Անցնել բովանդակությանը

Հոդված 76

գործել է մինչև 2024-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 76

Մրցակցության ընդհանուր կանոնները

1. Արգելվում է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից այնպիսի գործողությունների (անգործության) իրականացումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցությունն արգելելուն, սահմանափակելուն, վերացնելուն և (կամ) այլ անձանց շահերը ոտնահարելուն, այդ թվում՝ հետևյալ գործողությունները (անգործությունը)՝

1) ապրանքի բարձր կամ ցածր մենաշնորհային գին սահմանելը, պահպանելը,

2) ապրանքը շրջանառությունից հանելը, եթե դրա արդյունքում ապրանքի գինը բարձրացել է,

3) կոնտրագենտին պայմանագրի՝ իր համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը,

4) ապրանքի արտադրությունը տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված կրճատելը կամ դադարեցնելը, եթե այդ ապրանքը պահանջարկ ունի կամ դրա մատակարարման համար պատվերներ են տրվել՝ դրա շահութաբեր արտադրության հնարավորության առկայության դեպքում, ինչպես նաև եթե ապրանքի արտադրության այդպիսի կրճատումը կամ դադարեցումն ուղղակիորեն նախատեսված չէ սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով,

5) առանձին գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության կամ մատակարարման հնարավորության առկայության դեպքում՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները,

6) միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված տարբեր գներ (սակագներ) սահմանելը, խտրական պայմաններ ստեղծելը՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները,

7) այլ տնտեսավարող սուբյեկտների համար ապրանքային շուկայի հասանելիության ապահովման կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելը։

2. Չի թույլատրվում անբարեխիղճ մրցակցություն, այդ թվում՝

1) կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկություններ տարածելը, որոնց պատճառով տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կարող է կրել կորուստներ, կամ որոնք կարող են վնաս հասցնել նրա գործարար համբավին,

2) ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ մոլորության մեջ գցելը,

3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ոչ կոռեկտ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների և այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջև։

3. Մեկ ապրանքային շուկայում գործող, մրցակից հանդիսացող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այնպիսի համաձայնությունների կնքումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել՝

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների սահմանմանը կամ պահպանմանը,

2) աճուրդի ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը,

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի,

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը,

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն։

4. Արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնությունների կնքումը՝ բացառությամբ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան թույլատրելի համարվող «ուղղահայաց» համաձայնությունների, եթե՝

1) այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը,

2) այդպիսի համաձայնությամբ նախատեսվում է գնորդի` այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա։

5. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այլ համաձայնություններ՝ բացառությամբ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան թույլատրելի համարվող «ուղղահայաց» համաձայնությունների, եթե սահմանված է, որ այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։

6. Ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է համակարգել անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեությունը, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված ցանկացած հետևանքի, որը չի կարող համարվել թույլատրելի՝ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան։ Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ սահմանելու տնտեսական գործունեության համակարգման նկատմամբ արգելք, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել նաև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հետևանքներին, որոնք չեն կարող թույլատրելի համարվել՝ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան։

7. Հանձնաժողովը, սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով նախատեսված կարգով, կանխում է անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև անդամ պետությունների՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից սույն բաժնով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները, եթե այդպիսի խախտումներն ունեն կամ կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու կամ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա՝ բացառությամբ ֆինանսական շուկաների։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։