Հոդված 427. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ՆՐԱ Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒՄԸ
Հոդված 427. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ՆՐԱ Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒՄԸ
1. Առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վերաքննիչ բողոք բերվելու դեպքում դատական որոշումը, եթե այն չի բեկանված, օրինական ուժի մեջ է մտնում դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:
3. Ամբաստանյալի արդարացման կամ նրան պատժից ազատելու մասին որոշումը կատարման է հանձնում դատավճիռ կայացրած դատարանը: Այս դեպքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալն անմիջապես ազատվում է դատական նիստերի դահլիճից` որոշումը հրապարակելուց հետո:
4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով` կալանքից ազատվում է նաև այն ամբաստանյալը, որը դատապարտվել է առանց նրա նկատմամբ պատիժ նշանակելու կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատժի, ազատազրկման դատապարտվել է պայմանական կամ դատավճռի կատարման հետաձգմամբ կամ այն ժամկետով, որը չի գերազանցում ձերբակալման կամ խափանման միջոց կիրառելու հետևանքով կամ տվյալ գործով վճռաբեկության կարգով փոխված որոշման ուժով տվյալ անձի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: