Անցնել բովանդակությանը

Հոդված 96

գործել է մինչև 2024-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 96

Աշխատանքային միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համագործակցությունը

1. Անդամ պետությունները համագործակցում են՝ Միության շրջանակներում աշխատանքային միգրացիայի կարգավորման ոլորտում քաղաքականությունը համաձայնեցնելու, ինչպես նաև անդամ պետություններում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրման և ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով։

2. Աշխատանքային միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է անդամ պետությունների այն պետական մարմինների փոխգործակցության միջոցով, որոնց իրավասության շրջանակներում են համապատասխան հարցերը։

3. Միության շրջանակներում անդամ պետությունների` աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով`

1) աշխատանքային միգրացիայի ոլորտում ընդհանուր մոտեցումների և սկզբունքների համաձայնեցում,

2) նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,

3) տեղեկությունների փոխանակում,

4) ոչ հավաստի տեղեկությունների տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցների իրականացում,

5) փորձի փոխանակում, ստաժավորումների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների անցկացում,

6) խորհրդատվական մարմինների շրջանակներում համագործակցություն։

4. Միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համաձայնեցմամբ կարող են համագործակցության այլ ձևեր սահմանվել։

5. Սույն բաժնում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

մուտքի պետություն՝ անդամ պետություն, որի տարածք մեկնում է մյուս անդամ պետության քաղաքացին,

մշտական բնակության պետություն՝ անդամ պետություն, որի քաղաքացին է համարվում անդամ պետության աշխատավորը,

աշխատանքի տեղավորման պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում աշխատանքային գործունեություն է իրականացվում,

կրթության մասին փաստաթղթեր՝ կրթության մասին պետական նմուշի փաստաթղթեր, ինչպես նաև կրթության մասին փաստաթղթեր, որոնք ճանաչվում են կրթության մասին պետական փաստաթղթերին համարժեք,

աշխատանքի (ծառայությունների) պատվիրատու՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անդամ պետության աշխատավորին տրամադրում է աշխատանք նրա հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով,

միգրացիոն քարտ (թերթիկ)՝ փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում մյուս անդամ պետության տարածք մուտք գործող անդամ պետության քաղաքացու մասին, և օգտագործվում է նրան հաշվառելու ու մուտքի պետության տարածքում նրա ժամանակավոր գտնվելու ընթացքում հսկողություն իրականացնելու համար,

գործատու՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անդամ պետության աշխատավորին աշխատանք է տրամադրում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով,

սոցիալական ապահովություն (սոցիալական ապահովագրություն)՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրանալու դեպքում պարտադիր ապահովագրություն, արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրություն ու պարտադիր բժշկական ապահովագրություն,

աշխատանքային գործունեություն՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա իրականացվող գործունեություն կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված գործունեություն, որն իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության տարածքում՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան,

անդամ պետության աշխատավոր՝ անդամ պետության քաղաքացի հանդիսացող անձ, որն օրինական հիմքով գտնվում և օրինական հիմքով աշխատանքային գործունեություն է իրականացնում աշխատանքի տեղավորման պետության տարածքում, սակայն այդ պետության քաղաքացին չէ և այդ պետությունում մշտական բնակություն չի հաստատել,

ընտանիքի անդամ՝ անձ, որն ամուսնացած է անդամ պետության աշխատավորի հետ, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող երեխաները և այլ անձինք, որոնք աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան համարվում են ընտանիքի անդամներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։