Անցնել բովանդակությանը

Հոդված 42

գործել է մինչև 2024-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 42

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը

1. Միության մաքսային տարածքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից և համարվում են Միության առևտրային քաղաքականության գործիքները:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը կիրառելու հիմնական նպատակներն են՝

1) Միության՝ համաշխարհային տնտեսությանն արդյունավետ ինտեգրման համար պայմանների ապահովումը,

2) Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ապրանքային կառուցվածքի ռացիոնալացումը,

3) Միության մաքսային տարածքում ապրանքների արտահանման և ներմուծման ռացիոնալ հարաբերակցության պահպանումը,

4) Միությունում ապրանքների արտադրության և սպառման կառուցվածքում առաջընթացի ապահովմանն ուղղված փոփոխությունների համար պայմանների ստեղծումը,

5) Միության տնտեսության ճյուղերին օժանդակության տրամադրումը:

3. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի շրջանակներում կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի հետևյալ տեսակները՝

1) ադվալորային՝ հաշվարկվում է հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով,

2) յուրահատուկ՝ հաշվարկվում է ըստ ֆիզիկական հատկանիշների՝ հարկման ենթակա ապրանքների բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ),

3) խառը՝ երբ զուգակցվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված երկու տեսակները:

4. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի չափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման` կախված Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձից, ապրանքների ծագումից (այդ թվում՝ այն դեպքերում, երբ ապրանքի ծագումը հայտնի չէ կամ համարվում է չհաստատված), գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից:

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 35-րդ, 36-րդ և 40-րդ հոդվածների դրույթները, սույն հոդվածի 6-րդ կետի և 43-րդ հոդվածի, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերի դրույթները:

Սույն կետի դրույթները կիրառվում են, նաև այն դեպքում, երբ ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ չի կիրառվում առավել բարենպաստ ռեժիմ` նախատեսված սույն պայմանագրի 34-րդ հոդվածով։

5. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օպերատիվ կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանվել սեզոնային մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել տարվա ընթացքում 6 ամիսը, և որոնք կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի փոխարեն։

6. Միությանն անդամակցած պետությունն իրավունք ունի կիրառելու Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ ապրանքների անվանացանկին և դրույքաչափերին համապատասխան, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից՝ Միությանն այդ անդամ պետության անդամակցության մասին միջազգային պայմանագրի հիման վրա:

Միությանն անդամակցած պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների՝ միայն իր տարածքի սահմաններում օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվել են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերով հետ համեմատած ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր և ձեռնարկել միջոցներ՝ թույլ չտալու համար այլ անդամ պետությունների տարածքում այդպիսի ապրանքների արտահանումը՝ առանց վճարելու Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքները ներմուծելիս վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության չափով ներմուծման մաքսատուրքերը:

(42-րդ հոդվածը խմբ., փոփ. ԵՎՏՄԱՊ 01.10.19 արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։