
7. Ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ղեկավարը համապատասխանաբար ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժը կրող անձի պաշտպանության համար կարող է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմին՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:
(98-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-101-Ն)