Հոդված 375.1. Համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքը
Հոդված 375.1. Համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքը
1. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդության հիման վրա:
2. Ամբաստանյալը համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:
3. Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը կարող է փոխել համաձայնեցման վարույթի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելիս իր հայտնած դիրքորոշումը:
4. Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝
1) ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ․
2) ամբաստանյալը չունի պաշտպան, կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.
3) ամբաստանյալը չի գիտակցում միջնորդության բնույթը կամ դրա հետևանքները.
4) առերևույթ հիմնավորվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ կամավոր, այդ թվում՝ խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության կամ սպառնալիքի կամ ոչ իրավաչափ խոստման ազդեցությամբ.
5) վարույթում ներգրավված մի քանի ամբաստանյալներից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.
6) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է մեղադրողը.
7) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը։