Հոդված 104
Հոդված 104
XX բաժնին առնչվող անցումային դրույթներ
1. Միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործմանը և ջերմաէներգետիկական ռեսուրսների միջպետական մատակարարումների օպտիմալացմանը նպաստող՝ Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների մշակումն ապահովելու նպատակներով անդամ պետությունների լիազորված մարմինները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը մշակում և հաստատում են գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների կազմման մեթոդաբանությունը։
2. (կետն ուժը կորցրել է ԵՎՏՄԱՊ 29.05.19 արձանագրություն)
3. (կետն ուժը կորցրել է ԵՎՏՄԱՊ 29.05.19 արձանագրություն)
4. Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նպատակով Բարձրագույն խորհուրդը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կհաստատի հայեցակարգը, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
5. Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտելուն պես անդամ պետությունները Միության շրջանակներում կկնքեն «Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիր, որը կներառի նաև անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիությունն ապահովող կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։
6. Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման նպատակով Բարձրագույն խորհուրդը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կհաստատի հայեցակարգը, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը՝ սահմանելով ծրագրի միջոցառումների իրականացման ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
7. Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի միջոցառումների իրականացումն ավարտելուն պես անդամ պետությունները կկնքեն «Միության՝ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիր, որը կներառի նաև անդամ պետությունների տարածքներում տեղակայված նավթի և նավթամթերքների փոխադրման համակարգերի հասանելիությունն ապահովող միասնական կանոններ, և կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։
8. Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (սույն Պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերին համապատասխան ընդունված ակտերից վերջինն ուժի մեջ մտնելու պահից՝
նշված արձանագրության 43-49-րդ կետերը և դրա հավելվածը կորցնում են ուժը.
նշված արձանագրության 2-րդ կետը, 5-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները, 10-38-րդ կետերը, 39-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերությունները, 40-րդ կետն ուժի մեջ են մտնում:
(8-րդ կետը խմբ. ԵՎՏՄԱՊ 29.05.19 արձանագրություն)
9. «Գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության կանոնների, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 22-րդ հավելված), գործում է մինչև սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։
10. «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների կազմակերպման, կառավարման, գործունեության և զարգացման կարգի մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 23-րդ հավելված) գործում է մինչև սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։